Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Հովհաննեսը մեզ պատմեց, թե հայր Անուբը, հայր Պիմենը և նրանց մյուս եղբայրները մի մոր ծնունդ էին և միասին կրոնավոր­ներ դարձան Սկիտեում: Եվ երբ եկան մարզիկները (հավանաբար` մազքութները) և ավերեցին Սկիտեն, նրանք գնացին այն վայրը, որ Տերենութ էր կոչվում, և մնացին այնտեղ մի քանի օր, մինչև որ բնակ­վելու տեղ գտնեն, և ապրում էին կուռքերի տաճարում: Հայր Անուբն ասաց հայր Պիմենին. «Շնո՛րհ արա, ես ու դու և մեր մյուս եղբայր­ները՝ յուրաքանչյուրս առանձին կենանք և հսկում անենք այս յոթ օրը և միմյանց չտեսնենք` մինչև Տերը ցույց տա, թե որտեղ պետք է ապրենք»: Հայր Պիմենն ասաց. «Անենք այնպես, ինչպես ասացիր»: Եվ յուրաքանչյուրն առանձին կեցավ՝ լռելյայն: Այդ տաճարում մի մեծ կուռքի արձան կար, և վեր էր կենում առավոտյան հայր Անուբը, քարեր էր հավաքում և առավոտից մինչև երեկո քարկոծում էր կուռ­քի երեսը, իսկ երեկոյան կուռքին ասում էր. «Թողությո՛ւն տուր ինձ, որ քեզ տրտմեցրի»: Լրացավ յոթ օրը, և նա այդ արեց ամեն օր: Իսկ շաբաթ օրը դարձյալ հավաքվեցին միասին: Հայր Պիմենն ասաց հայր Անուբին. «Այս յոթ օրը քեզ տեսնում էինք ողջ օրը կուռքին քար­կոծելիս, իսկ երեկոյան` գետնին ընկած, սրանից թողություն խնդրե­լիս: Ինչպե՞ս է հավատացյալ մարդը, առավել ևս` կրոնավորը, ծնկի գալիս կուռքի առջև և նրանից թողություն խնդրում»: Ծերը նրան ասաց. «Ես ձեզ այդ իբրև օրինակ տվեցի, եղբայրնե՛ր. երբ քարկոծում էի նրան, մի՞թե նա պատասխանեց կամ բարկացավ»: Պիմենն ասաց` ո՛չ: «Իսկ երբ ծնկի եկած՝ թողություն էի խնդրում, մի՞թե վրդովվեց թեկուզ դույզն­ինչ կամ ասաց` չի ների ինձ»: «Ո՛չ»,– ասաց Պիմե­նը: Ծերն ասաց. «Այսպես էլ մենք` յոթ եղբայրներս, եթե կամենում ենք միասին բնակվել, լինե՛նք ինչպես այս քարեղեն կուռքը, որը ո՛չ անարգանքներից խռովվեց, ո՛չ էլ` փառաբանումներից, և չբարկա­ցավ թեկուզ փոքր­ինչ: Իսկ եթե չեք ուզում այդպիսին լինել, ահա տաճարը չորս դուռ ունի, և մեզնից յուրաքանչյուրը դուրս գալով թող գնա՛` ուր և կամենա»: Իսկ նրանք, երբ լսեցին այս, նրա ոտքերն ընկած՝ ասացին. «Ինչպես կամենաս` այնպես էլ կանենք, և կլսենք` ինչ էլ որ դու ասես»: Եվ ասաց հայր Պիմենը, թե՝ բնակվեցինք միասին՝ միմյանց նկատմամբ խոնարհությամբ, մեր կյանքի բոլոր օրերին, և անում էինք այն ամենը, ինչ ծերն էր ասում: Եվ մեզնից մեկին տնտես կարգեցինք, և ինչ որ դնում էր մեր առջև` այն էր մեր կերակուրը, և մեզնից ոչ մեկը չէր համարձակվում ուրիշ բան խնդրել, կամ խոսել, կամ առջևը դրվածը չուտել: Եվ միասին ապրեցինք մեր օրերը` խաղա­ղությամբ, հանգստությամբ և ուրախությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․