Գրքեր

Կանայի հարսանիքը

«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը» (Հովհ 211)։

Հիսուսի հրապարակային կյանքը լի էր հրաշքներով, որոնք նպատակ ունեին հաստատել ու զորացնել նորադարձների հավատքը։ Այդ հրաշքներից առաջինի մասին պատմում է Հովհաննես Ավետարանիչը։ Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելուց հետո Հիսուս գնում է Գալիլիա։ Ամենից առաջ կարևոր էր, որ Հիսուս ամրապնդեր աշակերտների՝ Իր նկատմամբ ունեցած հավատքը, քանի որ այդ հրեաները տակավին չէին թոթափել իրենց հատուկ ազգային և նախապաշարմունքային լուծը։

Միայն պարզ համակրանքով նայելով Հիսուսին՝ նրանց հաճելի էր Հիսուսի մեջ տեսնել իրենց երազած Մեսիային։ Մարդկային միտքը թեև սկզբում բավականին հեռու է աստվածային երևույթների մասին խորհելուց, սակայն որքան հոգին զորանում է իրեն անհրաժեշտ «կերակուրներով», այնքան առավել հօդս են ցնդում ցնորական պատրանքները, [և մնում է լոկ ճշմաշտությունը]։

Հորդանանում Հիսուսի մկրտվելուց հազիվ մի քանի օր էր անցել, երբ Գալիլիայի Կանա քաղաքում հարսանյաց հանդես էր տեղի ունենում։ Համաձայն Հովհաննեսի պատմության այնտեղ հրավիրված էր նաև Հիսուսի մայր Մարիամը, որին ազգական կամ գուցե գեթ ծանոթ էր հարսանիքի տերը։ Իր աշակերտների հետ Գալիլիա դեռ չհասած՝ Հիսուսի համբավն արդեն տարածվել էր այնտեղ։ Փիլիպպոսին առաքելության կոչելուց երեք օր հետո Հիսուս Իր նորընտիր աշակերտների հետ գնում է Կանա քաղաք, որտեղ Նրան ևս յուրայինների հետ հրավիրում են հարսանիք։

Հրեական սովորության համաձայն հարսանեկան և մյուս խնջույքները տևում էին մի քանի, նույնիսկ մինչև յոթ օր՝ մշտապես հրավիրվածների հոծ բազմության ներկայությամբ, քանի որ արևելյան ազգերի հյուրասիրությունը ոչ չափ ունի և ոչ սահման։ Հրավիրված կանայք չէին կարող նստել տղամարդկանց սեղանին։ Կանայք կերակուրներ էին պատրաստում և հսկում սեղանի սպասարկությունը։

Հիսուսի մայրը ևս այդ հսկողների մեջ էր, երբ հարսնևոր ընտանիքի շվարած դեմքը և սպասարկու կանանց հանկարծակի իրարանցումը դադարեցրին հրավիրվածների սեղանի ուրախությունը, և զգացվեց, որ մի կարևոր բան պակասում էր կամ էլ սպառվել էր։ Քիչ անց Մարիամը Հիսուսին ասաց, որ «գինի չունեն»։

Հանկարծակի «բացահայտված» թերությունն իսկապես արժանի էր հարուցված շշուկին ու աղմուկին, քանի որ գինին հացկերույթի սեղանների շունչն էր համարվում։ Եվ եթե այդքան կանանց մեջ միայն Մարիամն իր վրա վերցրեց այդ թերությունը վերացնելու հոգսը, պատճառն այն էր, որ հրեաները սովորություն ունեին հարսանեկան հրավերների ժամանակ նվերներ տանելու այնպես, որ մեկը հարսանիքի համար անհրաժեշտ միսն էր նվիրում, մեկ ուրիշը բավականաչափ հաց, մյուսը գինի կամ յուղ, մեկ այլ հրավիրված էլ մրգեղենն էր տանում։ Հավանաբար գինին նվիրողն էլ Մարիամն էր՝ Հիսուսի մայրը, որը, լսելով գինու պակասության մասին, Հիսուսին ասում է․ «Գինի չունեն»։

Մարիամի այդ խոսքը երկու իմաստ ուներ, և Հիսուս Իր մոր վարանած դեմքին կարդում էր նրա սիրտը։ Մարիամի փափագն էր բազմության առջև չկորցնել իր պատվավոր դիրքը, և այդ պարագայում նրան այլ բան չէր մնում անելու, եթե ոչ դիմելու այնտեղ եղող իր որդուն։

Մյուս կողմից էլ Հիսուս զգում էր, որ կարող է Իր աստվածային զորությունը ցույց տալ, բայց դեռևս վաղ էր համարում այդ աստվածային զորությունը ցույց տալը, այդ իսկ պատճառով էլ մորը պատասխանում է, որ Իր ժամանակը դեռ չի հասել․ «Իմ ժամանակը դեռ չի հասել»։ Սակայն կարծես մայրական աղաչանքի ձայնը ազդում է Հիսուսի սրտին ու Նա համաձայնում է կատարել մոր ցանկությունը։ Եվ Մարիամը՝ գոհունակ ու վստահ հայացքով, սպասավորներին պատվիրում է իսկույն կատարել Հիսուսի հրամանը։

Այնտեղ կային մարմարյա վեց թակույկներ, որոնք ծառայում էին հրեաների առտնին մաքրությանը և որոնցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։ Հիսուսի հրամանով սպասավորներն այդ թակույկները լցնում են ջրով ու տանում են սեղանապետի մոտ, որ փոքր ու մեծ հավաքույթների ժամանակ հացկերույթի սեղանները հսկող պաշտոնյան է։ Նա ճաշակում և իսկույն գլխի է ընկնում, որ իր ըմպածը պատվական ու անուշ գինի է։

Հրաշքը կատարված էր․ ջուրը վերածվել էր գինու։ Զարմանքը պատել էր ամենքին։ Մի կողմից սեղանապետը, իրավիճակից անտեղյակ, իր պաշտոնի բերումով դիմում է տանտիրոջը՝ ասելով․ «Քանի որ ամեն մարդ նախ քաղցր ու լավագույն գինին է մատուցում իր հյուրերին, ուրեմն ի՞նչ է նշանակում սա, երբ դու, ընդունված սովորությանը հակառակ, մինչև այս պահը «թաքցրել» ես այդ գինին»։ Ոչ պակաս մեծ էր նաև հրավիրյալների զարմանքը, սակայն այն երկարատև չէր և նրանց սրտում որևէ արդյունք «չգրանցեց», քանի որ նրանք հոգեկան պահանջ չունեին և մտքի ու գիտակցության ջանք չգործադրեցին իրենց այդ հետաքրքրությունը բավարարելու համար։

Բնականաբար այս ամենը չէր կարող ցույց տալ հրաշքի ներքին զորությունը, որն ամենից ավելի ազդեց Հիսուսի աշակերտներին, և մի պահ նրանց լցրեց այն զգացումով, որ Նա, Ում իրենք հետևում էին, սովորական մարդ չէր։ Աշակերտների զարմանքին հաջորդում է մտքի լուսավորությունը, որով կարող էին ներթափանցել աստվածային փառքի խորքերն ու ևս մեկ քայլ կատարել Հիսուսի երկնային զորության գաղտնիքը բացահայտելու համար։

Այնուհետև նրանք սկսում են մոտենալ ճշմարտության լույսին և, իրենց մտքի խավարը փարատելով, ավելի հստակ տեսնել ու իմանալ տիեզերքի Վարդապետի գործերն ու խոսքերը։ Կանայի հարսանիքի հրաշքը, որ Հիսուսի բոլոր հրաշքներից առաջինը եղավ, առաքյալների սրտում դրված հավատքի առաջին հիմնաքարն էր նաև, քանի որ դրանից հետո «Նրա աշակերտները հավատացին Նրան»,- ասում է Հովհաննես Ավետարանիչը։

Կանայի հրաշքը մեկ այլ նպատակ էլ ուներ, այն է՝ հայտնել Հիսուսի փառքը, որի լրումը Նրա գործի ապագա հաջողությունն էր։ Հիսուս նվիրագործում ու անմահացնում էր այն ամենը, ինչ շոշափում էր, իսկ Գալիլիայի փոքրիկ քաղաքում գործված սքանչելիքն իր բոլոր հանգամանքներով հանդերձ քրիստոնյաների մտքում մնացել է իբրև Քրիստոսի ողջ առաքելության խորհրդանիշ։

Աստծու արքայությունը, որը Հիսուս քարոզում էր, Աստծու կողմից մարդկությանն ուղղված հարսանեկան հրավեր է։ Այդ հարսանիքի հավիտենական փեսան Քրիստոս է, որ մարդկային բոլոր հոգիներին հրավիրում է Իր աստվածային հարսնախոսությանը։ Նա մշտապես պատրաստ է մեր մարդկային բնության պարզ ջուրը հոգևոր հարսանիքի արժանի քաղցրահամ ու ընտիր գինու վերածելու։ Բավական է միայն, որ մարդկային սրտի խորքից մի վստահ ու հաճելի ձայն ուղղվի Հիսուսին․ «Գինի չունենք»։

 

Սմբատ եպս. Սաատեթյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

23.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․