Գրքեր

Ինչու է Աստված սատանային թույլատրում գայթակղեցնել մեզ

- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ:

- Որպեսզի ընտրի Իր զավակներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին հանդիպելով: Եվ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող վախեցնել մեզ:

Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում բարին ավելին է լինելու քան չարը՝ Աստված թույլ է տալիս, որ սատանան իր գործն անի: Հիշո՞ւմ եք Հերովդեսին: Նա տասնչորս հազար մանուկների սպանեց և երկնային զորքը տասնչորս հազար նահատակ-հրեշտակներով համալրեց: Դու որևէ տեղ նահատակ-հրեշտակներ տեսե՞լ ես: Սատանան իր ատամները փշրեց: Դիոկղետիանոսը, որ դաժանորեն տանջում էր քրիստոնյաներին, սատանայի համագործակիցն էր: Սակայն, իր կամքից անկախ, լավություն արեց Քրիստոսի Եկեղեցուն՝ հարստացնելով այն սրբերով: Նա կարծում էր, թե բոլոր քրիստոնյաներին կոչնչացնի, սակայն ոչնչի չհասավ, միայն բազմաթիվ սուրբ մասունքներ թողեց մեզ երկրպագության համար և հարստացրեց Քրիստոսի Եկեղեցին:

Վաղուց արդեն Աստված կարող էր սատանայի հաշիվները մաքրել, չէ՞ որ Նա Աստված է: Եվ այժմ էլ, եթե կամենա, կարող է սատանային բռնել ու (հավիտենապես) դժոխքի խորխորատներն ուղարկել: Սակայն Աստված դա չի անում մեր իսկ բարօրության համար: Մի՞թե Նա սատանային թույլ կտար տանջել ու չարչարել Իր արարածին: Եվ, սակայն, մինչև մի որոշակի սահմանագծի հասնելը, Աստված նրան թույլ է տալիս, որպեսզի իր չարությամբ օգնի մեզ, գայթակղությունների տանի ու մենք վազենք դեպի Աստված: Աստված սատանային թույլ է տալիս մեզ փորձել, միայն, եթե դա բարուն է հանգեցնելու: Եթե դա բարուն չի հանգեցնելու, ապա Աստված նրան թույլ չի տալիս: Աստված ամեն բան մեր բարօրության համար է թույլ տալիս: Մենք պետք է հավատանք դրան: Աստված սատանային թույլ է տալիս չարիք գործել, որպեսզի մարդը պայքարի: Որովհետև առանց հունցելու՝ հաց չես թխի: Եթե սատանան մեզ չգայթակղեցներ, ապա հնարավոր է, որ կարծեինք, թե սրբեր ենք: Այդ պատճառով էլ Աստված նրան թույլ է տալիս խայթել մեզ իր չարությամբ: Քանի որ մեզ հարվածներ հասցնելով՝ սատանան ողջ աղբն է թափ տալիս մեր փոշոտված հոգուց և այն ավելի մաքուր է դառնում: Կամ էլ Աստված նրան թույլ է տալիս հարձակվել ու կծել մեզ, որպեսզի օգնության համար Աստծո մոտ վազենք: Աստված մեզ մշտապես Իր մոտ է կանչում, բայց սովորաբար հեռանում ենք Նրանից և վերադառնում միայն այն ժամանակ, երբ վտանգի ենք հանդիպում: Երբ մարդ միավորվում է Աստծո հետ, ապա բանսարկուին խցկվելու տեղ չի մնում: Բայց, դրանից բացի, Աստծո համար էլ կարիք չկա սատանային թույլ տալ գայթակղեցնել այդպիսի մարդուն, որովհետև Նա դա թույլ է տալիս, որպեսզի փորձության մեջ գտնվողը ստիպված լինի Իր մոտ գալ: Բայց, այսպես, թե այնպես, բանսարկուն մեզ լավություն է անում՝ օգնում է լուսավորվել: Հանուն դրա էլ Աստված համբերում է նրան:

Աստված ոչ միայն մարդկանց է ազատ թողել, այլև՝ դևերին, քանի որ նրանք չեն վնասում ու չեն էլ կարող վնասել մարդու հոգուն, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ինքն է ցանկանում իր հոգուն վնասել: Ընդհակառակը, չար կամ անուշադիր մարդիկ, ովքեր, չցանկանալով, չարիք են պատճառում մեզ՝ վարձք են պատրաստում մեզ համար: «Ոչ ոք չէր փրկվի, եթե փորձություններ չլինեին»,- ասում է աբբա Եվգարիոսը: Ինչո՞ւ է նա պնդում դա: Որովհետև փորձությունները քիչ օգուտ չեն բերում: Ոչ թե նրա համար, որ սատանան երբևէ ընդունակ կլիներ բարիք գործել, ո՛չ, նա չար է: Նա ցանկանում է կոտրել մեր գլուխները և քար է նետում մեզ վրա, բայց Բարեգութ Աստված... բռնում է այդ քարն ու մեր ձեռքը տալիս: Իսկ մյուս ձեռքի ափին ընկույզ է լցնում, որպեսզի այդ քարով կոտրենք ու ուտենք: Այսինքն, Աստված փորձություններ է թույլ տալիս, որպեսզի այդ կերպ մենք մյուս կյանք ընդունվելու քննությունները հանձնենք և Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ չափազանց մեծ հավակնություններ չունենանք: Պետք է լավ հասկանանք, որ հենց սատանայի հետ ենք պատերազմում և այնքան պետք է պայքարենք, մինչև հեռանանք այս կյանքից: Քանի դեռ մարդը ողջ է՝ շատ աշխատանք ունի անելու, որպեսզի իր հոգին ավելի լավը դառնա: Քանի դեռ նա ողջ է՝ իրավունք ունի հոգևոր քննություններ հանձնելու: Եթե մարդ մահանա և երկուս ստանա, ապա դուրս կգա քննական ցուցակից: Վերահանձնում այլևս չի լինում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․