Գրքեր

«Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին»

«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»,- կարդում ենք Ավետարանում (Հովհ. 1:18): Դարեր առաջ և այսօր էլ մարդը հավատում է Աստծուն՝ առանց Նրան տեսնելու: Տիրոջ հարությունից հետո թերահավատ Թովմասի հավատը հաստատվեց այն ժամանակ, երբ նա տեսավ Փրկչին և ձեռքով դիպավ Նրա խոցված կողին: Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց տեսնելու» (Հովհ. 24:29): Մարդկանց հավատն առ Աստված հիմնված է բնածին կրոնական զգացման վրա: Հավանաբար բոլորին ծանոթ է այն զգացումը, թե ինչպես է մարդն անմիջականորեն զգում իրեն ուղղված ինչ-որ մեկի անթարթ հայացքը: Մարդը տեսնում է միայն իրեն շրջապատող աշխարհը, բայց սրտով զգում է, որ կա Մեկը, Ում անթարթ հայացքը դեպի իրեն է ուղղված, որ ինքը մենակ չէ և սկսում է դիտել իր շուրջը ու փնտրել անտեսանելի, բայց և զգալի էությունը: Աշխարհի ուսումնասիրությունները, շրջապատող բնության հետ ծանոթացումն առավել են հաստատում այն իրողությունը, որ եթե կա իմաստությամբ արարված աշխարհը, ուրեմն կա Նա, Ով արարել է այն:  

Հավատն առ Աստված կարող է ժխտել միմիայն մակերեսային և թերի կրթություն ունեցող մեկը, քանի որ ճշմարիտ գիտությունը, որ հիմնված է երկնքի և երկրի գաղտնիքներն ուսումնասիրելու, բնության օրենքները լուսաբանելու վրա, անխուսափելի կերպով մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Մեծագույն գիտնականները երկնային մարմինների շարժման, ամենափոքրիկ իսկ միջատի մեջ պարզ կերպով տեսել են Արարչին: Այդ գիտնականներից Նյուտոնն իր մասին ասել է. «Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն-երբեմն զվարճանում, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»: Այդպես համեստ էր դատում իր մասին մտքի և գիտության մեծ հանճարը, իսկ աստվածությանը նա վերաբերվում էր այնպիսի ջերմեռանդությամբ, որ նույնիսկ փողոցում գլուխը ծածկած չէր արտասանում Աստծո անունը: «Աստվածպաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, միայն երկու ականջ, միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ, փառաբանել, գովել և սրբացնել Արարչի Անունը՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին»,- ասել է գիտնականը։

Հռչակավոր մաթեմատիկոս և բնագետ Ամպերն իր նամակներից մեկում, խորհուրդ տալով երիտասարդ գիտնականին, ասել է, որ զգուշանա բացառապես գիտությամբ զբաղվելուց. «Սովորի՛ր, հետազոտի՛ր երկիրը, այդ է գիտության մարդու պարտականությունը, բայց տեսանելի աշխարհի վրա նայիր մի աչքով միայն, իսկ մյուսն անընդհատ ուղղիր դեպի հավիտենական լույսը: Մի ձեռքով քննիր երկիրը, իսկ մյուսով բռնիր Աստծո քղանցքից, ինչպես որդին է բռնում հոր փեշից»:

Մտքի և գիտության մեծամեծ գիտնականները պարզորոշ ցույց են տվել, որ միայն գիտական մեծամտությունն է անաստվածություն ուսուցանում, իսկ ճշմարիտ գիտությունը մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Այժմ էլ գիտնականների մեծամասնությունը հաստատում են Աստծո գոյության փաստը, նրանք հաստատակամորեն պնդում են, որ ԴՆԹ մոլեկուլների կառուցվածքը չէր կարող ինքն իրեն ստացվել, դա մշակված է ինչ-որ մեկի ձեռքով: Մարթեն Ջոն Ռիսը, որ շուրջ 500 գիտական աշխատությունների հեղինակ է, 1,4 միլիոն դոլար է ստացել Արարչի գոյությունն ապացուցելու համար՝ չնայած, որ ինքն անձամբ աթեիստ էր: Այլ գիտնականներ ևս գիտական մեթոդներով ապացուցում են Աստծո գոյությունը:

Աստծուն հասկանալու կարողությունը տրված չէ մարդուն, աստվածայինը գիտի միայն Աստված, իսկ մարդը կարող է իմանալ միայն մարդկայինը: Քրիստոսի ծննդից առաջ Սիկիլիայում մի թագավոր էր ապրում Գիերոն անունով: Նրա պալատում ապրող բազմաթիվ իմաստուններից աչքի էր ընկնում Սիմոնեդը, որին արքան կանչեց և ասաց, որ բացատրի իրեն, թե ով է Աստված: Իմաստունն ասաց, որ նման դժվար հարցին պատասխանելու համար իրեն երկու օր ժամանակ է անհրաժեշտ: Երկու օր անց իմաստունը ևս չորս օր է խնդրում, հետո՝ ութ օր: Գիերոնը հոնքերը կիտում է.

- Կատակո՞ւմ ես, Սիմոնեդ, նախ երկու օր խնդրեցիր, հետո չորս, այժմ՝ ութ: Հետո երևի կխնդրես տասնվեց օր, ապա՝ երեսուներկու, եթե այդպես է, ուրեմն ե՞րբ ես պատասխան տալու:

- Դու հասկացար, ո՛վ արքա,- հանդարտորեն պատասխանեց Սիմոնեդը,- անցներ ութ օր, ես պիտի խնդրեի տասնվեց, հետո երեսուներկու օր և այդպես անվերջ կրկնապատկելով: Ինչ վերաբերում է հարցի պատասխանին, ինձ թվում է, որ ես այն արդեն տվել եմ:

- Ինչպե՞ս թե տվել ես,- զարմացավ Գիերոնը,- դու դեռ Աստծո մասին ոչինչ չես ասել, այլ միայն ժամանակ ես խնդրել մտածելու համար:

- Հենց այդ է իմ պատասխանը,- ասաց Սիմոնեդը,- քո հարցին ոչ մի իմաստուն չի կարող պատասխանել: Որքան ավելի մտածես այդ մասին, այնքան քիչ կհասկանաս, ստիպված կլինես միշտ ժամանակ խնդրելու: Այդ հարցը սարի նման է, հեռվից նայում ես, շատ մեծ է երևում, որքան մոտենում ես, այնքան ավելի է մեծանում ու բարձրանում և դու դրա առջև քեզ այնքան փոքր ես զգում: Իսկ եթե սարը չես կարող գրկել, կամ ձեռքով ծածկել, ապա ինչպե՞ս ես ուզում, արքա՛, մտքով գրկել Նրան, Ով ստեղծել է մարդուն և սարը:

Գիերոնը հասկացավ Սիմոնեդի խոսքերը, բարձրացրեց իր աչքերը դեպի երկինք և ասաց. - Այո, Աստված անիմանալի է և անհասանելի:

Իսկ եկեղեցու հայրերից Ս. Օգոստինոսը, որ բազմաթիվ գրքեր է գրել քրիստոնեական կյանքի և հավատի մասին, երբ սկսում է Աստծո մասին մի գիրք գրել, որպեսզի մարդկանց համար ընկալելի լինի, թե ով է Աստված, տեսնում է, որ երկար ու լարված աշխատանքից հետո ոչինչ չի ստացվում: Երկար մտածումից հոգնելով՝ գնում է ծովափ՝ զբոսնելու և տեսնում է, որ մի երեխա կոտրած փարչով ծովից ջուրը բերում և լցնում է փոքրիկ փոսի մեջ: Սրբի այն հարցին, թե ինչ է անում փոքրիկը, նա պատասխանում է, որ ցանկանում է ծովի ջուրը լցնել իր փորած փոսի մեջ: Ս. Օգոստինոսը ժպտում է և առաջ գնալով՝ ինքն իրեն ասում, թե որքան պարզամիտ են երեխաները, որքան քիչ բան են հասկանում, օրինակ՝ այս երեխան ցանկանում է կոտրած փարչի կտորով ծովի ջուրը լցնել փոքրիկ փոսի մեջ: Ապա սուրբը կրկին վերադառնում է իր նախկին խնդրին և ասում՝ մի՞թե ես էլ նույն երեխան չեմ. իմ տկար մտքով ուզում եմ ըմբռնել և ուրիշի առջև բաց անել Աստծո հավիտենական գոյության էությունը: Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին, այդ փոքրի համար բավական է և այն, որ նա խոնարհվի Մեծի առջև, ինքն իրեն հանձնի Նրա կամքին, աշխատի ճանաչել և կատարել Նրա կամքը:

Աստծուն հնարավոր է ճանաչել այնքանով, որքանով որ Ինքն է Իրեն բացահայտում մարդկությանը: Ս. Բարսեղ Մեծն ասում է, որ ոչ ոք չի կարող հասնել Աստծուն արժանի պատկերացմանը, եթե անգամ այդ ուսումնասիրության համար միավորվեն աշխարհի բոլոր մտքերը: Ս. Գրքի համաձայն՝ Աստված զորավոր է, մեծ և անսահման. «Օ՜, ինչ խորն են Աստծո առատ ողորմությունը, իմաստությունը ու գիտությունը: Որքա՜ն անքննելի են Նրա վճիռները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ. 11:33-34): Ճշմարիտ աստվածճանաչողության հնարավոր է հասնել միայն Աստծո հետ միավորվելով, իսկ Աստծո հետ կարող է միավորվել մաքուր սիրտ ունեցողը՝ երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5: 8):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

30.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․