Գրքեր

Խաչի մասին

Քրիստոնեության մեջ մեծ տեղ է գրավում Խաչը: Խաչի վրա մեռավ Քրիստոս` Իր զոհագործությամբ մարդկությանը ազատելով չարի ու մեղքի իշխանությունից: Բայց ոմանք թերահավատությամբ ասում են, թե ինչպե՞ս կարելի է մեծարել այն գործիքը, որով սպանություն են գործել: Սակայն այդ մահվան գործիքը Քրիստոսի զոհաբերությամբ դարձավ բանալի, որով բացվեցին Երկնքի Արքայության դռները: Ահա սրանով է, որ խաչը մեծ արժեք է ձեռք բերել: Որոշ աղանդավորներ ընդհանրապես մերժում են խաչը` կարծես վախենալով դրանից: Այստեղ չենք կամենում ծավալվել և աստվածաշնչյան մեջբերումներով ու պատմական փաստերով ապացուցել, որ այն ժամանակ հռոմեական մեծագույն պատժամիջոցներից մեկը մարդկանց խաչի վրա գամելն էր, այլ պարզապես ցանկանում ենք զգուշացնել, որ չմոլորվեք աղանդների պատճառով, որոնք դեռ մեկ կամ երկու հարյուրամյակ առաջ կազմավորված` խոսում են իրենցից դարեր առաջ եղածի մասին` չունենալով ո՛չ ճշմարիտ ավանդություն, ո՛չ ճշմարիտ հավատք և ո՛չ էլ ճշմարիտ աստվածպաշտություն: Մինչդեռ Եկեղեցին ոչ թե նոր է ձևավորվել, այլ սկիզբ է առել Քրիստոսի և առաքյալների ժամանակներից և շարունակաբար եկել հասել է մինչև մեր օրերը: Խաչի հանդեպ այս սուրբ զգացումը երևում է ոչ միայն Խաչին վերաբերող եկեղեցական տոների, այլև մեր ճարտարապետության և մեր ժողովրդի վերաբերմունքի միջոցով: Դրա վկան նաև մեր բազում խաչքարերն են, որոնք սփռված են ողջ պատմական Հայաստանով մեկ և քարե լռությամբ, բայց դարերը հաղթահարող իրենց մշտատևությամբ բաց երկնքի տակ ի լուր ամենքի կարծես գոչում են Պողոս առաքյալի խոսքերը. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6.14):

Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները

Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք, բայց քանի որ Աստվածաշունչն արգելում է բացի Աստծուց որևէ առարկայի պաշտամունք, երկրպագություն մատուցելը, պետք է իմանանք, որ խաչ ասելով` մենք միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:

Եկեղեցական Կանոնագիրքը կարևորում է նաև տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ խաչերի հանդեպ հարգանք ունենալը: Ըստ կանոններից մեկի` եթե հավատացյալը տեսնում է անհավատի ձեռքին այդպիսի մի խաչ անարգվելիս, պետք է ամեն գնով այն ետ վերադարձնի, այլապես նզովյալ կհամարվի: Սա նաև հիշեցնում է Քրիստոսի խաչափայտի գերվելն ու դրա ետ վերադարձվելը յոթներորդ դարում: Հետաքրքրական է, որ ըստ ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Հովհան Օձնեցու

համապատասխան կանոնի` հատուկ հարգանքի արժանի են միայն օրհնված և օծված խաչերը, որովհետև նրանց վրա կա Սուրբ Հոգու զորությունը, և դրանք մարդկանց պահպանություն և մարմնի ու հոգու ախտերի բժշկություն են բերում: Եվ նույնիսկ այսպիսի խաչի պաշտպանության համար հեթանոսներից սպանվածները մարտիրոսներ են համարվում: Նաև չարի ազդեցությունից պաշտպանվելու փրկարար զորություն ենք ունենում, երբ մեզ վրա խաչի նշանն ենք անում, այսինքն` երբ խաչակնքվում ենք:

Հնում շատ էին կախարդությամբ զբաղվողները, որոնք չարի զորությամբ տարբեր կախարդություններ էին անում: Կային կախարդներ, որ հրաժարվելով իրենց չար ընթացքից, դառնում էին քրիստոնեության: Այս պատճառով էլ հատուկ եկեղեցական կանոններ սահմանվեցին այսպիսի անձանց համար, որոնցից մեկի համաձայն կախարդությունից դարձածներին պետք է ընդունել ապաշխարության համար խիստ կանոններ չսահմանելով, որպեսզի այդ խստությունից զարհուրած նորից նույն չարիքին չդառնան, սակայն պետք է խաչանիշ դրոշմ դնել այդպիսի անձանց ճակատին, ուսերին, ձեռքերին և ծնկներին:

Խաչի նշանն ենք անում նաև ուտելիս` աղոթքով գոհանում ենք Աստծուց մեզ կերակուր պարգևելու համար և խաչակնքվում ենք: Չար մարդիկ կարող են իրենց ատելիներին կերակրի միջոցով թունավորել: Նաև պարարտ կերակուրները աշխուժացնում են մարմնի շարժումները, որով մարմնական մեղքի հակումն է առաջ գալիս: Եվ ուտելուց առաջ խաչի նշանն ենք անում, կամ քահանան խաչաձև օրհնում է սեղանին դրված կերակուրները, որպեսզի պարարտ կերակուրները մեղքի չտանեն մարդուն: Դրա համար Եկեղեցու Սուրբ Հայրերը բղջախոհության դեմ պայքարելու համար պահեցողությունն են սահմանել:

Աղ ու հաց կիսելու մեջ ևս խաչի խորհուրդը կա: Վերնատանը Քրիստոս հացը խաչաձև կիսեց, նաև հացն այսպես կիսեց Հարությունից հետո: Եվ սրանից հետո քրիստոնյա ժողովուրդների մեջ տարածվեց աղ ու հաց կիսելու սովորույթը` իբրև բարեկամության, հյուրընկալության նշան, որի հիմքում ընկած է խաչի խորհուրդը: Նաև նոր կառուցված եկեղեցու դուռը դրոշմում են խաչի նշանով և բացում մտնում, ինչը խորհրդանշում է, որ Խաչով բացվեցին Երկնքի Արքայության դռները:

Հին Կտակարանի հայտնի դեպքերը նախօրինակներն են Նոր Կտակարանի իրադարձությունների: Մովսեսը խաչանիշ գավազանով բացեց Կարմիր ծովը (Ելք 14.21), և ժողովրդին առաջնորդեց դեպի տասներկու աղբյուրները և յոթանասուն արմավենիները, որտեղ ժողովուրդը հանգստացավ (Ելք 12.27): Նմանապես Քրիստոս Խաչով մարդկությանը ազատեց մեղքի իշխանությունից, տասներկու առաքյալները զովացրին հավատացյալներին Սուրբ Ավետարանի քարոզությամբ, որոնց հետ նաև յոթանասուներկու առաքյալները, աշխարհի տարբեր կողմերում նստելով իբրև եպիսկոպոսներ, իրենց հոգեշահ գործունեությամբ մարդկանց պարգևեցին հանգստություն, հոգու խաղաղություն, որի բաշխումը այժմ էլ շարունակում է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Ճշմարիտ Եկեղեցին:

Աստվածաշնչում խաչի այլ խորհրդանշաններ ևս կան: Անապատում Մովսեսը պղնձե օձ բարձրացրեց գավազանի վրա, և օձերից խայթվածները բժշկվում էին` նայելով այդ պղնձե օձին (Թվեր 21.9): Նույնպես երբ նայում ենք մեր փրկության համար խաչի վրա գամված Քրիստոսին, այսինքն` երբ մեր սրտերում ընդունում ենք Քրիստոսի զոհագործությունը և հավատում Նրան, արժանանում ենք փրկության: Քրիստոս Ինքը համեմատություն արեց Իր և անապատում վեր բարձրացված օձի միջև Հովհաննու Ավետարանում (3.14-15): Անառակ որդու առակի մեջ զղջացած որդին վերադառնում է չար ճանապարհից հոր մոտ, և հայրը գրկում է նրան (Ղուկ. 15.20): Ողջագուրման մեջ խաչի նշանը կա, որովհետև այդ ժամանակ երկու մարդկանց ձեռքերը այդ գործողությամբ խաչի նշանն են պատկերում: Դա նշանակում է, որ զղջալով` մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ այն ճանապարհով, որ բացված է խաչի շնորհիվ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

12.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․