Գրքեր

Կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ

Տիկին Սաթենիկ, ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքական դաշտում, հոգեւոր  ոլորտում եւ հասարակական կյանքում

Ըստ իս, կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ, այն չի տարբերվում, չի զատվում, կինն էլ, ինչպես որ տղամարդը, նույն մարդն է, նույն հասարակական էակը, սակայն կան առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կանայք տարբերվում են տղամարդկանցից:

Կանաց և տղամարդկանց նմանությունների և տարբերությունների հարաբերակցությունը ես պատկերացնում եմ այսպես: Տղամարդը կառուցում է, իսկ կինը, մասնակցելով կառուցմանը կամ կառուցելիս, իրեն բնորոշ յուրահատուկ հատկանիշներով ձևավորվում է կառուցվածքը նուրբ և անհրաժեշտ շեշտադրումներով:

Այսպիսով, կինը և տղամարդը լրացնում են միմյանց, և անելիքն ամբողջանում է թե հոգևոր ոլորտում, թե  հասարակական կյանքում և թե քաղաքական դաշտում:

Հայաստանյան իրականության մեջ կինը որքանո՞վ է պաշտպանված և խոցելի և ինչի՞ կարիք ունի հայ կինը:

Հայաստանյան իրականության մեջ ավելի հաճախ այս կամ այն պատճառով օրենքները չեն կիրառվում կամ չեն գործում: Այս պայմաններում խոցելի են բոլորը, հատկապես, երբ սրան ավելանում է օրենքների չիմացությունը:

Պաշտպանված լինելը շատ կարևոր է մարդու համար, հատկապես կնոջ համար: Ամբողջ աշխարհում մարդիկ պաշտպանվում են օրենքներով: Օրենքով պաշտպանված լինելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Յուրաքանչյուր մարդ, կին պետք է ունենա իր անհատական պաշտպանական  համակարգը: Կա թյուր կարծիք այն մասին, որ երբ անկեղծությունն ու ազնվությունը մարդուն խոցելի են դարձնում, միաժամանակ զրկում են նրան պաշտպանությունից: Ընդհակառակը՝ նման խոցելիությունը հնարավորություն է տալիս մարդուն, հատկապես կնոջը, մշակելու անհատական ներքին հոգևոր զորեղ պաշտպանական համակարգ: Սա աշխատանք է, որն սկսվում է ներհայեցողությամբ, ինքնաճանաչմամբ, աշխարհի ճանաչմամբ, շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ հարստանալով իմաստությամբ, փորձառությամբ, խոնարհությամբ և շատ ուրիշ արժեքավոր հասկացություններով: Հայ կինը գնահատված չէ: Գնահատականը կօգնի նրան ինքնադրսևորվել հայաստանյան բարդ իրականության մեջ, արդյունքում կշահեն բոլորը՝ ընտանիքը, հասարակությունը, պետությունը:

Կնոջ երջանկության Ձեր բանաձևը:

Նախ՝ ինչ է երջանկությունը: Իմ կարծիքով, երջանկությունը ներդաշնակությունն է մարդու ներքին եւ արտաքին կյանքում: Ունենալ ներքին ներդաշնակություն՝ նշանակում է հաշտ լինել Աստծո հետ, հաշտ լինել ինքդ քեզ հետ, չդժգոհել ինքդ քեզանից, չանիծել քո բախտը, ցանկալին ձեռք բերելու համար որոնել և գտնել  ճանապարհներ, եթե չհաջողվի՝ չհուսահատվել և, որ կարևոր է՝ լինել անկեղծ: Արտաքին ներդաշնակությունը հաշտություն է բնության  հետ, մարդկանց հետ: Այս հաշտությունները հոգևոր ձեռքբերումներ են, նրանք մեզ տալիս  են խաղաղություն: Երբ ներդաշնակություն չկա, այն ամենը, ինչը երջանկացնում է մարդուն, կարճատև է: Երջանկության զգացումն ամբողջանում է և տևական է, երբ մարդը վերարժևորում է իր ունեցածն ու չունեցածը: Հոգևոր ներդաշնակության  հասնելու ճանապարհներն անհատական են, բազմազան եւ բազմաբնույթ: Կնոջ համար ներդաշնակության հասնելու լավագույն միջոց է սիրելը, սիրված լինելը և մայր դառնալը:

Ինչպե՞ս կբնութագրեք Տիկնանց միությունը:

Տիկնանց միությունը ներեկեղեցական կառույց է՝ կազմված եկեղեցի հաճախող այնպիսի կանանցից, ովքեր, կարևորելով հոգևոր գիտակցության դերն անհատի կյանքում, հասկանում են, որ այն պետք է ձևավորվի եկեղեցում՝ եկեղեցու խորհուրդներին  հաղորդակից լինելով և մարդկային հարաբերությունների այնպիսի միավորման մեջ, որտեղ կա Աստված, կա սեր, միաբանություն, հույս, վճռականություն, հավատով և գործերով հոգեպես զորանալով, օգտակար լինել ընտանիքի, հասարակության, պետականության համար:

Կնոջ կատարյալ հոգևոր կերպարին հասնելու համար ի՞նչ է պետք:

Յուրաքանչյուր անհատի համար դեպի կատարյալն ընթանալը կյանքի նպատակ է, աստվածային ծրագիր, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը դա չի գիտակցում և իրեն տրված ազատ կամքով չի հասցրել այլ բան ընտրել:

Կնոջ համար դեպի կատարյալ հոգևոր կերպարին հասնելու ճանապարհն էականորեն տարբերվում է տղամարդու ընտրած ճանապարհներից: Կանայք, երբ դեռ նույնիսկ փոքրիկ աղջիկներ են, նրանց ամենամեծ ցանկությունն է՝ լինել գեղեցիկ և, որպես ապացույց իրենց անհերքելի գեղեցկության,  շրջապատի մարդկանց ուշադրությունն են պահանջում: Չստանալով պահանջված ուշադրությունը՝ շփոթված, մտահոգված, սկսում են որոնել, համեմատել, ճշգրտել, համոզել և համոզվել այնքան ժամանակ, մինչև որ սկսվում է վերարժևորումը, որն է կարևոր և արժեքավոր և որն է ժամանակավոր և ոչ էականը:

Այս աշխատանքի արդյունքում վերջապես հասկանում են, որ գեղեցկությունը ոչ թե դիմագծեր են, այլ հոգեվիճակ, տրամադրություն, աչքերի արտահայտություն եւ արժեքավոր բաների մասին խոսելու և լսելու պատրաստակամություն: Այս պատրաստակամությունն այն ամուր հիմնաքարն է, որի վրա կառուցվում է կնոջ կատարյալ հոգևոր կերպարը:

Ձեր բարեմաղթանքը կանանց և մեր ընթերցողին:

Կանայք, երջանիկ եղեք և դարձեք մեր հայ հասարակության այն առողջ բջիջները, ովքեր ունակ են առողջացնելու ամբողջ ազգին և զերծ պահելու վտանգավոր ու արատավոր բազմաթիվ մարտահրավերներից:

Ընթերցողին ցանկանում եմ միշտ հետևություններ անել, այլ կերպ ասած՝ դասեր քաղել սխալներից, սիրել և օգնել միմյանց, որպեսզի, չշեղվելով ճշմարիտ ուղուց, հոգով հզորանալով՝ ձգտեն կատարելության:

 

Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր

16.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․