Գրքեր

Ժառանգության բաժանում

Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի Ֆարաս քաղաքից Հունաստան տեղափոխվեց, հայրս, գյուղապետ լինելով, փորձեց մեր բոլոր համագյուղացիների կյանքը կարգավորել: Իր ընտանիքը նա հետին պլանում թողեց: Հետո, երբ իմ եղբայրներն ու քույրերը մեծացան, սկսեցին տրտնջալ․ «Հա՛յր, դու բոլորի մասին հոգ ես տանում,- ասում էին նրանք,- իսկ ահա մեր մասին չես մտածել»: Եթե մարդը մենակ է, կարող է ամեն ինչ տալ մյուսներին և անձնուրացությունից ելնելով՝ ինքն իր հանդեպ կատարյալ անտարբերություն ցուցաբերել: Սակայն, եթե մարդն ընտանիք ունի՝ պարտավոր է մտածել նրա մասին:

Ծնողներն, իհարկե, չպետք է գլուխները կորցնեն ու երեխաներին միանգամից ամեն ինչ տան, քանի որ երիտասարդությունն անփորձ է և արդի, անհագուրդ կյանքում կարող են իրենց միջոցներից առավել ծախսեր անել: Այնուհետև ծնողների համար ցավալի կլինի, երբ հասկանան, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել: Բացի այդ, ծնողները պետք է ուշադիր լինեն ավելի թույլ երեխայի նկատմամբ և նրան ավելի շատ նյութական, առավել ևս բարոյական բարիքներ տան, որպեսզի անհաջողակության խուճապը՝ բուռն հոսանքի պես, նրան դեպի ցած չտանի: Սակայն իրենց բոլոր երեխաների մասին էլ ծնողները պետք է սիրով և դատողությամբ հոգ տանեն, որպեսզի նրանց հարաբերություններում սառնություն չառաջանա:

Այժմ հազվադեպ կհանդիպես համերաշխ ընտանիքների, որ հոգևոր կյանքով են ապրում, որտեղ եղբայրներն ու քույրերը չեն վիճում միմյանց հետ հողատարածքների, ժառանգության համար և չեն վազում դատարաններով: Ես մի ընտանիք գիտեի, որ յոթ հոգուց էր բաղկացած: Ծնողները ոսկյա զարդեր ունեին: Նրանց մահից հետո երեխաները որոշեցին, որ ոսկեղենն այն եղբայրը պետք է ստանա, որն օր ծերության հոգ էր տարել ծնողների մասին: Սակայն այդ եղբայրը մտածեց, որ իրենց քույրը մեծ ընտանիք ունի և ավելի շատ է զգում այդ ոսկեղենի կարիքը: Նա ոսկին նրան տվեց: Քույրն էլ տվեց երրորդ եղբորը, նա էլ՝ չորրորդին, և ի վերջո ոսկին վերադարձավ առաջին եղբորը: Այսինքն՝ այս մարդկանց հետ տեղի ունեցավ այն, ինչ նկարագրված է Լավսայիկում**: Արդյունքում, քանի որ առաջին եղբայրն էլ չէր կամենում իրեն պահել այդ ոսկին, նրանք որոշեցին այն նվիրատվություն անել վանքին:

 

* Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակումն է 1924-ին: Թուրքիայում ապրող հույները վերաբնակվեցին Հունաստանում, իսկ Հունաստանում ապրող թուրքերը՝ Թուրքիայում:

** Տե՛ս՝ Епископ Палладий Еленопольский. «Лавсаик, или повествование о жизни святых и блаженных отцов». Глава о Серапионе, стр.  176-177: Фонд христианская жизнь. Клин, 2001:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

11.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․