Գրքեր

Խրախուսվեց շապիկ հագնողների մեջ ամենափոքրիկը

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն օր՝ ժամերգություններին և կիրակի օրը՝ Սբ. Պատարագին, ատյանում և Սբ. Խորանում սպասավորող սարկավագների և դպիրների մեջ կարող ենք տեսնել նաև շապիկ հագած մանկահասակ տղաների:

«Հայ ընտանիքում առաջնային խնդիրը պետք է լինի երեխային դեռ մանկուց աստվածային լույսի ներքո դաստիարակելը: Մեր փոքրիկ տղաների մասնակցությունը եկեղեցական արարողություններին լիացնում է եկեղեցին՝ «մանկահասակ երեխաների բերանից հնչած օրհնությամբ», ինչպես սաղմոսերգուն է ասում: Շապիկ հագնող երեխաների ներկայությունը եկեղեցում արդեն իսկ նրանց քրիստոնեական դաստիարակության հիմքն է համարվում, արդեն իսկ իրենց մեջ արմատավորվում է Տիրոջ հանդեպ երկյուղը, հարգանքը Տիրոջ տան և հոգևոր սպասավորների հանդեպ: Մեր մեծ ընտանիքից ներս, հոգևորականներիս համար ուրախալի է տեսնել տղաների ուշադիր, կարգապահ և աստվածավախ պահվածքը եկեղեցում: Մեր մեծ ցանկությունն է, որ առաքինությունների մեջ առաջադիմելով, նրանք Հայ ազգի, Մայր եկեղեցու և իրենց ընտանիքի սիրասուն զավակը լինեն, իսկ դպրոցում՝ ուսումնատենչ և կարգապահ աշակերտ»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Նման երեխաների թվին է պատկանում 9-ամյա Հայկ Գրիգորյանը, ով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում շապիկ հագնող տղաների մեջ ամենափոքրն է և Տեր Հայրը, որպես խրախուսում, նրան նվիրեց պլանշետ և համակարգչային պարագաներ, որ սիրով տրամադրել էր ամերիկաբնակ Արարատ Մարկոսյանը:

«Ամեն անգամ, Սբ. Խորան բարձրանալով, ես Երկինք եմ բարձրանում և դառնում թռչող հրեշտակ: Ամեն անգամ կերոնը բռնելիս կամ քշոցը շարժելիս զգում եմ, թե ինչպես է հրեշտակն իմ փոխարեն կերոնը բռնում կամ քշոցը շարժում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին դարձել է իմ հոգևոր տունը: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին, ում առաջարկությամբ ես արդեն մեկ տարի է ծառայում եմ եկեղեցում»,- ասաց Հայկը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է ապրում փոքրիկ Հայկը: Եկեղեցում նրա ծառայությանը նպաստել են նաև նրա ծնողները, ովքեր Հայկին դեռ փոքրուց եկեղեցի են բերել և նրա համար վաղուց է Զորավոր Սբ. Աստվածածինը դարձել սիրելի և հարազատ եկեղեցի, իսկ եկեղեցու բակը՝ հանգստի և սիրելի բակ: Նշենք, որ Հայկն իր առջև ունի նաև իր հայրիկի օրինակը, ով նույնպես ծառայում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում: Հայկի Սբ. Խորան բարձրանալու մասին գիտեն թե՛ նրա եղբայրները և թե՛ դասընկերները, այդ մասին նա հաճախակի է զրուցում նրանց հետ: Եվ Հայկն ասաց, որ իր եղբայրներից մեկը ցանկություն է հայտնել ծառայել եկեղեցում, քանի որ գիտի, թե ինչ մեծ երանություն է Սբ. Խորան բարձրանալը:

«Ծնողական դաստիրակության մեջ առաջին մեծ դասն ու առաջին մեծ գիտությունը կրոնն ու աստվածպաշտությունն են, և նրա միակ դասագիրքը Աստվածաշունչ մատյանն է: Կրոնի ու աստվածպաշտության դասերը դժվարին ու անըմբռնելի չեն, մանուկներն ու պարզամիտները այն շուտ են ըմբռնում հավատով, քանի որ Աստծո հայտնությունը երեխաների համար է, ինչպես Հիսուսն է հայտնում. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթեոս 11:25)»,- ասել է Խրիմյան Հայրիկը:

 

 

Կարինե Սուգիկյան

30.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․