Գրքեր

Ժամանակաշրջանները

Հնում մի տարեց մարդ էր ապրում: Նա չորս որդի ուներ և շատ էր ցանկանում, որ իր զավակներն իրենց շրջապատող աշխարհի մասին առերևույթ չդատեն: Նա երկար մտածեց այդ մասին և որոշեց նրանցից յուրաքանչյուրին ուղարկել իրենցից շատ հեռու աճող խնձորենին գտնելու:

Ավագ որդուն ձմռանն ուղարկեց, երկրորդին՝ գարնանը, երրորդին՝ ամռանը, իսկ կրտսեր որդուն՝ աշնանը: Երբ նրանք վերադարձան, ծերունին նրանց միասին հավաքեց, որպեսզի պատմեն իրենց տեսածի մասին:

Ավագ որդին սկսեց պատմել. «Խնձորենին շատ սարսափազդու էր, խորշոմած ու անկենդան: Իսկ դրա ճյուղերը ցցվել էին սև ճանկերի պես ու կարծես դեպի ինձ էին ձգվում»:

Երկրորդ որդին ասաց. «Խնձորենին ամբողջությամբ պատված էր կանաչ բողբոջներով, որոնք կարծես սքանչելի կոկոններ լինեին: Այդ ծառին նայելով ես հանդարտություն ու քնքշություն զգացի»:

Երրորդ որդին ավելացրեց. «Շատ գեղեցիկ ծաղկած ծառ էր և քաղցր բույր էր արձակում: Հրաշալի տեսարան էր»:

Իսկ կրտսերն ասաց. «Իսկ իմ տեսած խնձորենին առատ, հյութեղ ու արևի տակ շողշողացող պտուղներով էր պատված: Նման համեղ պտուղներ ես դեռ չէի կերել»:

Եվ որդիներն սկսեցին վիճել, թե իրենցից ով է իսկապես տեսել այն խնձորենին, որի մասին հայրն ասել էր: Ծերունին բացատրեց, որ նրանք բոլորն էլ ճիշտ էին և վիճելու կարիք չկար: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր ծառի կյանքի չորս եղանակներից մեկը միայն:

«Դուք չպետք է ծառը, մարդուն կամ ձեր ողջ կյանքը միայն մեկ ժամանակաշրջանով դատեք: Ամփոփում կարելի է անել միայն ճանապարհի վերջում, երբ բոլոր ժամանակաշրջաններն անցած են: Եթե մենք հանձնվենք ձմռան ցրտի ու բքի առջև, ապա չենք տեսնի դյութիչ գարունը, գեղեցիկ ամառն ու գունեղ աշունը…»
 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

18.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․