Գրքեր

Խնամենք մեզ հանձնված այգիները

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, գործում է կիրակնօրյա դպրոց: Ամառային արձակուրդից հետո, նոր ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցի դասերի վերսկսումը ոգևորել էր և ուրախություն պատճառել թե՛ կիրակնօրյայի սաներին և թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանին: Եվ այդ ուրախարար առիթն էլ երեխաները նշեցին մանկավարժի հետ միասին:

Կիրակնօրյա դպրոցի սաների համար սպասելի օր է կիրակին՝ Տերունական օրը, որն իրենց համախմբում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և իրենց համար առանձնահատուկ մի դպրոցի շուրջը: Երեխաների ոգևորությունը նկատելի էր դասի ընթացքում. Խաչվերաց տոնի պատմությունը լսելուց հետո, նրանք ակտիվորեն մասնակցում էին դասի կրկնությանը՝ մանրամասնորեն ներկայացնելով տոնը:  

«Երեխաներն ուրախությամբ են հաճախում եկեղեցի, և նրանց այդ հետաքրքրությունը դեպի եկեղեցական արարողությունները և տոները հանդիսանում է այն ամուր հիմքը, որի վրա էլ կառուցվում է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը: Երեխայի սիրտը կարելի է համեմատել այգու հետ, իսկ ծնողները, մանկավարժները և Աստծո սպասավորները՝ Աստծո կողմից նշանակված այգեգործներն են, որ վաղ մանկությունից պետք է խնամեն, մաքրեն այդ այգին մեղքի մոլախոտերից և մեղսալից սովորություններից: Շաբաթվա մեջ մեկ օրը՝ կիրակին, նպաստում է, որ երեխայի սրտում արմատավորվի  բարին, իսկ քրիստոնեական դաստիարակությունն էլ իր հերթին օգնում է ծնողին լուծելու մի շարք խնդիրներ և դժվարություններ, որ առաջ են գալիս երեխայի դաստիարակության ընթացքում: Ուստի ծնողի համար կարևոր պարտականություն է. «թույլ տալ երեխաներին և չարգելել նրանց» (Մատթեոս 19:14), որ գան դեպի Աստված, դեպի եկեղեցի»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Սբ. Գիրքը հիմնավորում է երեխային դեռ մանկուց կրթելու անհրաժեշտությունը. «Երիտասարդը դաստիարակվում է՝ ըստ իր ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից» (Առակներ 22:6):

Կարևոր է, որ ծնողները հիշեն նաև Իմաստունի այս խոսքերը. «Եթե զավակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկությունից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը» (Սիրաքի իմաստություն 7:25):

Իսկ այս պատմությունը, երեխայի դաստիակության հետ կապված, ահա, թե ինչ է զգուշացնում: Մի անապատական, որ հայտնի էր իր սրբակենցաղ կյանքով և կարողանում էր ճանաչել մարդկային հոգին, հանձնարարեց իր աշակերտին արմատախիլ անել երիտասարդ արմավենու մի ծառ, որ արդեն խոր արմատներ էր գցել: Առանց առարկելու՝ աշակերտն անցավ ուսուցչի հանձնարարածը կատարելու և չնայած ողջ ջանքերի գործադրմանը՝ այդպես էլ չկարողացավ ծառն արմատախիլ անել: «Հայր,- ասաց նա իր ուսուցչին,- դու ինձ հանձնարարել ես կատարել անհնարինը»: Այդ ժամանակ ուսուցիչը ցույց տվեց նրան նորատունկ մի ծառ, որ աշակերտն առանց մեծ ջանքերի նույն պահին հողից հանեց:

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ եթե երեխայի սրտում մանկուց բարին սերմանենք, կարմատավորվի բարին, իսկ չարը սերմանելու դեպքում՝ չարը, և տարիներ անց ծնողի համար այլևս անհնարին կլինի արմատախիլ անել այն ծառը, որն աճել է չար սերմեր սերմանելու արդյունքում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե որքան արագ է աճում  սերմանված սերմը կամ ցորենը: Կան ծնողներ, որ մասամբ կամ ամբողջովին են անտեսում երեխայի քրիստոնեական դաստիարակությունը: Երբեմն երիտասարդ ծնողները իրենց երեխային վերաբերվում են՝ որպես տիկնիկի կամ խաղալիքի. նրան կերակրում են, քնեցնում, փայփայում, խաղում նրա հետ, թույլ են տալիս վազել և անել այն ամենն, ինչ ցանկանում է, միայն թե լացով չխանգարի իրենց հանգիստը: Եվ երկար ժամանակ չեն նկատում, որ իրենց երեխան երես է առել, դարձել է կամակոր և անհնազանդ: Որոշում են արդեն լրջությամբ զբաղվել իրենց երեխայի դաստիարակությամբ, բայց հանդիպում են դժվարությունների, քանի որ ծառը բավականին մեծացել է:

«Դու ցավում ես,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը,- որդուդ համար, որ անսանձ է դարձել, դու հեշտությամբ կարող էիր նրան սանձել, երբ նա երիտասարդ էր՝ սովորեցնելով նրան կարգապահության, իր պարտավորությունների կատարման, այդ կերպ բուժելով նաև նրա սրտի հիվանդությունը: Այդ ժամանակ նրա սիրտն ընդունակ էր մշակման, այդ ժամանակ դու կարող էիր քաղհանել ոչ այդքան խորն արմատավորված փշերը, և եթե անփույթ չլինեիր, այդ ժամանակ երեխայի սխալներն այդ աստիճանի անհաղթահարելի չէին»:

Այսպիսով, կիրակնօրյա դպրոցը օգնում է ծնողին ժամանակին մաքրել և խնամել իրենց հանձնված այգին ամեն տեսակ մոլախոտերից և փշերից՝ կանխելով այգու համար անդառնալին: Կիրակնօրյա դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխա տարեցտարի սկսում է ճանաչել Աստծուն, Նրա պատվիրանները, սովորում է տարբերակել բարին ու չարը, սկսում է ապրել պատվիրանապահությամբ՝ ունենալով բարոյական աճ:

 

 

Կարինե Սուգիկյան

19.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․