Գրքեր

Խոնարհության մասին

Աշխարհիկ ամուսինները մի դուստր ունեին, և մի օր պիղծ դևերը սկսեցին չարչրկել նրան: Ծնողները դիմեցին մենակյացներին՝ խնդրելով աղոթք անել նրա վրա, սակայն չբժշկվեց: Այնուհետև նրանց մտերիմ մի մենակյաց ասաց. «Եթե կամենում եք, որ ձեր դուստրն առողջանա, գնացե՛ք այսինչ անապատը, որովհետև այնտեղ սուրբեր են, և հավատում եմ, որ նրանց աղոթքով կբժշկվի»: Եվ նրանք, լսե­լով նրան, ճանապարհ ընկան դեպի անապատ: Եվ պատահեց այն­պես, որ մոտակա վանքից մի երիտասարդ դուրս եկավ, և երբ տեսան նրան, սաստիկ ուրախացան` ասելով. «Ահավասիկ Աստված նրանցից մեկին ուղարկեց, որպեսզի այդքան ճանապարհ չկտրենք մինչև անա­պատ»: Եվ երբ մերձեցան, դստեր հետ մեկտեղ ընկան գետնին` նրան աղաչելով և ասելով. «Մեր դուստրը չարչարվում է դևից. հանուն Աստծո, աղոթի՛ր սրա վրա»: Իսկ նա ասաց. «Ես մեղավոր մարդ եմ»: Բայց նրանք աղաչում էին` ասելով. «Ի սեր Աստծո, այդպես մի՛ ասա, այլ վշտակի՛ց եղիր մեզ և աղոթի՛ր դրա վրա», քանզի կարծում էին, թե խոնարհության պատճառով էր այդպես ասում, իսկ նա դարձյալ նույնն էր ասում նրանց: Եվ երբ շատ նեղեցին նրան և ջերմեռանդ սրտով աղաչեցին, իր անութի տակից հանեց փոքրիկ մի գիրք և ասաց նրանց երդվելով. «Սա գողացա և փախա վանքից»: Եվ երբ ասաց այս խոսքը, դևը հեռացավ աղջկանից` չդիմանալով երիտասարդի խոնար­հությանը և նրանց հավատին, որ չնվազեց և չգայթակղվեցին երի­տասարդի խոսքերից, այլ որպես մեծի և սրբի աղաչում էին նրան և երկրպագում: Եվ նրանք վերցնելով իրենց բժշկված դստերը` գնացին` փառավորելով Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․