Գրքեր

Ինչու չես հաջողում սիրո մեջ

Մի երիտասարդ անհաջողակ էր սիրո հարցում: Նրան պատահած բոլոր աղջիկներն «այն չէին»: Նրանցից ոմանք գեղեցիկ չէին նրա համար, մյուսները հիմար էին, երրորդները՝ փնթփնթան: Իր իդեալի փնտրտուքներից հոգնելով՝ որոշեց մի իմաստունից խրատ հարցնել:

Երիտասարդին ուշադիր լսելով՝ ծերն ասաց.

- Տեսնում եմ, որ մեծ դժվարության մեջ ես: Բայց ասա՛ ինձ, ինչպե՞ս ես քո մորը վերաբերվում:

Երիտասարդը շատ զարմացավ:

- Մայրս ի՞նչ կապ ունի: Դե, չգիտեմ… Իր հիմար հարցերով, տաղտկալի հոգատարությամբ, խնդրանքներով ու բողոքներով հաճախ է ինձ նյարդայնացնում: Բայց կարող եմ ասել, որ սիրում եմ նրան:

Ծերը լռեց մի պահ ու գլուխն օրորելով՝ ասաց.

- Դե ինչ, ես քո առջև կբացեմ սիրո գլխավոր գաղտնիքը: Երջանկություն կա՛ և այն քո թանկարժեք սրտում է պահվում: Եվ սիրո մեջ հաջողություն ունենալու սերմը քեզ համար մի շատ կարևոր մարդ է ցանել՝ քո մայրը: Եվ ինչպես որ նրան ես վերաբերվում, այդպես էլ աշխարհի բոլոր կանանց կվերաբերվես: Չէ՞ որ մայրն առաջին սերն է, ով իր հոգատար գիրկն է բացել քո առջև: Դա կնոջ առաջին կերպարն է քեզ համար: Կսիրես ու կհարգես քո մորը՝ կսովորես գնահատել ու հարգել բոլոր կանանց: Եվ այդժամ կտեսնես, որ քո հավանած աղջիկը ցուցաբերածդ ուշադրությանը քնքուշ հայացքով, նուրբ ժպիտով ու բարի խոսքով կպատասխանի: Այլևս կանխակալ կարծիք չես ունենա կանանց վերաբերյալ: Ճիշտ լույսի ներքո  կտեսնես նրանց: Մեր երջանկության չափանիշը մեր ծնողների հանդեպ ունեցած վերաբերմունքն է: Երկրորդ խորհուրդս էլ քեզ. որպես կյանքի ընկեր փնտրիր այն աղջկան, ով սիրում ու պատվում է իր հորը:

Երիտասարդը երախտագիտությամբ խոնարհվեց իմաստուն ծերունուն ու հեռացավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

06.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․