5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Ժխտելով Աստծուն՝ ես մոտեցա Նրան»

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյանի հետ

Ո՞վ է հարթել Ձեր ուղին դեպի Աստված:

Իհարկե Աստված: Արարիչն Ինքն է ճանապարհ հարթում դեպ Իրեն, առավելապես, երբ տեսանելի են բարեբեր այն հունդերը, որոնք արդեն իսկ նվիրաբերված են Աստծուն: Բացելով հոգու յուրաքանչյուր փակված դուռ՝ փառավորյալ Տերը`Լույսի միջոցով, էլ ավելի է մոտեցնում մարդուն Ճշմարտությանը, որովհետև մարդ արարածը մշտապես կարիք ունի զղջման, գթության, խոստովանության և ողորմության: Այսինքն, մարդը կարիք ունի հոգևոր մերձեցման, ինչը գոհություն է ստանում միայն Բարձրյալի հետ ունեցած զորավոր ներդաշնակության շնորհիվ:

Երիտասարդությանս տարիներին, իմ մեջ բացակայում էր հոգևոր գիտակցությունը, ինձ թվում էր, որ բացարձակ ճշմարտությունը` դա գիտությունն է և հաճախ էի հակադրվում շատերի տեսակետներին: Հավատացեք, բացառելով և ժխտելով հոգևորն ու աստվածայինը, ես համոզված մոտեցա փրկության տաճարին, ճանաչեցի ու նվիրաբերվեցի Ճշմարիտ Աստծո` Քրիստոսի էությանը: Այսինքն, ես հասկացա, որ խավարից ձգվեցի դեպի Լույս: Եվ գիտեք ինչ, ամենևին էլ պետք չէ փնտրել ճշմարտությունը, պետք է թույլ տալ, որ ճշմարտությունը քեզ գտնի: Իմ կյանքի ընթացքը ցույց տվեց, որ դեպի Աստված տանող ուղին փորձություններից բացի պահանջ է դնում մեծ Հավատքի ու մեծ Սիրո:

Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր և Աստծո միջև հանդիպումը:

Բավականին բարդ ու դժվարին հարց եք տալիս, չգիտեմ որքանով մոտ կլինի իմ պատասխանը ձեր հարցին, բայց անկեղծ կլինեմ. ես այն մարդկանցից եմ, ով Բարձրյալին իր մեր մեջ է փնտրում, որովհետև ամեն մարդու մեջ դրված է աստվածային սերմը, հատիկը, և մարդը ձգտում է դեպի կատարելություն: Մարդն ամեն վայրկյան երկխոսության մեջ է Աստծո հետ… հոգին մշտական կարիքն ունի դատարկվելու- լցվելու: Որքան մոտենում ես Տիրոջը` հոգուդ աչքերը էլ ավելի պարզ են դառնում, խաղաղության ես ձգտում, խոնարհություն ես ձեռք բերում, էլ ավելի բարի ես դառնում, ուզում ես ներդաշնակություն գտնել հոգուդ, խղճիդ ու մտքիդ հետ: Հավատացեք, ամեն մեկս էլ, կտրված չլինելով ներկայիս իրականությունից, կարիք ունենք մեր հոգու տաճարը միշտ մաքուր պահելու, լվանալու ամենօրյա ախտից և այդ մաքուր տարածքը նվիրաբերել Աստծուն՝ բնակեցնելով այնտեղ զորավոր Լույսը: Չմոռանանք, որ մենք Աստծո մի մասնիկն ենք:

Հավատքը ի՞նչ կերպ է փոխել Ձեր կյանքը:

Խոստովանեմ, որ դարձել եմ էլ ավելի մարդասեր, հախուռն բնավորությանս մեջ խաղաղություն և հանգստություն է դրվել, հասկացել եմ, թե որն է իրական ողորմությունը, որին սիրտդ է կառավարում, ուղղորդում, և ոչ թե միտքդ: Հնարավոր է թվա, թե ինքնագնահատման խոսքեր եմ ասում, բայց ոչ սա հոգուց է գալիս: Ես բացահայտել եմ, որ անբացատրելի մեծ սեր կա իմ մեջ դեպի մարդը, ես չեմ կարող մարդուն ուղղակի ճանաչել, նախ պետք է զգամ, սիրեմ նրան, չնայած որ ապտակը չի ուշանում հենց այդ մարդկանցից, բայց դա ինձ ամենևին չի վհատեցնում: Ես գտել եմ իմ ապրելու բանաձևը հենց այդ կերպ: Եվ հետո, ինչո՞ւ պետք է մարդը մարդուն սիրի, որովհետև մարդը մարդով է նաև մարդ:

Հավատքը հոգու ազատություն է ինձ պարգևել: Ճշմարիտ ապրելու և երջանիկ լինելու համար մարդը պետք է հոգու ազատություն ունենա: Ուր կա հոգու ազատություն, հոգու թռիչք, այնտեղ կա Աստված, բարություն, ոգու կամք, ստեղծագործ միտք: Այսօրվա մեր երիտասարդության մեջ էլ ես տեսնում եմ հոգու մեծ ազատություն: Ձգտումը դեպի Ճշմարտությունը: Հաճախ եմ հիանում, երբ տեսնում եմ, թե որքան մեծ թվով երիտասարդներ են այցելում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, ակտիվ մասնակցություն ցուցաբերում քահանայի քարոզներին, եկեղեցական տարբեր միջոցառումների: Երբ զրուցում եմ, հասկանում եմ, թե որքան խոհեմություն, աստվածային մտքի, ոգու ճանաչելիություն և լույս կա այդ երիտասարդների սրտում և աչքերի մեջ: Փառք մեր եկեղեցուն, որ նաև այսպիսի սերունդ է դաստիարակում: Թույլ տվեք ասել նաև, որ մարդը մեր իրականության ծնունդն է և չի կարող ապրել միայն հոգևորով` իսպառ կտրված լինելով կյանքից: Իմ ձեռքը մշտապես կյանքի զարկերակին է: Պետք է աշխատել, արարել, մտահոգ լինել երկրի, ժողովրդի ճակատագրով, մասնակցել իրադարձություններին և քո դրական փոփոխությունը բերել հայրենիքիդ:

Բացի մարմինը սնելուց, մարդը կարիք ունի նաև հոգին սնելու: Ի՞նչ կերպ եք սնում Ձեր հոգին:

Հոգիս, գրեթե ամեն օր, աղոթքի և հոգևոր ընթերցանության պահանջ ունի: Իմ կյանքի անբաժան մասն է դարձել աղոթքը, որի հիմքում դրված է մեծ հավատ ու սեր: Աղոթելն ինձ համար դարձել է կենսակերպ: Իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչը, Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը, իսկ հոգևոր երգերն ինձ համար հոգու զարթոնք են, ճախրանք: Երբ լսում եմ «Սուրբ, Սուրբ», «Հավուն հավուն» և այլ շարականներ, ինձ թվում է, թե հոգիս է երգի թևով Սբ. Պատարագ առաքում առ Աստված:

Եկեղեցի և պետություն փոխհարաբերության դարերի շարունակական ընթացքը ինչպիսի՞ն է այսօր ըստ Ձեզ:

Առհասարակ, յուրաքանչյուր պետության բարոյական նկարագիր դրսևորվում է նաև ծերերի, հաշմանդամի, կարիքավորի և երեխաների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Ավելին, ըստ իս, եկեղեցին և պետությունը, երկրի հզորացման և զարգացման առումով պետք է միասնական գործունեություն դրսևորեն: Մեր սրբազան հայրերի ժրաջան աջով են սերմանված բարեբեր այն հունդերը, որոնք անկասկած պետք է ծիլ տան և արգասավորեն մեկ եկեղեցի, մեկ հայրենիք` ազգային գիտակցության մեջ: Խոստովանենք, որ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին երբեք անմասն չի եղել իր ժողովրդի, զինվորի հոգսերից ու կարիքներից: Իր օրհնաբանությամբ, աղոթքներով միշտ կանգնած է եղել հայ զինվորի կողքին: Վառ օրինակը ԱՀԹ-ի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրն է, որտեղ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն իրենց հոգու պարտքը համարեցին միակամ աջակցել բանակում` ծառայության ընթացքում վիրավորված Գևորգ Եղիազարյանին: Այսօր էլ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ասաց, որ համայնքը պատրաստվում է օգնել մեկ այլ վիրավոր զինվորի ևս: Ինքս, որպես համայնքի անդամ, տեսել և զգացել եմ համայնքի միասնականությունը, համախմբվածությունը, պատրաստակամությունը` մերձավորին սիրելու, կարիքավորին զորավիգ լինելու, մանկատան սաների հոգսերը հոգալու, բարեգործությամբ ծերանոցներ այցելելու: Ես հասկացել եմ, որ ես ևս հոգու պարտք ունեմ, անսակարկ սպասավորությամբ նվիրաբերվել եկեղեցուն, ակտիվություն դրսևորել եկեղեցու համայնքային կյանքում: Պատմությունն ապացուցել է, որ հաղթական ոգին «Հայակերտումի» անհնար է առանց հոգևորի, և հայի տեսակը հավատի ուժով է գոյատևել:

Տարին սկսել եք Երուսաղեմ ուխտագնացությամբ, ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար հոգևոր ճամփորդությունը:

Երուսաղեմ ուխտագնացությունը դա Աստվածային պարգև էր իմ հոգուն: Իսկ մինչ այդ, այն մշուշապատ երազանք էր ինձ համար, որն իրականացավ եկեղեցու միջոցով: Տիրոջ լույսի ներքո, նորովի իմաստնացավ, նորովի արժևորվեց ինձ համար ՄԱՐԴ լինելու հանգամանքը: Հոգևոր ճամփորդությունն իրական ճանապարհ հարթեց դեպի ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ: Ես գիտակցեցի, թե որքան սխալ եմ ապրել, որքան դժվարություններ եմ ստեղծել ինքս ինձ համար: Ես վերափոխվելու պահանջ դրեցի:

Այս ուխտագնացությամբ իմ առաքելությունն էր նաև Տիրոջ տաճարից, որպես ջահակիր, Աստծո լույսն ու խորհուրդը բերել իմ երկրին և իմ ժողովրդին: Երուսաղեմն ինձ թույլ տվեց հասկանալ, որ ամեն մարդ պարտավոր է իր հոգու միջոցով լույս և սեր տարածի:

Ես հասկացա նաև, որ միայն ինձ համար չէի այնտեղ. իմ հոգին խնկարկում և աղոթում էր շատերի համար: Երուսաղեմին հրաժեշտ չեմ տվել, հոգուս կանչի հետևից պետք է նորից գնամ, կարծես ինձանից մի մեծ մասնիկ եմ թողել այնտեղ: Այնտեղ, ուր կա կամք, կա նաև ճանապարհ:

 

 

Կարինե Սուգիկյան

03.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․