Գրքեր

Կանայի հարսանիքը (քարոզ)

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության առաջին նշանի կամ հրաշքի մասին է, որ տեղի ունեցավ Գալիլեայի Կանա քաղաքում: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց մի քանի օր անց Տեր Հիսուս Իր առաջին աշակերտների հետ Գալիլեայի Կանա քաղաք գնաց, որտեղ հարսանիք կար: Հավանաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի ազգականներից մեկի հարսանիքն էր, քանի որ Տիրամայրն էլ էր հրավիրված և Քրիստոս էլ դեռ լայն ճանաչում չուներ, որպեսզի հրավիրվեր որպես հայտնի Վարդապետ կամ հրաշքներ ու բժշկություններ գործող մեկը, ուստի հրավիրված էր որպես հասարակ մի մարդ: Եվ հարսանեկան խնջույքի ամենակարևոր բաղկացուցիչ մասի՝ գինու ավարտվելն էլ խոսում է այն մասին, որ նրանք պարզ, համեստ կարողությունների տեր մարդիկ էին: Այսպիսով, Տերը հրավիրվել էր հարսանիքի և գինին պակասել էր: Սա սպառնում էր ոչ միայն ամոթի ու խայտառակության վերածվել տանտերերի համար, քանի որ հեռու ու մոտ բնակավայրերից ժամանած ազգականները, բարեկամներն ու հարևաններն այս հարսանիքը պիտի հիշեին որպես «այն հարսանիքը, որտեղ գինի չկար խմելու», այլև պիտի նշանակեր ուրախության ավարտ, որովհետև բարձր տրամադրություն և ուրախություն ապահովողը գինին էր: «Անչափելի սիրո շտեմարան» կոչված Աստվածամայրը չէր կարող անտարբեր մնալ դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց դժբախտությանը: Մարդացյալ Սերը չէր կարող չարձագանքել սիրասուն մոր խնդրանքին: «Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ»,- ասում է Սուրբ Եփրեմ Ասորին: Եվ աստվածային այդ սերն էր, որ գործեց Կանայի հարսանիքում, որ թույլ չտվեց ամոթին ու տխրությանը խամրեցնել սիրող սրտերի միության ուրախությունը, այլ դարձավ լրումն այդ ուրախության:

Մարդկային ուրախության այս պարզ պատմության մեջ մեծ խորության կա, սիրելի՛ հավատացյալներ: Իրավամբ այն կարելի է «բարի լուր» ու «կյանքի ուղեցույց» կոչել մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս համար, քանզի ավետարանական այս գեղեցիկ պատմությամբ բացահայտվում է Տիրոջ բարեհաճ վերաբերմունքը մարդկային պարզ ուրախությունների նկատմամբ և տրվում է այն դեղատոմսը, որով այդ ուրախությունները լիարժեք ու հարատև են դառնում:

Աստված նայեց Իր արարչագործությանն ու ուրախացավ: Աստվածային լույսով ջերմացած հոգևոր ուրախությունը Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդու բնական վիճակն է, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ մշտապես ուրախության ու երջանկության են ձգտում՝ տարբեր միջոցներով փորձելով հասնել այդ երանավետ հոգեվիճակներին: Սակայն ցավոք, եդեմական պարտեզում մեղքի թույնը ախտահարեց մարդու հոգևոր զգայարանները՝ զրկելով նրան նաև կենսական անհրաժեշտության հոգևոր տեսողությունից: Եվ մարդն սկսեց խարխափել, սայթաքել ու հաճախակի վայր ընկնել կյանքում՝ չտարանջատելով բարին չարից և իր երջանկությունը սխալ վայրերում փնտրելով: Պատկերացրեք մի մարդու, սիրելի՛ հավատացյալներ, որը լսելով անարատ մեղրի անմահական համի ու հրաշալի հատկությունների մասին, մտնում է շուկա ու սկսում փնտրել այն բոլոր բաժիններում, բացի մեղրի համար նախատեսվածից: Ընթացքում տարվում է շաքարով ու տարատեսակ անուշեղենով՝ խաբվելով դրանց քաղցրությունից, հետո նույնիսկ թթու ու կծու ուտելիքներով է շեղվում և այդպես էլ իսկական մեղրը չհամտեսած, երկար փնտրտուքներից հոգնած ու հիասթափված, դուրս է գալիս շուկայից համոզմունքով, որ անարատ մեղր գոյություն չունի:

Մենք էլ հաճախ կյանքի իմաստը փնտրում ենք աշխատանքի կամ մեր զավակների մեջ, սերն ու երջանկությունը միայն կողակցից ենք ակնկալում, ուրախություն ենք որոնում ճամփորդությունների, գնումների, ժամանցի տարատեսակ միջոցների և այլնի մեջ, բայց եթե նույնիսկ գտնում ենք, ապա անխուսափելիորեն գալիս է մի որոշակի պահ, երբ այդ ամենը սպառվում է, և հոգում մնում է միայն դատարկության ու ոչ լիարժեքության զգացումը: Մեր հոգևոր թակույկները դատարկվում են, լռում են հոգում հնչող դափերի ու ծնծղաների ձայները, ուրախությունը սպառնում է հուսահատության վերածվել: Եվ համամարդկային այս տխրության միակ պատճառն այն է, որ շատ հաճախ մոռանում ենք մեր կյանքի խրախճանքին ամենակարևոր հյուրերին հրավիրել՝ Ամենազոր Աստծուն ու Նրա գթառատ մորը, որոնց շնորհիվ է միայն թերին ամբողջանում, անհամը՝ քաղցրանում, հինը՝ նորանում: Մենք հարսանիք ենք անում առանց մեր Երկնավոր Հոր և Մոր: Իսկ կատարյալ ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել առանց ծնողների, առանց մեզ կյանք պարգևողների, սնողների ու խնամողների: Ինչպես այն պատմության մեջ, որտեղ տարեց կինը ստիպված դիվահար էր ձևանում, որպեսզի գոնե այդ կերպ խստասիրտ որդու ուշադրությանն ու սիրուն արժանանա, այդպես էլ աշխարհում յուրաքանչյուր ոք և մենք նույնպես ուժգին փափագում ենք սիրված լինել, բայց մեր սրտերը փակում ենք Սիրո Աղբյուրի առջև: Չենք հասկանում, որ մարդուց ակնկալվող սերը չի կարող ամբողջական ու հարատև լինել, եթե չի փոխակերպվել Քրիստոսի աստվածային սիրով: Մենք արտաքին նշաններ ու հրաշքներ ենք փնտրում աշխարհում, որովհետև չենք ճաշակել հոգում կատարվող հրաշքների քաղցրությունը: Չենք ճաշակել այն կատարյալ ուրախությունը, մեղմիկ ջերմությունը, ամբողջության զգացումը, որ մեղքերից սրբված ու ապաշխարած սրտերում Տիրոջ ներկայությունն է պարգևում: Օրերից մի օր մեր հոգու գինին անխուսափելիորեն պակասում է, սիրելինե՛ր: Եվ մենք անշուշտ տրտմում ենք, դեսուդեն նետվում, սիրո և ուրախության տոնի շարունակություն աղերսում աշխարհից, այնինչ այդ անգին գանձերի միակ, ճշմարիտ Պարգևատուն համեստորեն սպասում է, թե երբ ենք շփոթված հայացքներս Իրեն դարձնելու, որպեսզի աստվածային առատաձեռնությամբ լիուլի բաշխի մեզ այն, ինչ անհրաժշտ է հենց այդ պահին մեր հոգիների փրկության համար:

Փրկչի երկրային գործունեության օրերը սիրո և ողորմածության գործերից հյուսված մի շղթա կազմեցին, որը սկիզբ առավ Հորդանանի ջրերից, ձգվեց Իսրայելի ու դրա հարակից տարածքների քաղաքներով ու գյուղերով և իր լրումին հասավ Գողոթայի բարձունքին: Այնտեղ՝ խաչի վրա, հեղվեց Աստծո սիրո նոր գինին, որպեսզի Ամենազորի շնորհով հին մարդը փոխակերպվի նորի, անմիջական մասնակիցը դառնա մեծագույն հրաշքի, որն անխուսափելիորեն տեղի է ունենում, երբ թույլ ենք տալիս Տիրոջ անմահական գինին մեր սրտերում էլ հեղվի: Այնժամ, սիրելի՛ հավատացյալներ, Աստված փառավորվում է մեր հոգիներում և տեղի է ունենում իրական հրաշքը, որն օգնում է մոտենալ Նրան, մոտենալ բաղձալի փրկությանը, ինչի համար էլ Ամենակալ Աստված մարդացավ, ուսուցանեց, հրաշագործեց և Իր կյանքը զոհաբերեց:

Արդ, մաղթում եմ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որ Տեր Հիսուս Քրիստոս և Սուրբ Աստվածամայրը ձեր հոգու, ձեր մտքի, ձեր բոլոր նախաձեռնությունների առաջին ու ամենաթանկ հյուրերը լինեն, որպեսզի Տիրոջ ներկայությամբ սրբագործվեն ձեր սրտերն ու փոխվելով՝ դառնան լավագույն գինու թակույկներ: Որպեսզի աստվածային սիրո ներգործությամբ ջնջվեն սիրո և ուրախության սահմանները՝ դառնալով անեզր, անչափ ու կատարյալ: Իսկ նեղությունների, փորձությունների և տխրության պահերին էլ Բարեխնամ Մոր բարեխոսությունն աղերսենք առանց վայրկայն իսկ կորցնելու՝ պատրաստ լինելով կատարելու ամենակարևոր խոսքերը, որ պիտի լսենք հոգու ականջներով. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:

Շնորհ, սեր և խաղաղություն ամենքիդ: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

20.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․