60-ականների սկզբին խրուշչովյան հալածանքների ժամանակ Մոսկվայում որոշեցին հակաեկեղեցական ներկայացում բեմադրել: Բեմին գինու մառանի դեկորացիաներ պատրաստեցին: Ըստ սցենարի՝ այդ մառանում բազմաթիվ վանականներ, քահանաներ, անառակ կանայք և արատավոր այլ ժողովուրդ էր հավաքվել: Նրանք խմում էին, անկարգություններ անում և աստվածանարգ երգեր երգում: Բոլորը հռհռում էին և պարում այս ու այն կողմ նետված շշերի մեջ: Դրանք շատ էին, և նույնիսկ դեկորացիաները պսակող խաչն էր շշերից պատրաստված:
Ըստ սցենարի՝ այդ ամբոխի մեջ է գալիս «Քրիստոս»: Նա նայում է դիվոտած վանականներին և գոչում. «Հե՜յ դո՛ւք, լսե՛ք, հիմա ես կընթերցեմ «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի՜ սգավորներին…»,- և այդպես կարդում է երեք երանի: Սակայն, տեսնելով, որ ոչ ոք իր վրա ուշադրություն չի դարձնում, հորանջում է և Ավետարանը բարկացած հատակին նետում: «Միայն թե իմանայիք, թե այս ամենը որքա՜ն է ինձ ձանձրացրել: Հապա՛ մի մեծ գավաթ տվե՛ք ինձ»: Նրա համար տակառից գինի են լցնում: «Քրիստոս» մի շնչով դատարկում է գավաթն ու միանում համընդհանուր անզուսպ խրախճանքին…
Պրեմիերային հենց Գլխավոր քարտուղարին՝ Նիկիտա Խրուշչովին և բարձրաստիճան այլ հյուրերի էին սպասում: Երկրի ղեկավարի ցանկությամբ Քրիստոսի դերը պետք է մի երիտասարդ դերասան կատարեր, որը նրա սիրելին էր: Դերասանը, որ մյուսների պես անաստված էր, ուրախությամբ համաձայնեց Քրիստոսի դերը խաղալ: Այդ դերի համար կարող էր պետական մրցանակի արժանանալ: Որպեսզի ամեն ինչ ճշմարտանման լինի, նրա համար իրական Աստվածաշունչ գտան և սկսեցին փորձ անել:
Պրեմիերայի օրը բազմաթիվ պատասխանատու ընկերներ ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եկան թատրոն՝ ներկայացումը դիտելու: Լեփլեցուն դահլիճ: Վարագույրը բարձրանում է և հանդիսատեսին է ներկայանում ծանոթ մառանը: Ահա՛ և վանականները անառակ կանանց հետ, ահա՛ տակառը և շշերից պատրաստված խաչը:
Խրախճանքն իր կիզակետում է: Հայտնվում է «Քրիստոս»: Կանգնում է հանդիսատեսի առջև, բացում Աստվածաշունչն ու սկսում երանիները կարդալ՝ ինչպես որ սցենարով էր նախատեսված: Կարդում է առաջին երանին, երկրորդը, հետո երրորդը, սակայն կանգ չի առնում և շարունակում է ընթերցել…
Սցենարի համաձայն՝ գիրքը վաղուց արդեն պիտի նետված լիներ հատակին, իսկ կարծեցյալ «Քրիստոս» միանար ընդհանուր զվարճանքին: Սակայն, անբացատրելի պատճառով, չի կարողանում ընթերցումն ընդհատել և հմայվածի պես պատվիրանները կարդում է մինչև վերջ: Հետո Մատթեոսի Ավետարանի հինգերորդ գլուխն է ամբողջությամբ կարդում, հետո վեցերորդը…
Հանդիսատեսը կռահում է, որ բեմի վրա ինչ-որ բան այն չէ: Դերասանները դադարեցրել են խեղկատակությունը: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են: Դերասանն ավարտում է Լեռան քարոզի ընթերցումը, խաչակնքվում շշերից պատրաստված խաչի առջև և «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ» ասելով՝ լացակումած հեռանում բեմից: Դահլիճում քար լռություն է:
Մեծ սկանդալ եղավ, սակայն կատարվածի մասին տեղեկությունները հայտնվեցին միայն արևմտյան մամուլում՝ շնորհիվ արգենտինացի լրագրողի, որը ներկա էր ներկայացմանը և ամեն ինչ սեփական աչքերով էր տեսել:
«Չխաբվեք. Աստված չի ծաղրվում» (Գաղ. 6:7):
Տե՛ր, ողորմիր մեզ՝ մեղավորներիս:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը