Գրքեր

Ինքնասպանությամբ մարդն Աստծուն է իր մեջ սպանում

Մարդուն տրված է կյանք, սակայն երբեմն Աստծու տված այդ պարգևից մարդը հրաժարվում է ինքնակամ: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը բազմաշերտ է, կախված բազմաթիվ գործոններից:

Ինքնասպանությունը դիտարկվում է որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։ «Ինքնասպանություն» անվանումը մենք օգտագործում ենք մահվան բոլոր այն դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, ով նախապես գիտի իր գործողության հետևանքը։ Ինքնասպանությունը սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խորհրդավոր դրդապատճառների ազդեցության տակ, ռացիոնալ վիճակում։

Եթե «ինքնասպանություն» ասելով հասկանանք կյանքից գիտակցված և հոժարակամ հրաժարվել, այլ կերպ ասած մահվան ցանկություն, ինչպես նպատակ, այլ ոչ թե ինչ որ նպատակի հասնելու միջոց, ապա մենք իզուր կփորձենք կենդանիների մեջ ինքնասպանություն փնտրել։ Կենդանական աշխարհը այդպիսի երևույթ չգիտի։ Կենդանական աշխարհին հայտնի է «զոհ» ասվածը, բայց ոչ ինքնասպանությունը, և ոչ միայն կենդանական աշխարհը սկզբնական մարդկային տեսակը (ավելի ցածր զարգացվածության աստիճան ունեցողները` վայրենիներն ու բարբարոսները) գրեթե նույնապես չգիտեն, թե ինչ է ինքնասպանությունը։ Միայն մշակույթի ավելի բարձր մակարդակում ենք հանդիպում ինքնասպանություն երևույթին, որպես գիտակցված ձևով մահվան գերադասումը կյանքից։ Մարդը հրաժարվում է կյանքից ոչ թե, որովհետև «պարտավոր» է կամ «զոհում» է իր կյանքը, այլ նա հրաժարվում է սեփական կյանքից` որպես իր տառապանքների և անիմաստությունից հրաժարվելու միակ ճանապարհ:

Հիասթափված մարդիկ անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իրենց կյանքը կարող են համարել անտանելի և անգիտակցաբար կարող են ձգտել մահվան։ Մարդիկ հաճախ սպանում են իրենց` չգիտակցելով արարքների լետալ բնույթը։

Ինքնասպանությամբ նախ և առաջ մարդն Աստծուն է իր մեջ սպանում՝ իրեն զրկելով հավիտենական կյանքից և դատապարտելով հավիտենական մահվան: Մարդը մշտապես այն գիտակցությունը պետք է ունենա, որ այս կյանքը կարճատև փորձությունների մի շրջան է և հետևաբար մենք այս փորձության շրջանը պատվով պետք է հաղթահարենք և մեզ արժանի դարձնենք մյուս կյանքի համար: Անկախ նրանից, թե որքան անելանելի, անհեռանկար է իր վիճակը՝ մարդն ինքն այդ պահին իր հոգու խորքում պետք է փնտրի աստվածային լույսը, ապավինի այդ ուժին և հետ կանգնի այդ քայլից:

«Փորձության շրջանը» շատերը չեն կարողանում հաղթահարել, հաճախ անձնական և սոցիալական խնդիրներին գումարվում է նաև մարդկանց անտարբեր վերաբերմունքը, որն անձի հոգեկան աշխարհում ավերումներ  է առաջացնում, մատնում հուսահատության և մղում հանցանքի՝ ուղղված սեփական անձի դեմ:

Ամեն դեպքում, անկախ ճգնաժամային տարիքից և տարաբնույթ խնդիրներից, հնարավոր է փոխել շատ բան և պայքարել շատ բանի համար: Գուցե վերջին այդ պահին, ինքնասպանություն գործելիս, զգաս, որ ամեն բան կորած չէր, բայց… խնդիրն այն է, որ անդունդն ես թռչում, այն էլ առանց թևերի կամ օղակը անցկացրած է պարանոցիդ, իսկ ոտքերդ գետնին չեն հասնում:

Անկախ այն բանից, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում է մարդը գտնվում, որքան էլ, որ բարդ է իրավիճակը, որքան էլ անելանելի, պետք է միշտ հիշել, որ ինքնասպանությունը ելք չէ, ինքնասպանությունը անձնազոհություն չէ: Ինքնասպանությամբ մարդը ոչ միայն իրեն դատապարտում է հավիտենական մահվան, այլև մեծացնում է հարազատների տառապանքները: 

Պետք չէ փնտրել հարազատներ կամ օգնություն այնտեղ, որտեղ դրանք բացակայում են: Խնդրեք օգնություն ամենակարող Աստծուց, Ով ամեն ժամանակ, ամեն տեղ լսում է Ձեզ  և պատրաստ է օգնել կոտրված և խոնարհ հոգուն։

 

Աննա Մուրադյան

15.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․