Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ ամուսինն ու կինն այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիք կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է ծնողների հանդեպ տածել: Ես չեմ ասում, թե ամուսինն ու կինը չպետք է սիրեն իրենց ծնողներին: Ո՛չ: Բայց նրանք նախ պետք է միմյանց հանդեպ մեծ սեր ունենան և (միայն) հետո սիրեն իրենց ծնողներին: Ամուսիններն այնքան ուժգին պետք է սիրեն միմյանց, որպեսզի նրանց սերն ափերից դուրս ելնի: Եվ արդեն ամուսնական սիրո այդ գերդրսևորումից պետք է իրենց ծնողների հանդեպ ողջ հարգանքն ու երախտագիտությունը ցուցաբերեն: Ամուսինների սերը պետք է վեհանձն լինի, այնպես, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրը հնարավորինս շատ հոգ տանի իր կողակցի ծնողների հանդեպ:
Ահա թե ինչը կօգնի, որպեսզի ընտանիքում խաղաղություն ու համերաշխություն տիրի. ամուսինը պետք է իր կնոջն ավելի շատ սիրի՝ քան մորը, և ավելի շատ՝ քան իր մտերիմներից ու հարազատներից որևէ մեկին: Ծնողների նկատմամբ ամուսնու սերը պետք է իր կնոջ միջոցով տարածվի: Իհարկե կինն էլ պետք է նույն կերպ վարվի:
Ես ընտանիքներ գիտեմ, որ ամուսնական կյանքի սկզբում կինն ու ամուսինը խնդիրներ ու անհամաձայնություններ ունեին, որովհետև ամուսիններից մեկն իր մորը չափազանց էր սիրում: Այդ սերը, որ որդին կամ դուստրն ունեն, բարեշնորհությունից է սկսվում՝ մոր հանդեպ մեծագույն երախտագիտության զգացումից: Սակայն հետզհետե, երբ ամուսինները կապվում են միմյանց՝ այդ խնդիրն անհետանում է: Որովհետև, եթե հարսանիքից անմիջապես հետո ամուսիններից մեկը մյուսին այնպիսի սեր նվիրեր, որ կլրացներ մայրական սերը՝ դա ուղղակի անբնական կլիներ:
Եթե ամուսինը հարգում է զոքանչին ու աներոջը, ապա դա նրան պատիվ է բերում, ճիշտ այնպես, ինչպես հարսին է պատիվ բերում սկեսրոջ հանդեպ տածած սերը, որը ծնել է իր ամուսնուն, մեծացրել նրան և այժմ նա իր ամուսինն է, իր ուրախությունը: Եթե ամուսինն ու կինն այդպիսի զգացմունքներ ու մտքեր ունեն՝ այդ ամենը նաև նրանց սեփական երեխաների հոգիներն է մեղմորեն խրատում:
Մինչ որդու ամուսնությունը, մայրը նրա սիրո մեջ բավականին սփոփանք էր գտնում: Բայց տարեցները կրկին մանուկ են դառնում: Որդուն ամուսնացնելուց հետո մայրն իրեն այն ավագ երեխայի պես է զգում, որն իր մոր գրկում նորածին մանուկ է տեսնում: Տե՛ս, թե ինչպես է. եթե մարդն իր կրքերից չազատվի պատանեկության շրջանում, ապա տարիների հետ նրա կամքի ուժը կթուլանա և կրքերն ավելի ուժգին կդառնան: Սակայն հարսը չպետք է վիրավորվի դրանից: Իսկ եթե նա նաև խնամում է իր տարեց սկեսրոջը, ապա թող մի փոքր համբերի, որպեսզի չկորցնի այն վարձքը, որն իր հաշվին է գրվում՝ սկեսրոջ հանդեպ ցուցաբերած այդ հոգատարության համար: Եթե այժմ նա համբերությամբ է հոգ տանում իր սկեսրոջ մասին, ապա հետո, երբ բոլոր վշտերն անցյալում մնան, նա կուրախանա այն բարությամբ, որ արել է:
Բայց իհարկե սկեսուրն էլ սեփական դուստրերի պես պետք է հարսներին սիրի: Իմ հորական տատիկը մորս ավելի շատ էր սիրում, քան հորս: Երբ եղբայրներս ամուսնանում էին, հարևան կանայք, գլուխներն օրորելով, վախեցնում էին մորս. «Այ հիմա կհավաքվե՜ն հարսիկները…»: Իսկ մայրս պատասխանում էր. «Ինչո՞ւ եք այդպես ասում: Սկեսուրս ինձ իր աղջկանից շատ էր սիրում: Ուրեմն ես ինչո՞ւ չպետք է իմ հարսներին սիրեմ»: Եվ իսկապես, նա նրանց իր դստրերի պես էր սիրում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի