3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Կենդանիները և թռչունները պատկերների խորհրդաբանական կազմում

Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն): Առաջինների թվին են պատկանում հաճախակի հանդիպող առյուծները, օձերը, որոնք երբեմն պատկերված են հերալդիկ դիրքերով: Կարելի է ճանաչել նաև որոշ թռչուններ՝ սիրամարգեր, աքաղաղներ, թութակներ, արագիլներ, կաքավներ, թոնձեր և այլն: Ավելի շատ են անճանաչելիորեն ոճավորված, իսկ երբեմն էլ կենդանական աշխարհի պարզապես երևակայական ներկայացուցիչներ: Այդ կենդանական աշխարհը մեկուսացված չէ. ներմուծված լինելով բուսական բարդ պարուրազարդերի և հյուսքերի մեջ՝ այդ կերպարները, անկասկած, ունեին խորհրդանշական իմաստ:

Պատկերագրության մեջ աղբյուրի մոտ պատկերված թռչունները խորհրդանշում են ավետարանիչներին, որոնք Սուրբ Հոգու աղբյուրից հագեցնում են իրենց հոգևոր ծարավը (սրանք երբեմն խորհրդանշում են նաև բոլոր նրանց, որոնք հագեցնում են իմացության իրենց ծարավը՝ ճշմարիտ հավատքին հաղորդվելով): Փաթաթվող պարանոցներով սիրամարգերը Հին և Նոր Կտակարանների միասնությունն են: Մանրանկարչության մեջ հանդիպում ենք թռչնի պատկերի՝ կանգնած սկիհի ձև ունեցող ոսկյա մի անոթի մեջ, որը դրված է թանկագին քարերով զարդարված ոսկյա ափսեի վրա: Վիզը ծռած, կտուցը կրծքին հենած թռչունի դիրքը նույնն է, ինչ որ հավալուսնինը, որը պատառում է կուրծքը և իր սեփական արյունը հեղում ձագերի վրա, որպեսզի վերակենդանացնի նրանց: Նա իր ճտերին կերակրում է սեփական մարմնով՝ իր կյանքը զոհաբերելով նրանց: Այդ պատճառով հավալուսնը խորհրդանշում է Քրիստոսին, Ով նույնպես Իրեն զոհաբերել է հանուն մարդկության փրկության: Հավալուսնը Քրիստոսի պատկերն է, որովհետև խաչված Հիսուսի կողից ջուր ու արյուն ցայտեց: Ջուրը՝ մկրտությունն է, իսկ արյունը՝ այն գինին, որ Հիսուսն օրհնեց ասելով. «Բոլորդ էլ խմեք սրանից. սա Իմ արյունն է» (Մատթ. 26:28): Հետևապես հավալուսնը խորհրդանշում է միաժամանակ Քրիստոսի մկրտությունն ու չարչարանքները: Մկրտության և չարչարանքների առնչության մասին նշել են նաև եկեղեցու հայրերը, որոնք բացատրում են, թե՝ «մկրտությունը ոչ թե սոսկ մեղքերի թողություն է և Աստծո որդեգիրը դառնալու շնորհ, այլ նաև չարչարանքների նախատիպը»: Քանի որ հավալուսնը, ինչպես նաև թոնձը ձկնորս թռչուններ են, խորհրդանշում են առաքյալներին՝ մարդկային հոգիների ձկնորսներին: Խաչի կողքերին պատկերված աքաղաղները խորհրդանշում էին Հարությունը, որին մարդիկ պետք է արժանանան Սուրբ Խաչի զորությամբ: Այգաբացի ազդարար աքաղաղը զուգորդվում էր մարգարեների՝ ապագայի նախագուշակների հետ: Միևնույն ժամանակ աքաղաղը Պետրոսի ուրացման խորհրդանիշն էր: Գլխազարդերի վերևում պատկերվում են հակընդդեմ զույգ հավքեր, որոնք սովորաբար տեղադրված են լինում խաչի երկու կողմերում կամ էլ աղբյուրից ջուր խմելիս: Կաքավները խորհրդանշում են առաքյալներին:

Միջնադարյան զարդանկարչության մեջ կան բազմապիսի ու բազում կենդանական պատկերներ: Մանրանկարչության մեջ կենդանիների պատկերներն աչքի են ընկնում որոշակի բնականությամբ: Բավական իրական ձևով են պատկերված թռչունները՝ աքաղաղները, բադերը, կաքավները, փասիանները: Բավականաչափ բնական են պատկերված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում քիվերի տակ փորագրված կամ որթազարդի մեջ առնված կենդանիներից շատերը: Լավ է արտահայտված ցուլի շարժումը և նրա պոզերից բռնած տղան: Այդպիսին է նաև եղնիկի ու նրա ձագի քանդակը: Վազող կենդանիները երբեմն պատկերված են «թռիչքային վազքի» դիրքով, բայց տեսնում ենք նաև այլ դիրքեր: Այս կենդանիների դեմքերը աչքի են ընկնում մեծ արտահայտությամբ, օրինակ արջինը, որն անհագորեն խաղող է խժռում: Այս բնական ձևերին զուգընթաց, և հատկապես ճակատների ներքին մասերի վրա, տեսնում ենք տարբեր դիրքերով պատկերված առասպելական կռվող կենդանիներ, մեջքով իրար հենված, մարտնչող գազաններ, երիզավորված պոչերով, թևերով ու վզերով թռչուններ:

Որմնանկարների մեջ տարբեր կենդանիների վզերի կամ թևերի վրա կարելի է տեսնել ուլունքավոր, ասեղնագործ երիզներ: Երևանի Մատենադարանի հայկական հին ձեռագրերից մեկի կազմը բաղկացած է բոլորակներից, որոնք պարզեցված ձևով տրված ծառի կողքերին իրար կտցող թռչուններ են ներառում: Բոլորակների լայն երիզները նախշված են չորս զույգ դիմագրավող սիրամարգերով, որոնք իրարից բաժանված են ծաղկամոտիվներով:

Թորոս Տարոնացին, զգալի ուշադրություն նվիրելով թռչունների, կենդանիների պատկերմանը, նրանց ֆիգուրներից, մեծ մասամբ, կազմել է գլխատառեր: Նա առանձնապես վարպետորեն է նկարում սիրամարգեր ու ձիեր:

Ընդունված սովորական լուծմամբ՝ օձը փաթաթվում է ծառի կոճղին: Աղթամարի քանդակներից մեկը օձին պատկերում է չորս ոտքի վրա, բայց քանի որ այդ ոտքերը շատ կարճ են, ուստի սողունի բնական կերպարանքը չի ձևախեղվում:

Խորանների խորհրդաբանական կազմում կանոնիկ պատկերներից են աքաղաղը, սիրամարգը, զանազան հավքերը, կաքավները: Խորանապատկերներում հանդիպում ենք պատկերների, որտեղ լայնաբերան սկիհի երկու կողմերում պատկերված են թռչուններ: Պատկերագրության մեջ աղավնին Սուրբ Հոգու խորհրդանիշն է:

Քրիստոնեական արվեստում հատկանշական է սիմվոլիկ այն կերպավորումը, որտեղ Հիսուսին փոխարինում է Նրան խորհրդանշող գառը: Սաբեկա ծառի ճյուղերից կախված խոյը խորհրդանշում է Հիսուսին, Ով զոհաբերվեց մարդկության փրկության համար: Խաչելության հորինվածքում նկատելի է մի մանրամասն, որ Ավետարանում բացակայում է, խոսքը խաչի տակ պառկած առյուծի մասին է: Առյուծը համարվում է հայեցության, միայնության, ճգնակեցության մարմնավորումը:

Տերունական պատկերներից Մկրտության տեսարանում Քրիստոսի ոտքերի տակ պատկերված է տապալված վիշապ: Շարակնոցի ութերորդ օրվա կանոնում ասվում է. «Հորդանան գետում Փրկիչը խորտակեց վիշապի գլուխը և իր զորությամբ փրկեց բոլորին»: Ինչպես ցույց է տալիս Մ. Էմինը, այդ կանոնի հիմքում ընկած է Սաղմոսարանի հետևյալ շարադրանքը. «Դու քո զորությամբ ծովը ճեղքեցիր, և վիշապների գլուխները ջրերի մեջ ջարդեցիր» (Սաղմոս ՀԴ 13): Այս շարադրանքի հիման վրա հայկական մանրանկարչության մեջ հայտնվեց Մկրտության տեսարանի նոր տարբերակ, ուր հանդես է գալիս օձ-վիշապը, երբեմն էլ նաև՝ մի քանի վիշապ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

22.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․