Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Դանիելն ասաց. «Երբ հայր Անտոնը պատրաստվում էր փոխադրվելու այստեղից, պատվիրեց մեզ և ասաց. «Հոգ մի՛ արեք՝ ինձ համար բարի բան անել, քանզի եթե որևէ բարի բան եմ արել երկ­րի վրա, այն գտնելու եմ»: Եվ երբ արդարների քնով ննջելու մոտ էր, հուզմունք ապրեցին նրա աշակերտները, իսկ նա ասաց. «Լռե՛ք, որով­հետև ժամը դեռ չի մոտեցել, երբ գա, ես ձեզ կասեմ, սակայն ձեզանից դատաստան կպահանջվի Քրիստոսի աթոռի առաջ, եթե իմ մարմինը որևէ մեկին տաք»: Եվ նրանք էլ հարցրին. «Իսկ ի՞նչ անենք»: Ծերն ասաց. «Չվանով ոտքերիցս կապեք և քաշելով գցեք անապատում»: Ահա այս Աստծո սուրբն ու երանելին այսպիսի խոնարհության էր հասել, որ այսպիսի պատվեր էր տալիս սուրբ մարմնի վերաբերյալ: Ծերը միշտ ասում էր, թե` այն ժամանակից ի վեր, ինչ եկա այստեղ, բազմիցս զղջացել եմ ասածս խոսքերի համար, սակայն լռության հա­մար` երբեք: Իսկ երբ մերձեցավ սրբի մահվան ժամը, սկսեց լաց լինել և ողբալ: Եղբայրներն ասացին. «Արդարև դո՞ւ էլ ես երկնչում մահ­վանից, հա՛յր»: Եվ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում, եղբայրնե՛ր, և Տերը գիտե, որ այս երկյուղը, որն այժմ իմ սրտում է, միշտ ինձ հետ էր այն ժամանակից ի վեր, երբ եկա կրոնավորության»: Այս ասելով` արդարների քնով ննջեց Արսենիոս երանելին: Իսկ երբ հայր Պիմենը լսեց, թե ննջեց հայր Արսենիոսը, ողբաց և ասաց. «Երանի քեզ, հա՛յր Արսենիոս, քանզի քո անձն այս աշխարհում ողբացիր, որովհետև ով այստեղ չի ողբում իր անձը, հանդերձյալում կողբա: Կամ այստեղ կա­մավոր, կամ այնտեղ ակամա տանջանքների պատճառով պարտավոր ենք ողբալու»»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․