19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Խոսք` ուղղված երիտասարդության հիմնախնդիրներին

Սիրելի երիտասարդներ, երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված խոսքս ուզում եմ սկսել սուրբ Հովհան Ոսկեբերանի մի ասույթով, որը, կարծում եմ` լավագույնս կխտացնի այն, ինչ պիտի ասեմ քիչ ուշ. ՙԵթե դեռևս չկարծրացած հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ, ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել, ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները՚:

Յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ առնչվում է երիտասարդության խնդիրներին, լինեն նրանք մանկավարժներ, հոգևորականներ կամ պարզապես մտահոգ ծնողներ, կհաստատեն վերը բերված խոսքերի ճշմարտացիությունը: Մեր ժողովուրդը, որ անառարկելիորեն իմաստուն ժողովուրդ է, այս առնչությամբ ունի իր պարզ, բայց խորապես բովանդակալից խոսքերը` ՙԻնչ ցանես, այն էլ կհնձես՚: Հիրավի, առնչվելով երիտասարդությանը հուզող խնդիրներին, մենք հաճախ ենք մտովի ասում. ՙԱյ եթե ինչ-որ մեկը չզլանար, և ժամանակին ներդներ այս հոգում սթափ հասկացություններ, երբ այդ հոգին դեռևս ընկալունակ էր, այսպես չէր լինի՚: Սակայն ինչ պահանջես խորհրդային տարիների անհավատության սերնդի ծնողից կամ մանկավարժից, հոգևորականին չեմ մատնանշում, քանզի նրան դիմողը հազարներից միայն մեկն էր, ով ինքը չէր դաստիարակվել ճշմարիտ ուսմունքով` այն է` Աստծո խոսքով: Տասնամյակներ շարունակ այս մարդիկ անհաղորդ էին քրիստոնեական ուսմունքին, նրանց հոգիներում ողորկություն էր ու հետահայաց հեթանոսություն, մտքում` սոցինտեռնի արհեստածին գաղափարախոսություն, նրանք կտրված էին ճշմարիտ խոսքից: Այնինչ, քրիստոնեական դաստիարակությունը կտար և տալիս է բոլոր հարցերի պատասխանները, գրեթե չկա մի հարց, որը շրջանցած լիներ մեր տեր Հիսուս Քրիստոսը: Պարզապես պետք է փնտրել, և անպայման կգտնես: Հաճախ ասվածը ճիշտ ըմբռնելու համար հարկ է լինում հոգևորականի միջամտությունը, ինչի դրսևորումն է նաև իմ այսօրվա խոսքը: Օրինակ, ի±նչ է նշանակում Հիսուսի պատվիրանը` ՙՍիրեցեք զմիմիանս՚: Ամենևին էլ ոչ հրապուրանքը կամ գայթակղությունը, բնավ ոչ մարմնական սերը, այլ սիրել, ինչպես մեր տերը սիրեց մեզ` անշահախնդիր, հոգևոր և աստվածային սիրով: Մեկ այլ` երիտասարդությանը մեր օրերում խիստ մտահոգող խնդրի մասին` այսպես կոչված` սեռավարակների: ՙՄի շնացիր՚ պատվիրանը բոլոր ժամանակներում այս կնճռոտ խնդրից խուսափելու լավագույն և աստվածահաճո լուծումն է: Տեսեք, եթե այր ու կին չդավաճանեն մեկմեկու և հավատարիմ լինեն, նրանք զերծ կմնան այդ խարանիչ դիպվածից, որ կոչվում է սեռավարակ: Բայց նախ, դրա համար պետք է ականջալուր լինել Տիրոջ մեկ այլ պատվիրանին` մի տղամարդու հասնում է մեկ կին և մեկ կնոջ` մեկ տղամարդ: Սիրելի երիտասարդներ, գուցե ասածս ժամանակներին համահունչ չհնչի,սակայն մարմնական սիրո համար պետք է ընտրել միմիայն մեկ տարբերակ` սիրո վրա խարսխված և Աստծո օրհնանքով ամրապնդված ամուսնության տարբերակը: Դա զերծ կպահի պատահական կապերից, որոնք լի են ամենաբազմաբնույթ վտանգներով, վաղաժամ և ապօրինի հղիությունից, որը խոր վիհեր է առաջացնում մանկահաս մոր հոգում և մարմնական առողջության վրա: Թող տպավորություն չստեղծվի, թե երիտասարդության խնդիրները մակերեսային և դյուրին լուծում գտնող մի բան են: Ամենևին` ոչ: Իրականում, հայացք նետելով այդ հիմնախնդիրներին, համոզվում ենք, թե որքան անլուծելի թվացող մարտահրավերների առջև են նրանց կանգնեցրել մեր օրերի իրողությունները, որքան անբուժելի վերքեր են դրանք թողնում մատաղ սերնդի հոգիներում: Այդ մարտահրավերներին դիմակայելը դառնում է ծայրահեղ անհրաժեշտության խնդիր: Եվ դրա համար պետք է մեկտեղեն իրենց ջանքերը հոգևոր և աշխարհիկ կառույցները, որպեսզի տրվող լուծումները լինեն արդիական և արդյունավետ:

Անշուշտ հասուն մարդը մեկ անգամից չէ, որ դառնում է եկեղեցու անդամ: Նա դա սովորում է մանկուց` ծնողների, հասակակիցների և հասարակության միջնորդությամբ եկեղեցի այցելելով: Այն, որ նրա մասնակցությունը եկեղեցական կյանքին մի օր դառնում է արդյունավետ, տարիների քրտնաջան աշխատանքի հոգևոր պտուղն է:

Տարիների հոգևորականի իմ փորձը տխուր իրողություն է արձանագրում. չնայած եկեղեցի եկող բազմաթիվ երիտասարդների առկայությանը, նրանց թիվը դառնալիորեն անբավարար է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինչ-որ ժամանակ նրանց հոգևոր դաստիարակությունը կաղացել է: Երիտասարդ սերնդի քիչ թվով ներկայությունը եկեղեցում պատճառահետևանքային առումով միատարր չէ: Նախ, ինչպես ասվեց վերևում, քրիստոնեական դաստիարակություն չեն ստացել նրանց կրթողները` ծնողներն ու մանկավարժները: Մյուս պատճառը շուկայական հարաբերություններով պայմանավորված մրցակցությունն է` արևի տակ իր տեղը զբաղեցնելու համար: Եթե սրան գումարենք նաև մեր ժամանակաշրջանին բնորոշ բազմակարծությունն ու խղճի ազատությունը, երբ ամեն ոք կարող է ընտրել իր հավատամքն իր խղճի մտոք, պատկերն ամբողջանում է: Հայ առաքելական եկեղեցուց կտրվածությունը հանգեցնում է ոչ միայն դեպի տարբեր աղանդներ շարժին, այլև, հատկապես դեռահասների շրջանում դառնում վնասակար սովորույթների բնավորման պատճառ: Յուրաքանչյուր անձի ձևավորման համար հատկապես կարևոր են դառնում նրա դեռահասության տարիները /տասներկուսից քսան տարեկան/, երբ ձևավորվում են հետագա անհատականության սաղմերը: Այս տարիքում, շրջապատի և ընկերների կողմից ընդունված լինելու մղումով շատ դեռահասներ տրվում են ամբոխահաճո, վնասակար սովորույթների, ինչպիսիք են գինեմոլությունը, թմրամոլությունը և այլք, կատարում քայլեր, որոնց համար հետագայում պիտի զղջան: Երիտասարդության, ինչպես նաև դեռահասների բացասական սոցիալական վարքագիծը կանխելուն են ուղղված Եկեղեցու հովանու ներքո գործող Երիտասարդաց միությունները, հայ հոգևորականների ամենօրյա շփումները տարիքային այս խմբի ներկայացուցիչների հետ: Եթե առանձնացնելու լինենք երիտասարդության հոգևոր հիմնախնդիրների մի քանի թեզեր, ապա պետք է արձանագրենք.

  • Մեր եկեղեցիներում չեն բավարարում երիտասարդները,
  • երիտասարդ մարդիկ հաճախ անտարբեր են իրենց հավատի գործերի հանդեպ, ինչի պատճառով Հայ առաքելական եկեղեցու պատվիրանները գործնական արձագանք չեն գտնում նրանց հոգիներում,
  • շատերի համար եկեղեցուն ծառայելը թվում է ձանձրալի, ՙկյանքից կտրված՚ զբաղմունք,
  • այլ ոլորտներում ինքնարտահայտման և ինքնահաստատման ձգտող երիտասարդությունը հաճախ դառնում է գինեմոլության և այլ կործանիչ կրքերի գերի,
  • դառնում է կռապաշտության և աղանդների զոհ:

 

Թվարկումը կարելի է անվերջ շարունակել, սակայն, կարծում ենք, ավելի արդյունավետ կլինի երիտասարդության հիմնախնդիրների լուծման գործուն միջոցների փնտրտուքը: Այստեղ է ահա, որ ուզում եմ խոսել երիտասարդության հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների, նախաձեռնությունների և Հայ առաքելական եկեղեցու հնարավոր և անհրաժեշտ համագործակցության մասին: Երիտասարդությանը հուզող թեմաներով մեր վերջին սեմինարի ժամանակ առիթն ունեցա ծանոթանալու <<Հանուն ընտանիքի և առողջության>> համահայկական ասոցիացիայի և <<Հարավային Կովկասում Երիտասարդության Վերարտադրողական Առողջության Նախաձեռնության>> հրատարակած ճանաչողական գրքույկներին: Թեև եկեղեցականին վայել չէ խոսել սեռականությունից, սեքսից կամ սեռավարակներից, այդուամենայնիվ չափազանց բարձր եմ գնահատում նման հիմնահարցերի բարձրացումը հասարակական նախաձեռնությունների կողմից: Նրանք երիտասարդությանն իրազեկում են աշխարհիկ ճանապարհով վտանգներից խուսափելու եղանակների մասին, մենք առաջարկում ենք կանխել դրանք հոգևոր գիտելիքների իմացությամբ:

Լավ է ուշ, քան` երբեք: Երբեք ուշ չէ սկսել հոգևոր գիտակցության գալ, ապավինել քրիստոնեական արժեքներին, կտեսնեք` ինչպես են թեթևանում ձեր աշխարհիկ հոգսերը: Օրինակ, եթե Դուք սիրեք ձեր ապագա կնոջը ճշմարիտ սիրով, հավատաք նրան, վստահեք և տեր կանգնեք, Դուք կարիքը չեք ունենա նրան դավաճանելու, ուստիև` շնանալու: Վերստին կոչ եմ անում ապավինել Աստծո պատվիրանին և չշնանալ: Այնժամ Դուք կարիքը չեք զգա որևէ կերպ մտահոգվելու մարմնական հաճույքների հետևանքով Ձեզ պատահած տհաճ դիպվածի մասին: Խոսքն, անշուշտ չի վերաբերում այն դեպքերին, երբ վարակատարած հիվանդությունը կարող է Ձեզ դիպչել բժշկական միջամտության արդյունքում: Խնդիրը համալիր է: Բոլորը ի վերջո պետք է գան հավատքի: Եթե Ձեզ բուժող բժիշկը անհավատ է, նա չի վախենում Աստծուց, կարող է և անբարեխիղճ վարվել վարակված գործիքների հետ: Եթե հավատացյալ է և աստվածավախ, նա իր խղճին դեմ արարք թույլ չի տա:

Քրիստոնեական ուսմունքը լայնածավալ է ու լայնատարած: Սակայն այն հեշտ ըմբռնելի է, հաճելի և համամարդկային: Իսկ այն, ինչը համամարդկային է, չի կարող թերի լինել: Վերը բերված բժշկի օրինակը ընդամենը մի փոքրիկ դրվագ է այն ամենից, ինչ կարող է տալ քրիստոնեական հավատամքը` լայն կիրառման պարագային: Ուստի, սիրելի երիտասարդներ, կոչ եմ անում դեմքով շրջվել դեպի Հայ առաքելական եկեղեցին. այն Ձեզ օգնելուց բացի վնաս չի պատճառի հաստատապես: Ես հասկանում եմ, Դուք ունեք ինքնարտահայտվելու, ինքնադրսևորման խնդիր: Որտե±ղ և ի±նչ կերպ. այս է խնդիրը: Եթե տատանվում եք, եթե Ձեզ ստիպում են կատարել Ձեր կողմից անթույլատրելի արարք, եթե գայթակղվում եք/ոչ ոք ապահովագրված չէ դրանից/, դիմեք եկեղեցուն, Ձեր Տեր հորը, խորհուրդ հարցրեք: Եվ գլխավորը` մի ամաչեք այս կամ այն թեմայով Տեր հոր հետ կիսվելուց, հակառակ պարագային հետևանքները հաղթահարելը շատ ավելի բարդ կդառնա: Վստահեք Ձեր խոստովանահորը: Ինչու չէ` ընթերցեք նաև ամենատարբեր բուկլետներ ու բրոշյուրներ, որոնք օգտակար խորհուրդներ են պարունակում Ձեր տարիքային խմբի խնդիրների լուծման վերաբերյալ: Բայց հիշեք ամենակարևորը` Աստծո խոսքը` ՙփնտրեք և Ձեզ կտրվի՚: Փնտրեք Ձեր տարիքային հիրավի բարդ առանձնահատկություններով պայմանավորված լուծումները Հիսուս Քրիստոսի խոսքերում, քրիստոնեական ուսմունքի մեջ, և անպայման կգտնեք: Իսկ մենք` հոգևորականներս խոստանում ենք ամեն կերպ Ձեզ աջակից լինել այդ հարցում:

Խորապես ըմբռնելով, որ Ձեզ համար ճանապարհը դյուրին չէ, որովհետև սովոր չեք կյանքի քրիստոնեական կենսակերպին, գուցե այս կերպ կարողանանք լրացնել այն բացը, որը մատնանշում է Հովհան Ոսկեբերանը. ՙԵթե դեռևս չկարծրացած հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ, ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել, ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները՚:

Թող Ձեր մատաղ հոգիներում կարծրանան միմիայն քրիստոնեական սերն ու Հիսուս Քրիստոսի ուսմունքը: Ամեն

 

ԱՀԹ <<Ցերեկային Կենտրոն>>-ի հոգևոր հովիվ

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

 

21.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․