Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Ալեքսանդրիայի եպիսկոպոս հայր Աթանասն ասաց. «Մեզանից շատերն ասում են, «Ո՞ւր են հալածանքները, որ վկայենք և մեռնենք»: Սակայն ես ասում եմ. «Ուզո՞ւմ ես վկայել` մեռի՛ր մեղքերի համար, մեռցրո՛ւ և երկրավոր անդամներդ, քո մտքո՛վ սրբվիր և կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները թագավորների ու բռնակալ իշխաների դեմ էին պատերազմում: Դու էլ ունես ոսոխներ. մեղքե­րի իշխան Սադայելը ու նրա իշխանները` չար դևերը: Սրբերի առջև կուռքերի մեհյաններն էին ու նրանց զոհասեղանները` պղծություննե­րով լեցուն: Իսկ դու մեհյան համարիր որկրամոլությունը, զոհասեղան համարիր փափկասիրությունը, իսկ կուռք` մեղքերի ցանկությունը, որովհետև ով պոռնկության և ցանկությունների հետևից է գնում՝ ու­րացել է Քրիստոսին և կուռքերին է երկրպագում, և իր հոգում Ափ­րոդիտեին ունի` որպես մեղքերի ցանկության մարմնացում և մարմնի պղծություն: Եվ դարձյալ, ով տեղի է տալիս զայրացկոտությանն ու բարկությանը և իրենից դուրս չի հանում այդպիսի խստության ախտը, նա ևս ուրացել է Քրիստոսին և իր հոգու մեջ Արեսն է որպես աստված, քանզի տեղի տվեց բարկացկոտությանը, որը նրան թունա­վորող կուռքն է: Իսկ եթե որևէ մեկը արծաթասեր է ու նյութապաշտ և փակել է ողորմության դուռն իր եղբոր առջև ու չի բացում այն ընկերոջ համար, ապա նա նույնպես ուրացել է Հիսուս Քրիստոսին և պաշտում է կուռքերին: Նրա հոգում Հերմեսն է որպես աստված, քանզի դեռևս արարածներին է ծառայում, և ոչ թե՝ Արարչին, քանզի արծաթասիրությունն է իրապես արմատն ամենայն չարիքի: Իսկ ով այս ախտերից հեռացել է, նա ոտնակոխ է արել կռապաշտությունը, ուրացել է անօրենությունը և վկայել է Քրիստոսին: Նա կատարյալ և ճշմարիտ մարտիրոս է և խոստովանել է բարի խոստովանությամբ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․