Գրքեր

Խաչի ու ցավի մասին

Ամեն մեկն էլ ինչ-որ խաչ է կրում: Հիվանդություններ. մեկ դու առողջ էիր, մեկ էլ հանկարծ քաղցկեղով ես հիվանդանում ու սկսում խելագարվել: Ամուսնանում ես, իսկ կես տարի անց հանկարծ կինդ մահանում է: Կամ ամուսինդ: Վեց ամիս տևած ամուսնություն, ես նման դեպք հիշում եմ: Հասկանո՞ւմ ես: Երեխան ծնվում է խնդիրներով, ու դու ծննդաբերության յոթերորդ օրվանից բժիշկների մոտ ես վազում: Ի՞նչ է այս ամենը: Կյանքդ հանկարծ կտրուկ փոխվում է:

Կամ մանկական կաթվածով երեխայիդ հետ այգի ես գնում, իսկ բոլորը քեզ են նայում, անհարմար ես զգում ու ինքդ քեզ ասում. «Այո, սա իմ երեխան է, իմ խաչը: Մինչև ե՞րբ: Չգիտեմ: Բժիշկներն ասացին, որ այլևս այդպես է լինելու»: Մի՞թե դա խաչ չէ:

Իսկ ինչ-որ մեկն էլ աշխատանք չունի: Արթնանում է առավոտյան, ուզում է աշխատանքի գնալ, բայց չունի, փնտրում է, բայց դժվար է գործ գտնելը: Մի՞թե դա ևս խաչ չէ:

Երրորդն իր կաշվից դուրս էր գալիս բուհ ընդունվելու, դիպլոմ ստանալու համար: Եվ ահա վերջապես հպարտանում է, որ ավարտել է համալսարանը, խնջույք է կազմակերպում դիպլոմավոր մասնագետ դառնալու կապակցությամբ: Իսկ հետո ի՞նչ անի այդ դիպլոմը: Նա ուրախանում է դրան նայելով ու գնում սուպերմարկետում աշխատելու. պանիր է կտրատում կաթնամթերքի բաժնում: Ես այդպիսի ընկեր ունեմ, դրա համար էլ ասում եմ քեզ դրա մասին: Մի՞թե սրանք փոքր խաչեր չեն, մի՞թե ցավ չէ: Դա էի ուզում ասել:

Ուր ուզում ես գնա, ամենուր խաչերի կհանդիպես: Ինչ էլ անես, միևնույն է, կյանքի ընթացքում խաչ կրելու ես: Վերջ, դա օրենք է, այլ ճանապարհ չկա:

Եթե մեղքեր գործես, ապա վերջում անպայման խաչ ես կրելու: Մեղքի հատակում քեզ դառնություն է սպասվում: Այսինքն՝ Աստված չի անհանգստանում, Նա ասում է. «Թո՛ղ նրան, այդ երեխան ինչ էլ անի, որքան հեռու էլ գնա, ինչի մեջ էլ խճճվի, որքան էլ փչանա, ուշքի կգա: Ինչ որ բան նրան վայր կիջեցնի, սահուն թե ոչ, բայց ամեն դեպքում նա վայր կիջնի»:

Եթե սխալներ ես գործում, ապա հետո վճարելու ես դրանց դիմաց: Եթե մեղքեր ես գործում, հետո ցավ ես ապրելու: Ես դա շատերի օրինակով եմ տեսել, որ գալով՝ տրտնջում են ու ասում.

- Մենք խաչ ենք կրում:

Բայց բավական է մի փոքր խորամուխ լինել նրանց կյանքում ու անցյալում, տեսնել, թե ինչպես էին ապրում ու հասակ առնում, միանգամից կտեսնես մեղքերն ու անփութությունը: Իսկ նրանք հետո ասում են. «Ես խաչ եմ կրում»: Եվ ես նման մարդուն ասում եմ.

- Ախր ի՞նչ խաչ ես կրում, ա՛յ թանկագինս: Ի՞նչ խաչ: Դու դա խա՞չ ես անվանում: Մի՞թե Աստված է քեզ այն տվել: Ախր դրանք քո սխալներն են, որոնց համար այժմ վճարում ես:

Այսինքն՝ իսկ ի՞նչ էիր ուզում: Երիտասարդությունդ անառակության, հարբեցողության մեջ, գիշերային ակումբներում մսխեցիր և ուզում ես, որպեսզի այժմ ամեն ինչ հալած յուղի պես լինի՞: Դեռ Աստծուն ես մեղադրում, ասում, որ նահատակ ես, խաչ ես կրում: Իսկ մի՞թե Աստված է այդ խաչն ուղարկել քեզ: Ախր ինքդ ես քեզ խորտակել:

Ուրեմն եկեք տարբերակենք, թե ինչ է նշանակում «խաչ եմ կրում» և «սեփական ընտրության ու անբանության պտուղներն եմ քաղում»: Ոչ բոլոր խաչերն են օրհնված, սրբագործված, Սուրբ Խաչի շնորհով ու փայլով դրոշմված:

Մի կին է գալիս ինձ մոտ ու ասում.

- Աշխատավայրում բոլորն իրենց տարօրինակ են պահում, ինձ հետ չեն խոսում, պատերազմ են մղում իմ դեմ:

Որոշ մարդկանց դեմ իսկապես մարտնչում են, չնայած որ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն, սակայն կան այնպիսիք, որ ուղղակի իրենք են դրա համար առիթ տալիս: Եվ ի՞նչ է ստացվում: Մի քիչ փորփրում ես, որպեսզի տեսնես այդպիսի մարդու կյանքն ու այնտեղ քմահաճույքներ ես տեսնում: Եվ մարդիկ, բնավորությանդ չդիմանալով, բնականաբար այնքան էլ լավ չեն վերաբերվում քեզ: Իսկ դու մտածում ես, թե խաչ ես կրում: «Ես խաչ եմ ուրիշի համար»,- ասելու փոխարեն, ասում ես. «Ես եմ խաչ կրում», այսինքն՝ քեզ հավասարը չունեցող հերոս ու մարտիրոս ես զգում: Փոխարենը հարցնես ինքդ քեզ. «Իսկ ես ինչո՞ւ եմ այսպիսին: Ինչո՞ւ է բնավորությունս այսպիսին: Որտե՞ղ եմ դժվարություններ ստեղծում մարդկանց համար: Ինչո՞ւ եմ քմահաճ, եսասեր ու կամակոր»:

Այդ ամենը քո մեջ փնտրիր: Դու խնդիր ունես: Սա հանուն Քրիստոսի հալածանք չէ, որովհետև Տերն ասում է. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար» (Մտթ. 5:10) և մեկ այլ տեղ. «Ինձ համար և Ավետարանի համար» (Մրկ. 8:35): Քեզ Տիրոջ ու Ավետարանի համար չէ, որ հալածում են, այլ քո հիմարության: Ես քեզ չեմ մեկնաբանում, նկատողություն չեմ անում, բայց եթե ես ծանր բնավորություն ունեմ և ոչ մեկն ինձ տանել չի կարողանում, ես չեմ կարող ասել. «Ես հանուն Տիրոջ խաչ եմ կրում»:

Օրինակ՝ մի կին, որը տանը կամակոր է, և՛ եկեղեցի է գնում, և՛ տանը բոլորի համար դժվարություններ է ստեղծում: Կտրուկ է խոսում, մանրախնդիր է, մշտապես վիճում է, բոլորին ուղղում, ձգտում է բոլորին իր բանաձևերին ենթարկեցնել և ուզում է ամուսնուն ստիպել, որ կերակուրն առանց ձեթի ուտի, երբ վերջինս սովոր չէ անգամ Ավագ շաբաթվա ընթացքում պահք պահել, իսկ նա նրանից ուզում է ամեն ինչ ու միանգամից: Իսկ հետո, երբ ամուսինը նրան ասում է. «Այսօր դու այնտեղ չես գնա, ես քեզ չեմ թողնում», նա սկսում է նյարդայնանալ ու ասել.

- Ամուսինս իմ խաչն է:

Բայց չէ՞ որ ինքդ նրան հրահրեցիր: Այդ դեպքում ի՞նչ խաչ: Խաչն այն է, որը Քրիստոս է տալիս: Երբ դու լավն ես, իսկ քեզ հետապնդում են, դա կլինի ճշմարտության, համբավի, մարտիրոսության խաչ: Երբ դու խոնարհ ես, իսկ քեզ զրպարտում են, երբ ընչաքաղց չես, իսկ քեզ արծաթասեր, եսասեր են անվանում: Երբ դու մաքուր ու անբասիր ես, ընթանում ես կուսության ու ժուժկալության մեջ, իսկ քեզ անառակ, մեղավոր ու անբարոյական են անվանում: Այ դա խաչ է, երբ զրպարտում են քեզ: Տերը դա տեսնում է, և հրեշտակները զարմանում են այդ մարդու հոգու փայլով:

Սուրբ Նեկտարիոս Էգինացին խաչ էր կրում. նա սուրբ էր ու խոնարհ, իսկ նրան անբարոյական ու իշխանատենչ էին անվանում, զրպարտում էին: Եվ մինչ կրում էր իր խաչը, չէր խոսում: Արտաքին աշխարհում բոլորը հետապնդում էին նրան, իսկ հոգում Տերն էր, որ քաղցրացնում էր նրա ցավն ու կյանքի դառը թույնը քաղցր մրգահյութի վերածում: Գիտե՞ս, թե ինչեր է կրել այդ սրբի հոգին: Եվ նա որքան է լացել Էգինայի իր սենյակում, երբ ցերեկվա հալածանքներից հետո իջել է երեկոն: Գիտե՞ս:

Այժմ մենք խոսում ենք դրա մասին ու ապշում, բայց նրանք սրբեր էին: Սուրբն էլ ցավ կզգա, եթե խփես նրան, և եթե դանակը նրա սիրտը մտցնես, նա նույնպես ցավից կբղավի: Սուրբ Նեկտարիոսն էլ էր զգում, բայց ամեն ինչի դիմանում էր: Սրբերն էլ անզգամ չեն: Որպեսզի նրան ասեն, թե ինքը անբարոյական է, իսկ նա մտածի. «Ոչինչ, դա ինձ չի վերաբերում»: Դա նրանց վրա թանկ էր նստում: Նա մտածում է. «Ես մարդ եմ, ցավ եմ զգում, բայց, Տե՛ր Աստված, հանուն Քեզ ու Քո վերքերին նայելով ընդունում եմ այս ամենը: Նայում եմ Քո փշե պսակին ու ինքս ինձ ասում՝ լռի՛ր: Ինձ վրա, ինչպես Քրիստոսի, դեռ չեն թքել: Գլխիս փշե պսակ չեն դրել, ինչպես որ Տիրոջ գլխին, ինձ չեն հարվածել, ձեռքերս չեն մեխել: Ես համբերում եմ, որովհետև սիրում եմ Հիսուս Քրիստոսին, իսկ ցավ եմ զգում, որովհետև ամենասկզբից ասացիր ինձ, որ «Իմ կողքին ցավ ես զգալու»:

Տերը ճշմարտությունը քեզնից չի թաքցրել և ասել է.

- Եթե Ինձ մոտ գաս, ապա ցավի ու փորձության միջով կանցնես:

Լաց կլինես, ծանր կլինի քեզ համար, սահմանագծին կհասնես, պատուհաններն ամուր կփակես, որպեսզի ոչ ոք քեզ չլսի, երբ կբղավես.

- Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, փրկի՜ր ինձ:

Եվ ցավից, տառապանքից, անելանելի վիճակից, ամեն ինչից գլուխդ պատերին կխփես: Սակայն Տերն ասել է քեզ դրա մասին: Եվ դու կանչում ես.

- Ինչի՞ համար է այս ամենը:

Իսկ Տերը պատասխանում է.

- Որովհետև, զավա՛կս, դու դրախտի դարպասներից անդին ես: Իսկ այս կյանքում մենք այլ կերպ, քան ցավի միջոցով է, չենք կարող փրկվել:

Դա խորհուրդ է:

Կրկնում եմ՝ այլ կերպ չի ստացվի. այս աշխարհում, որ ապրում ենք, ցավ ենք զգալու: Խաչը խորհուրդ է, իսկ եթե խորհուրդ է, ապա պատասխան չկա: Եվ ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ չեմ կարող պատասխանել քեզ: Չեմ կարող քեզ պատասխանել, սակայն չեմ ամաչում դրանից, և ոչ մեկը չի կարող ինձ ասել, որ սխալ պատասխան եմ տվել: Այս պատասխանը ճիշտ է: Պատասխանը ճիշտ է, երբ քեզ հարցնեն, թե ինչու, իսկ դու պատասխանես՝ չգիտեմ:

Միայն մի բան գիտեմ, որ այդ հարցդ ինձ ուղղված չէ, այլ Տիրոջը: Նրա՛ն հարցրու: Ծնկի՛ իջիր, լա՛ց եղիր, նայի՛ր Նրա աչքերին, այդպես է կապը ձևավորվում. մենք նայում ենք Նրա աչքերին, Ում հետ խոսում ենք:

- Նայի՛ր աչքերիս,- քեզ է ասում Տերը,- նայի՛ր ձեռքերիս, նայի՛ր կողիս, սուրբ գլխի՛ս, ոտքերի՛ս: Եթե կարող ես՝ մտի՛ր հոգուս մեջ («Հոգիս տխուր է մահու չափ» (Մտթ. 26:38)) և խոսի՛ր: Ցավդ դատարկի՛ր, և այնժամ կպատասխանեմ քեզ:

Եվ դու ամեն ինչ պատմում ես Նրան:

Մաղթում եմ, որպեսզի Տե՛րը պատասխանի քեզ, այլ ոչ թե ես: Որովհետև զանգահարում ես ինձ ու հարցնում. «Ախր ինչո՞ւ այդպես ստացվեց իմ կյանքում»: Մի՞թե ես պիտի պատասխանեմ այդ հարցին: Կա Մեկը, Ով կարող է քեզ պատասխանել: Իսկ ես մի բան գիտեմ, որ Տեր Աստված քեզ սիրում է, և բացառված է, որպեսզի Նա սխալ գործի: Գիտեմ նաև, որ ես դրախտի դարպասներից դուրս եմ գտնվում, և ցավն իմ կյանք է մտել, իսկ հոգիս առանց ցավի չի ուղղվի:

Թույլ տուր մի պարզ բան պատմել քեզ: Մի մարդ ինձ ասաց.

- Ինչ մեղք ասես, որ չեմ գործել կյանքում, երբ ամեն ինչ լավ էր:

Ես նրան պատասխանեցի.

- Մենք քեզ հետ գործընկերներ ենք:

- Ի՞նչ նկատի ունես:

Նկատի ունեմ անհոգությունն ու հարմարավետ կյանքը, քանի որ կյանքն առանց խաչի տանում է դեպի հանգստացում. «Այ հիմա արի մինչև վերջ թուլանանք»: Կյանքում ամեն ինչի հանդեպ անտարբեր ենք դառնում, ծույլ ենք, ալարկոտ, պարապ ու անգործ թրև ենք գալիս: Փող ունես ու ծախսում ես, չարաշահում ես ինչ-որ բան: Հետո հանկարծ տնտեսական ճգնաժամ է սկսվում, և դու, հո՛պ, միանգամից ուշքի ես գալիս: Չարաշահումներն ավարտվում են:

Դու մեղքեր էիր գործում, գիշերային կյանք վարում, կնոջդ թողեցիր, բայց ահա մի ցնցում, և դու ուշքի ես գալիս: Ինչ-որ վատ բան է պատահում, բայց այն իր հետ լավն է բերում: Այդ լավն այն է, որ դու ապաշխարում ես, խորհում, հասկանում, որ այս հողը, որի վրա քայլում ենք, հաստատուն չէ, որ գոյություն ունի մահ, գոյություն ունի նաև ավարտ:

Երիտասարդներն իրենց հոգին ախտորոշելիս հաճախ ավելի անկեղծ ու մաքուր են լինում: Մեկն ինձ ասաց.

- Երբ անգլերենի վկայականը ստացա, նույն գիշերը մեղքեր գործեցի:

Դիպլոմ ստանալու համար նա աղոթում էր, ընթերցանության խաչը կրում ու ծանրաբեռնում իրեն: Ավարտական դասարանների քանի՜ ուսանող է ասում.

- Այնքա՜ն եմ կարդում, որ հոգնածությունից անգամ մեղք գործելու ուժ չի մնում:

Խաչը ընթերցանությունն է: Դու ուժասպառ ես, մեղք չես գործում, սակայն երազում ես. «Ամռանը, երբ քննություններն ավարտվեն, ինչ ուզեմ՝ կանեմ»:

Մի՞թե մենք իսկապես այդպիսին ենք: Իսկ մի՞թե այդպիսին պիտի լինի Աստծուն տրված խոստումդ: Նույնն է, թե մարտահրավեր նետես Աստծուն՝ ասելով.

- Տե՛ր Աստված, եթե ուզում ես, որպեսզի ես լավ երեխա լինեմ, ինձ միշտ սանձած պահիր:

Եվ Աստված պատասխանում է.

- Ես չեմ ուզում քեզ սանձած պահել: Ուզում եմ, որպեսզի ինքդ ձգես կյանքիդ գոտին:

Ինչպես վանականները, որ գոտի են կապում, ձգում են այն, և այդ գոտին նշանակում է մարմինը մեռցնել: Նույնը Սուրբ Խաչն է անում քո կյանքում: Եվ Աստված տեսնում է, որ ճգնում ես, և թողնում է, որպեսզի շարունակես ճգնել: Իսկ հերիք է գոտիդ թուլացնես, միանգամից սահմանն անցնում ես, ճամփից շեղվում և հայտնվում օտարի այգում: Եվ Աստված ասում է. «Եթե այս գառնուկին թողնեմ, ապա գայլը նրան կուտի: Ավելի լավ է որևէ դժվարություն, փորձություն, գայթակղություն, հարված ուղարկեմ նրան»,- և դու ճշմարիտ ուղուն ես վերադառնում:

Եթե կրկին շեղվում ես, այնժամ մի 7-8 օրով հիվանդանոց ես ընկնում, նայում ես այնտեղ առաստաղին ու մտածում. «Ի՞նչ անեմ: Ախր ինչպե՞ս կյանքս այսպիսին դարձավ»,- ու կրկին ու կրկին մի լավ խորհում ես ամեն ինչի մասին: Իսկ հետո մտորումներիդ արդյունքում հասնում ես Աստծուն ու կյանքի իմաստին:

Դու ոչնչի մասին չես մտածում, երբ ամեն ինչ լավ է: Փորձիր մոտենալ գիշերային ակումբում զվարճացող պատանուն և ասել որևէ բան այն ամենից, ինչի մասին այսօր խոսեցինք: Նա քեզ կասի.

- Ինձ հանգի՛ստ թող, ընկերս: Թո՛ղ իմ կյանքով ապրեմ, զվարճանամ:

Բայց երբ նրան այցելես ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նա կսկի աչքերիդ նայել՝ օգնության, իրավիճակից դուրս գալու, մխիթարության ակնկալիքով:

Խաչը մեզ լավություն է անում: Այլ է, որ ստիպում է միևնույն ժամանակ ցավ ապրել:

Թանկագի՛ն եղբայրներ, մենք բոլորս խաչված ենք՝ մեկն ավելի շատ, մյուսը քիչ, սակայն մեկը խոնարհվում է խաչի առջև, իսկ մյուսն այն չի հասկանում, զայրանում է, նյարդայնանում: Եկե՛ք հայացքներս Տիրոջն ուղղենք, որպեսզի յուրաքանչյուրս իր պատասխանը ստանա: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է ցավի մեջ խորասուզվել, մերժել ինքդ քեզ, խոնարհվել, վշտանալ, աղոթել, արտասվել, և այնժամ Աստված կգա, և դու կմխիթարվես:

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

26.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․