Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Աբբա Երենիոսն ասաց եղբայրներին. «Ջանանք համբերել մեծ պատերազմին, քանզի զինվորներն ենք Քրիստոսի՝ երկնավոր թագավորի: Երկրավոր թագավորի զինվորներն սաղավարտներ ունեն իրենց գլխին, իսկ մեր զինվորությունը երկնային շնորհներն են: Նրանք երկաթապատ վահաններ ունեն, իսկ մենք` հավատ, նրանք` գեղարդներ, մենք` աղոթքներ, նրանք` կապարճներ, իսկ մենք` հույս առ Աստված: Նրանց խրախուսողներն ու պսակադրողները զորագլուխներն են, իսկ մեր հավատքի զորագլուխն ու նվիրագործողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նրանք մարտի մեջ արյուն են հեղում, իսկ մենք բարեհաճ մտքեր ենք մատուցում: Երկնային թագավորը թույլ է տալիս դևերին մարտնչել մեր դեմ, որպեսզի չմոռանանք Նրա օգնականությունը. ուստի զգուշանանք մեր մտքերը աղտեղի խորհուրդներով ապականելուց: Եթե Աստծո հետ շուրթերով խոսենք և մեր սրտերը աշխարհի մեջ թափառեն, ապա ինչպե՞ս Նա կլսի մեզ: Խաղաղության և անդորրի մեջ եղած ժամանակ բնավ չենք աղոթում, իսկ երբ ընկնում ենք նեղության մեջ, այնժամ ողջ սրտով, արթնությամբ ու զղջման արտասուքներով մտնում ենք աղոթքի առագաստ: Եվ եթե շուրթերով չենք աղոթում, գոնե մտքով աղոթենք, Տիրոջը մատուցենք մեր սրտի խոսքն ու հեծեծանքները: Ո՞վ կա մեր մեջ, եղբայրնե՛ր, որ չի մարտնչում երկնքի արքայությանը հակամարտ զինվորների  դեմ: Ուստի նմանվենք երեք երիտասարդներին և չարչարանքների հնոցը համարձակությամբ ոտնակոխ անենք (Դան. Գ 19-95): Փորձանքների կայծակներն աղոթքով մարենք և աներևույթ Նաբուգոդոնոսորին ամաչեցնենք: Մեր մարմինը պատարագ մատուցենք կենդանի Աստծուն և մեր բարեպաշտ միտքը՝ որպես ողջակեզ, նվիրենք Նրան»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․