10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Հայր Եսայիասը պատմեց մեզ Հայր Մակարիոսի մասին և ասաց. «Մի անգամ նստած էինք հայր Մակարիոսի հետ՝ երկուսով, և այդ ժա­մանակ Ալեքսանդրիայից յոթ եղբայրներ եկան և փորձելով հայր Մա­ կարիոսին՝ ասացին նրան. «Խրատական խոսք ասա մեզ, հա՛յր, որ դրանով ապրենք»: Իսկ ես տախտակ վերցրի և սկսեցի գրել նրա խոս­քերը, որ ասում էր նրանց: Իսկ ծերը հառաչելով ի խորոց սրտի` լու­սավոր խոսքերով բացեց իր բերանն ու ասաց նրանց. «Ո ՜վ եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրը գիտե ճանապարհը, որով պետք է փրկվի, իսկ դուք կամենո՞ւմ եք ապրել»: Նրանք ասացին. «Շատ ենք ուզում ապրել, սակայն մեզ բռնել և չեն թողնում մեր չար խորհուրդները»: Ծերն ասաց նրանց. «Արդ, եթե կրոնավոր եք, ինչո՞ւ եք աշխարհականների հետ շրջում և նրանց հետ բնակվում, կամ ինչո՞ւ եք ընդհան­րապես մոտ լինում այն տեղին, ուր աշխարհականներն են, և կամ մի՞թե չգիտեք, թե ով հրաժարվում է աշխարհից, այս սուրբ կերպն է ընդունում և սուրբ կենցաղավարություն է ստանձնում, իսկ եթե դարձյալ խառնվում է աշխարհականների հետ` յուրայինների թե օտարների, այսպիսիք և իրենց են խաբում, և Աստծուն, և սուտ ու ըն­դունայն է նրանց կրոնավորությունը: Քանզի ի՞նչ են շահում աշխար­հականներից, եթե ոչ` միայն վշտեր ու մարմնական հանգիստ. այնտեղ չի կարող բնակվել Աստծո երկյուղը, քանզի ո՞վ է կրոնավորը, եթե ոչ` նա, ով միայն Աստծո հետ է ապրում ու միայն Նրա հետ խոսում գիշեր ու ցերեկ: Որովհետև կրոնավորը մեկ ժամ իսկ չպետք է մնա աշխար­հականների հետ, իսկ եթե անհնարին իրավիճակ է` թող մեկ օր մնա, և այս էլ այն դեպքում, եթե այդ գործն անհնար է հետաձգել, կամ՝ եթե վաճառում է իր ձեռագործը և գնում կենսական անհրաժեշտության իրեր, վերադառնալով իր խուցը` թող ջերմ արտասուքներով ապաշ­խարի այդ օրվա համար, որ քաղաքում մնաց՝ իր ձեռագործը վաճառե­լու համար, որովհետև ոչինչ չշահեց դրանից: Քանզի կրոնավորը, որ աշխարհականների հետ է բնակվում, նրանց համար է իր առաքինու­թյունները ավելացնում, քանի որ նախքան նրանց հարելը` նրա կեն­ցաղի սկիզբն այսպես է լինում. պահպանում է լռություն և հեզու­թյուն, քչախոսություն և հանգիստ նայվածք, խիստ պահեցողություն է անում՝ մինչև որ ամենքին հայտնի դառնա, և նրա համբավը դուրս է գալիս, և անունը հռչակվում է, թե` այսինչ անուն կրոնավորը սուրբ է և առաքինի: Դրանից հետո սատանան դրդում է այնտեղի աշխար­հականներին՝ աշակերտելու նրան և լիացնելու նրա պետքերն ու ու­նեցվածքն առատորեն, ինչպես նաև՝ հացի, գինու և ձեթի կարիքները, և սկսում են գովել և ասել. սուրբ, սուրբ, սուրբ է: Իսկ նա՝ եղկելի կրոնավորն այն, ինչպես որ բնորոշ է ամբարտավանությանն ու սնա­փառությանը, լսելով սուրբը և գովեստի խոսքերը՝ փքվում է, այնու­հետև սկսում է նստել նրանց հետ, ուտել, խմել և պարարտանալ, և կեղծավորներից նյութական բարիքներ ստանալով` նախապես պահ­քով սկսածը վերջացնում է հղփացած գինարբուքներով` այդ ամենը հյուընկալություն և հոգեշահություն կոչելով: Ապա արբենալուց հե­տո վեր կենալով՝ սկսում է հսկման աղոթքներն անել և երգելիս բարձ­րացնում է ձայնը, մինչև որ իր հետ եղող խաժամուժը սկսում է գովել նրան և ասել, թե իբր այս մենակյաց սուրբը հրեշտակային ձայնով է բարեպաշտություն անում և խիստ հսկում ու աղոթում է: Եվ դրանից ավելի է գոռոզանում եղկելին ու հանկարծակի դեն է նետում իր խո­նարհությունը, և դիվական ամբարտավանության հոգին է համակում նրան. և եթե մեկը ոչ մեղմորեն մի բան ասի նրան, խիստ ու կոպիտ պատասխան կտա՝ ահեղ ձայնով, գոռոզ խոսքերով և վայրագ հայաց­ քով: Եվ մինչ նա այսպես համառում է աշխարհականների մեջ և գի­րանալով լցնում է որովայնն ու հոգին՝ կրկնակի ախտերով, գինին սաստիկ կերպով նրա սիրտն է մխրճում պոռնկության նետերը՝ դեպի կանայք ու երիտասարդները, և խեղդում ու նեղում է նրան դրանով և կենցաղային ամեն տեսակ հոգսերով, ձգում է նրան մինչև մեղքերի խորխորատները, կամ նրանում, ինչ որ Տերն ասաց, թե` «Ամեն մարդ, որ կնոջ նայում է՝ նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. Ե 27-28): Ապա թե այս էլ արհամարհելով առաս­պել համարի, այնժամ դևից գայթակղվելով` ամբողջապես կընկնի շնության մեջ` կամ մարմնավոր ազգակիցների հետ, որն ուրիշները  չեն էլ կասկածի, կամ խոստովանաքույրերի ու դուստրերի հետ, կամ իրեն աշակերտող երիտասարդների հետ, և այսպես կտրվելով Աստ­ծուց` կհեռանա Նրանից, հեշտասիրության մեջ կընկնի և արհամար­հելով մեղքը՝ կկորչի իսպառ: Այնուհետև կսկսի ամբողջ տարին ու­ նեցվածք կուտակել` պատճառ բռնելով իր կարիքներն ու շատ հյուրեր ունենալը, և այդպես՝ երկու-­երեք տարի, և մեծամասամբ կսկսի աշ­խարհիկ գործեր անել, բազում ոսկի ու արծաթ և ամեն տեսակ իրեր հավաքել, մինչև որ դևերը նրա մեջ սերմանեն ամենայն չարիքների արմատը` արծաթասիրությունը, ինչը կրկնակի կռապաշտություն է: Եթե մեկը նրան փոքր­ինչ ոսկի, արծաթ կամ այլ բան տա, ետ կդարձ­նի` ասելով. «Դա ինձ պետք չէ, որովհետև ոչ մեկից բնավ որևէ բան չեմ վերցնում»: Այսպես կտրտմեցնի ու ամոթով կթողնի բերողին: Իսկ եթե մեկը նրան բերի բազում ոսկի ու արծաթ, որը հաճո թվա իրեն, հապշտապ կվերցնի ցնծությամբ, շուտափույթ ճոխ և ամեն բարիքնե­րով լի սեղան կգցի, ծաղկահոտ գինիներ կբերի և կսկսի հղփացածու­թյամբ ուտել ու խմել և հյուրերին հրամցնել: Իսկ աղքատներին, առա­վել ևս Քրիստոսին, որ դրսում կանգնած բախում է դուռն ու խնդրում, ոչ ոք չի լսի և ոչ ոք չի ողորմի նրան: Այսպիսիների մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Ավելի դյուրին է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Երկնքի Արքայություն մտնի» (Մատթ. ԺԹ 24, Մարկ. Ժ 25, Ղուկ. ԺԸ 25)»: Մի՞թե ձեզանից մեկը կարող է ասել` ես մեծա­տուն չեմ և ոչ էլ հարուստ, իսկ մեկ ուրիշը, թե` ինձ ոչինչ պետք չէ ուրիշից, այլ իմ ձեռքերով կստեղծեմ, Աստված տվեց ինձ, ու ես իմն ունեմ: Այժմ ասացե՛ք ինձ, ո՜վ հայրե՛ր, հրեշտակները երկնքում եր­բևէ ոսկի հավաքո՞ւմ են: Ո՛չ, այլ միայն Աստծուն են փառաբանում: Եվ արդ, մենք, ո՜վ եղբայրնե՛ր, ինչո՞ւ ենք հանդերձավորված նրանց պես: Կերպարանափոխվեցինք, որ ձեռք բերենք ու հավաքենք բա­զում ոսկի ու արծա՞թ, թե՞ նրա համար, որ հրեշտակների պես սուրբ ու անինչ լինենք: Մի՞թե չգիտեք, որ այն դասը, որից նրանք ընկան երկիր, կրոնավորները պետք է լրացնեն: Ուրեմն՝ ինչո՞ւ հրաժարվե­ցինք աշխարհից, իսկ եթե հրաժարվում ենք, ինչո՞ւ ենք երկմտում ու ետ դառնում խոնարհության ճանապարհից: Կամ՝ չգիտե՞ք, որ գինին, ոսկին ու արծաթը, կանայք, մարմնի հանգիստն ու նրա հեշտանքները, ինչպես նաև աշխարհականների հետ խառնվելը և նման այլ բաները մեզ հեռացնում են Աստծուց. «Քանզի բոլոր չարիքների արմատը ար­ծաթասիրությունն է (Ա Տիմ. Զ 10), և այնչափ չար է, որ արծաթասեր կրոնավորը հեռու է Աստծուց այնքան, որքան երկիրը` երկնքից: Եվ իսկապես, չկա՛ ոչինչ ավելի չար, քան արծաթասեր մենակյացն է: Եվ ովքեր կանանց, երիտասարդների և աշխարհականների խոսակից կրո­նավորներ են, բոլոր մարդկանցից առավել ողբալի են: Հենց սրանցից պետք է փախչեն կրոնավորները. դրանք Աստծուց մերժվածներ և դևե­րի բաժին դարձածներ են: Չե՞ն լսում` ինչ է ասում Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, նա Աստծո սիրո մեջ չէ» (Ա Հովհ. Բ 15-16): Այսպես նաև Հակոբոս առաքյալն է խրատում մեզ և ասում. «Ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. Դ 4): Փախե՛ք, ով եղբայրնե՛ր, փախե՛ք աշխարհից, ինչպես մեկը կփախչի քարբ օձից, քանզի օձերն ում խայթում են, դժվար է բուժ­վում, այդպես էլ` աշխարհը: Եթե կամենում ենք կրոնավոր լինել, փախչե՛նք աշխարհից, քանզի լավ է մեզ համար մեկ պատերազմ ու­նենալ, քան՝ բազում և անթիվ պատերազմներ: Ուրեմն, ասացե՛ք, ո՜վ հայրե՛ր և եղբայրնե՛ր, որտե՞ղ ստացան առաքինություն սուրբ հայ­րերը՝ քաղաքներում ու գյուղերո՞ւմ, թե՞ անապատներում ու անտառ­ներում: Եթե նրանք այնտեղ ստացան առաքինություն, մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ քաղաքներում ու գյուղերում: Եթե չքաղցենք և չծարավենք, չմրսենք և գազանների հետ չբնակվենք, կարճ ասած` եթե մարմնով չմեռնենք, ինչպե՞ս կապրենք հոգով: Եվ ինչպե՞ս ենք կամե­նում ժառանգել Երկնքի Արքայությունը. աշխարհականների հետ բնակվելո՞վ: Նայեցե՛ք թագավորների զինվորներին: Եթե զինվորը չպատերազմի և չհաղթի, պատվի չի արժանանա: Մենք՝ առավել ևս. ուտելով ու խմելով, աշխարհականների ու էգերի հետ խառնակվելով` չենք մտնի Երկնքի Արքայություն: Թ՛ող մեզ չհամոզեն չար դևերն իրենց խորհուրդներով՝ ասելով, թե՝ ունեցվածք հավաքեցե՛ք, որ ողոր­մություն անեք, քանի որ եթե մեկը ճրագուի յուղից ողորմություն չի անում, նա բյուր տաղանդներից էլ չի անի: Մի՛ եղեք այդպես, եղբայր­նե՛ր, մի՛ եղեք, դա աշխարհականների գործ է: Աստված չի կամենում, որ մենք` կրոնավորներս, արծաթ և ոսկի ունենանք, ոչ էլ թանկարժեք հագուստներ կամ նյութական այլ ունեցվածք, և ոչ էլ ողորմող լի­նենք, քանզի Տերն ինքն ասում է. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ վարում են, ո՛չ ցանում, ո՛չ էլ շտեմարաններում են հավա­ քում, սակայն ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց» (Մատթ. Զ 26): Կրոնավորը, որ կուտակում է ոսկի կամ արծաթ կամ այլ ունեց­վածք, չի հավատում, թե Աստված կարող է կերակրել իրեն: Իսկ եթե մեզ հաց չի կարող տալ Աստված, ապա և Արքայություն էլ չի կարող տալ: Նաև սա՛ իմացեք, որ եթե մեկն ունենա ինչ­որ պետքական իր, և որևէ աշխարհական դրանից մեկ ուրիշը բերի նրան, դա Աստծուց չէ, այլ սատանայի ազդեցությամբ է, իսկ եթե չունենա և խնդրի մեկ­եր­կու անգամ, և ինչ­որ մեկը բերի` դա Աստծուց է ուղարկված, ինչպես որ Դանիելին` առյուծների գբի մեջ (Դան. Զ), քանզի Աստված գիտե ճիշտ ժամանակին շնորհել պետք եղածը: Իսկ եթե մեկը կարիքի մեջ չէ, կամ թե ունի ոսկի, արծաթ կամ այլ ունեցվածք և չի բաժանում այն, այլ սպասում է, որ մեկը գա և ինչ­որ բան բերի իրեն, նա մեղսակից է լինում Հուդա Իկարիովտացուն, ով թողեց բժշկության շնորհն ու առաքելական վիճակը, որ Տիրոջից էր ստացել, և արծաթասիրության ցանկությունից խեղդվեց: Այս գիտենալով` երանելի Պողոսը բոլոր չա­րիքների արմատ և կռապաշտություն անվանեց այն (հմմտ. Ա Տիմ. Զ 10): Տեսե՛ք, ո՜վ եղբայրնե՛ր, թե ինչպիսի գբի մեջ է գցում կրոնավորին այս ախտը, մինչև իսկ կռապաշտության մեջ է գցում նրան, քանզի այդ­ պիսին ճշմարտապես հեռանում է Աստծուց և ոսկուն ու արծաթին է երկրպագում, որը ձեռագործ կուռքերի և մարդկանց ստեղծածն է»: Ո ՜վ չար արծաթասիրություն, որ կրոնավորներին հեռացնում ես Աստ­ծո սիրուց: Ո ՜վ արծաթասիրություն, որ դառնագույն նենգություն ես, որ զրկում ես մենակյացներին հրեշտակների դասակարգությունից: Ո ՜վ արծաթասիրություն, որ բոլոր չարիքների արմատ կոչվեցիր, որ կրոնավորներին դարձնում ես ավելորդ ունեցվածք կուտակող: Ո ՜վ արծաթասիրություն՝ բոլոր չարիքների ժողովարան, որ մենակյացի լե­զուն սրում ես անարգանքների, ատելության, խառնակչությունների և կռիվների համար, մինչև որ հասնի աշխարհիկ ատյան: Վա՜յ արծա­թասեր կրոնավորին, քանզի նրա մեջ է բնակվում հղփության ու կռա­պաշտության դևը: Վա՜յ արծաթասեր մենակյացին, քանզի Աստծո օրենքը լուծարեց, որ ասում է. «Մի՛ վերցրեք ոսկի և արծաթ» (Մատթ. Ժ 9). վա՜յ նրան, որ մեծամեծ օրենքները պահելով՝ այս մեկում Աստ­ծուն ուրացող եղավ: Բազում անգամ դևը խորհուրդ է գցում արծա­թասեր կրոնավորի սիրտը և ասում. «Այս գիշեր հսկո՛ւմ արա և լուսա­բացին հրավիրի՛ր եղբայրներին և ընդունելություն ու հյուրասիրու­թյուն արա: Տո՛ւր ունեցվածքդ եղբայրներին և կարոտյալներին»: Եվ դարձյալ թուլացնում է և ասում. «Չե՛ս կարող նման բան թույլ տալ, ծանուցի՛ր ինձ լռություն և պահք. երրորդ, վեցերորդ և իններորդ ժա­մերի աղոթական կարգը կկատարեմ, և ողջ ցերեկը պահեցողություն կանեմ»: Եղկելին չի հիշում Տիրոջ խոսքը, որ ասում է. «Ոչ բոլորը, որ ինձ Տե՛ր, Տե՛ր են ասում, կմտնեն Երկնքի Արքայություն, այլ` ով կկա­տարի իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթ. Է 21): Այս էլ են ասում, թե ինչ վնաս կտան ոսկին ու արծաթը, որոնք ողորմության նյութ են: Չեն կարողանում գիտակցել այն, որ ուր ժողովված են ոսկին, արծաթը և երկրային նյութը, այնտեղ կսողոսկեն ամեն տեսակ ախտեր, և նրանց հետ կմտնեն բազում դևեր, որը և հոգու և մարմնի հեղձումն է, քան­զի ոչ մի բարի բան չի կարող բնակվել այնտեղ, ուր ագահությունն է, այլ` կոծ մշտնջենավոր և վայ անպակասելի: Եվ ինչպե՞ս կարող է Նրա մոտ բնակվել ագահ և արծաթասեր կրոնավորը, քանզի թողեց իր Արարչի կամքը, Ով իրեն կանչեց հավիտենական կյանքի, և ոսկի պաշ­տելով՝ հավաքում է այն: Բազում անգամներ այսպիսի կրոնավորի սիրտը զղջում են գցում դևերը, և նա սկսում է տրտմել ու հոգոց հա­նել, կուրծքը ծեծել, արտասվել ու ասել. «Ահա՛ Աստված տվեց ինձ շատ ոսկի ու արծաթ, ինչո՞ւ չտամ սրանից աղքատներին»: Հետո զղջալիս շուտափույթ հիշում է ոսկու սերը, թողնում է զղջումն ու արտասուքը: Ո՛չ կարողանում է մեկ դանկ անգամ տալ ուրիշներին, ո՛չ էլ կարողանում է չարն արմատախիլ անել սրտից»: Ո ՜վ իմ սիրելի՛ եղբայրներ, ինչի՞ց է, որ մենք` մենակյացներս, ունենք ոսկի, արծաթ և բազում հանդերձներ, սակայն չենք դադարում հավաքել, իսկ աղքա­տը` նույն ինքը Քրիստոս, տկար, մերկ ու քաղցած շրջում է դրսում, բայց ոչ մի բարի բան չենք գործում Նրա համար: Արդ, ի՞նչ պատաս­խան ենք տալու այն ահավոր օրը: Թեև հրաժարվում ենք աշխարհից, սակայն դարձյալ նրա մեջ ենք դեգերում ու շրջում, և՛ երկմտում ենք, և՛ ստում մեր տեսակի ու կարգի մեջ. սա հրեշտակային է, բայց մենք այն դարձնում ենք երկրավոր­կենցաղային, առավել սիրում ենք ան­ցավորները, քան վերնայինները: Բնավ բարի բան չենք անում. եթե անում ենք էլ, ապա՝ մի կերպ և այն էլ կեղծավորությամբ և մարդկանց ցուցադրելով, որպեսզի փառավորվենք մարդկանցից: Իսկ արծաթասի­րությունը ոչ թե անպայման մեծաքանակ ոսկով ու արծաթով կամ մեծ ունեցվածքով է որոշվում, այլ՝ մինչև իսկ մեկ դանկով, քանզի ով փոքրն իսկ սիրի, նա չար է ու արծաթասեր: Եվ ողորմությունն էլ ոչ թե ունեցվածքի առատությունից է, այլ` տվողի կամքից, նույնը և ար­ ծաթասիրությունը` ոչ թե շատությունից է, այլ` սիրողի կամքից: Մի՛ արեք այդպես, սիրելի՛ եղբայրներ, մի՛ արեք այդպես, այլ փախեք աշ­խարհից, քանզի եթե անապատում հոգով ապրելը դժվար է, որչա՜փ դժվար կլինի աշխարհի մեջ: Եվ ինչպե՞ս կարող ենք աշխարհականնե­րի և խառնաշփոթի մեջ ապրել: Արդարև հայտնի է, որ հնարավոր է ապրել ըստ Տիրոջ խոսքի, որ ասում է. «Ամեն ոք, որ չի հրաժարվում աշխարհից և նրա բոլոր գործերից և չի ատում իր անձը, ինձ արժանի չէ» (Ղուկ. ԺԴ 33): «Կենդանի եմ ես»,– ասում է Տերը (Հովհ. ԺԴ 19), «Ելե՛ք նրանց միջից և գնացե՛ք, մերժեցե՛ք ձեր անձանցից չարը»: Տեսե՛ք, ո՜վ իմ սիրելի՛ եղբայրներ, թե որքա՜ն շահաբեր է աշխարհականների խոսակցություններից փախչելը: Նրանց խոսքերը՝ գնելու և վաճառե­լու, տնկելու և սերմանելու, շինելու և վիճելու, կանանց և մանուկնե­րի, ունեցվածքի, ոսոխների և ատյանների, հոտերի և ոչխարների մա­սին են, իսկ այսպիսի մտավարժանքներն ու դրանց ունկնդրությունները հեռացնում են մեր խորհուրդներն Աստծուց: Եթե միայն նրանց խոսակցությունները հեռացնում են մեր խորհուրդներն Աստծուց, ապա նրանց հետ ուտելն ու խմելը և ապրելը որքա՜ն վնաս կտան մեզ: Սա բնավ չի նշանակում, թե նրանք անսուրբ են ու պիղծ, քավ լիցի. այլ նրանք ուտում են օրը երկու­երեք անգամ, ուտում են և պարարտ կերակուր, և միս, և ըմպում են անհագորեն, բայց դա նրանց չի վնա­ սում: Իսկ մենք հրաժարվել ենք մսից, ամեն տեսակ գիրացնող կերա­կուրներից, ճաշում ենք օրական մեկ անգամ: Ի հավելումն այս ամենի` եթե տեսնում են մեզ ուտելիս ու հագենալիս, իսկույն ևեթ բամբա­սում են մեզնից և ասում. «Ահա՛ ուտող, հարբեցող և որկրամոլ կրո­նավորներ»: Նրանք չեն էլ հասկանում, որ մենք էլ իրենց նման տկար մարմին ենք: Իսկ եթե տեսնեն՝ չենք ուտում և պահեցողություն ենք անում, բամբասելով կասեն. «Ահա՛ սնափառ և մարդահաճո կրոնա­վորներ»: Նրանք մեր պատճառով իրենց հոգին են կորցնում: Եվ դարձ­յալ՝ եթե մեզ տեսնեն անլվա ուտելիս կամ անարգ զգեստներով և բոբիկ, կասեն. «Ահա՛ խենեշներ և ախտաժետներ, գարշահոտներ ու խաբեբաներ»: Իսկ եթե մեկին տեսնեն լվացված և հագնված, կասեն. «Ահա՛ պճնվողներ, գիրուկներ և միմոսներ»: Նրանք այսպես ասելով՝ կորցնում են իրենց հոգիները մեր պատճառով, իսկ մենք դառնում ենք պարտական և պատճառ նրանց կորստյան: Ուրեմն՝ փախչելով փախչենք նրանց հրավերքներից ու սեղաններից, ո՜վ եղբայրներ, և զատենք մեզ նրանցից. և նախընտրենք նրանց պարսավանքները, աղաչում եմ, քանթե գովաբանությունները, թեկուզ հայր կամ եղ­բայր կամ ազգականներ լինեն, քանզի նրանց սերը, ողորմելը կամ գովելը մեզ հավիտենական տանջանքների են մատնում, իսկ նրանց ատելն ու բամբասելը մեզ համար փառաց պսակի պատճառ են: Որով­հետև՝ ի՞նչ կշահենք, եթե մարդկանց հաճո լինենք, սակայն մեր Տեր Աստծուն բարկացնենք: Եվ այս ամենը վկայում է Պողոս առաքյալը և ասում. «Եթե տակավին մարդկանց հաճո լինեի, ապա Քրիստոսի ծա­ռա չէի լինի» (Գաղատ. Ա 10): Ուրեմն, աղոթենք ամենքս առ Տեր և ասենք. «Հիսո՛ւս Քրիստոս, Աստված մեր, հեռացրո՛ւ մեզանից մեր նեղիչներին ու թշնամիներին, մեկուսացրո՛ւ մեզ աշխարհականներից, փրկի՛ր մեզ մարդկանց գովեստներից ու պարսավանքներից»: Եվ չա­նե՛նք որևիցե մի գործ նրանց հաճոյանալու համար, քանզի նրանց գովեստները ո՛չ կարող են մեզ Երկնքի Արքայություն տանել, ո՛չ էլ նրանց պարսավանքները կարող են փակել մեր մուտքը դեպի կյանք: Եվ ա՛յս իմանանք, եղբայրնե՛ր, որ ամեն դատարկ բանի համար վերջին օրը հաշիվ ենք տալու մեր Տեր Աստծո և Արարչի առջև»: Հայր Մա­կարիոսը դադարեց խոսել, իսկ նրանք գնացին` երանելիի լուսազարդ խոսքերից հոգով ու մտքով նորոգված»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․