Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Խրճիթներում բնակվող մի եղբայր եկավ հայրերից մեկի մոտ և պատմեց նրան իր խորհուրդները, որից նեղվում էր: Ծերն ասաց նրան. «Մեծ ու կարևոր զենքը, որ Աստծո երկյուղն է, դու գետնին ես թողել և ձեռքդ ես վերցրել եղեգնյա գավազանը, որը չար խորհուրդներն են: Ուստի քեզ մոտ վերցրո՛ւ նախ Աստծո երկյուղը, որ հուր է, իսկ երբ եղեգնը գա քեզ մերձենալու` կայրվի հրից, որովհետև չարությունը չի կարող հանգրվանել նրա մոտ, ով Աստծո երկյուղն ունի»: Եվ այս ծերը մեծ էր ա՛յն աստիճան, որ նրա աշակերտն ասում էր նրա մասին, թե քսան տարի չընկողմանեց, այլ ննջում էր նստած տեղում, որտեղ գոր­ծում էր: Ճաշակում էր երեք օրը մեկ: Այդպես կենցաղավարեց քսան տարի: ճաշակելիս մի ձեռքը դեպի երկինք էր բարձրացնում և մյուսով` ճաշակում: Եվ մի անգամ իմ հարցին, թե` ինչո՞ւ ես այդպես անում, հա՛յր, նա ինձ ասաց. «Աստծո դատաստանն եմ դնում առջևս և չեմ կարողանում դիմանալ. դրա համար եմ այդպես անում»: Մի անգամ պաշտամունքի ժամանակ պատահեց, որ ես սաղմոսի մեջ սխալվեցի: Երբ ավարտեցինք պաշտամունքը, ծերն ինձ ասաց. «Երբ ես պաշտա­մունք եմ մատուցում, կարծում եմ, թե հուր կա իմ տակ և այրում է ինձ, և իմ խորհուրդները չեն կարողանում խոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Իսկ ո՞ւր էին քո խորհուրդները, երբ պաշտամունք էինք կատարում, որովհետև սխալվեցիր սաղմոսի մեջ: Դու չգիտե՞ս, որ Աստծո առջև ես և Աստծո հետ ես խոսում»: Մի անգամ էլ գիշերը դուրս գալով` տեսավ ինձ գավթում ննջելիս: Սկսեց լալ ու հեծեծալով ինձ ասաց. «Ո՞ւր են քո խորհուրդները, որ այդպես անհոգաբար ննջում ես»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

 

28.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․