Գրքեր

Կամրջի վրա

Բարձր կամրջին կանգնած մարդը շատ երիտասարդ էր: Նա շատ բան էր ցանկանում իրագործել այս կյանքում, բայց համարյա ոչինչ չէր կարողացել: Սիրած աղջիկը հեռացել էր նրանից, բոլորը դավաճանել էին, նա այլևս ոչ ոքի պետք չէր: Նրա երիտասարդ, կարճ կյանքում ամեն բան գլխիվայր էր շրջվել և այլևս ուժ չկար ամեն ինչ նորից սկսել: Նա իր ետևից այրել էր բոլոր կամուրջները: Եվ այժմ միայն մեկ քայլ էր մնում անել՝ այս անպետք կյանքի հետ հաշիվները մաքրելու համար…

Կծկված կանգնել էր անդունդի եզրին ու վերջին անգամ քաղաքի լույսերին էր նայում: Ծանր հոգոց հանելով՝ առաջ թեքվեց և հանկարծ…

- Բարի երեկո,- անսպասելիորեն լսվեց ծերունական խզված ձայնը,- որդի՛ս, օգնիր ինչով կարող ես:

Երիտասարդն ակամայից ետ շրջվեց ու անդունդից հեռանալով՝ սկսեց գրպանները զննել: Դրամապանակից հանեց ողջ գումարը, որ այլևս պետք չէր իրեն, ու ծերունուն մեկնեց:

- Սա ինձ համար չէ, որդի՛ս,- պատասխանեց ծերունին,- այստեղ, մոտակայքում, երկու փոքրիկ որբուկ աղջիկներ են ապրում: Օգնիր նրանց, փողն այնտեղ տար, քանի որ լքված են, սոված ու անխնամ:

Նա՝ երիտասարդ ու մոլորված, որ րոպե առաջ պատրաստ էր ինքնասպանության սարսափելի մեղքը գործել, կանգնել էր բարձր կամրջին ու չգիտեր ինչ անել:

- Լավ,- իր համար անսպասելի համաձայնեց նա,- տուր հասցեն, կտանեմ: «Այս գումարը,- մտածեց նա,- կարող է փրկել խեղճ որբուկներին, իսկ հետո… Հետո կրկին այստեղ կվերադառնամ»:

Եվ որքան հեռանում էր կամրջից, այնքան կյանքի հետ հաշիվները մաքրելու վճռականությունը թուլանում էր: Նրա ուսերը ուղղվեցին, քայլերն ավելի վստահ դարձան: Հանկարծ հասկացավ, որ այլևս ետ չի վերադառնա, որովհետև միշտ էլ կարելի է գտնել մարդկանց, որոնց պետք կլինես և՛ դու, և՛ քո օգնությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

01.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․