Գրքեր

Կորուսյալ ոչխարը

«Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է. որովհետև մարդու Որդին եկավ փրկելու կորածը»:

«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լեռան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն: Այսպես՝ իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի»: (Մտթ. 18:10-14)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ զավակներ,

Քարոզիս բնաբանը, որի մասին պիտի խոսեմ այսօր, օրվա ընթերցվածքն է, որ ներկայացնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնի առակներից մեկը՝ կորուսյալ ոչխարի առակը:

Մատթեոսի ավետարանում տեղ գտած նկարագրության մեջ Տեր Հիսուս Քրիստոս այս առակը պատմում է այն բանից հետո, երբ աշակերտները մոտենում են Նրան ու հարցնում, թե իրենցից ով է մեծը Երկնքի Արքայության մեջ: Այդժամ Տեր Հիսուս մի մանկան է մոտ կանչում, կանգնեցնում նրանց առջև և ասում, որ մինչև մանկան պես չլինեն, մինչև իրենց անձը մանկան պես չխոնարհեցնեն՝ Երկնքի Արքայություն չեն մտնի: Այնուհետև զգուշացնում է նրանց գայթակղելուց ու արհամարհելուց և հետո պատմում կորուսյալի ոչխարի առակը՝ ցույց տալով, թե այդ փոքրիկներից յուրաքանչյուրն ինչ արժեք ունի Երկնավոր Հոր համար:

Սիրելի՛ հավատացյալներ, վստահ եմ, շատերդ եք կարդացել ավետարանական այս հատվածը, սակայն վստահ չեմ, որ անդրադարձ եք կատարել ձեր անձին՝ հասկանալու, թե այդ տողերը ինչ կերպով են վերաբերում ձեզ անհատապես, և անգին ինչ խրատ է տալիս Տերը ձեր փրկության համար:

Կարճ ու պարզ թվացող այս առակը իրականում բավականին բազմաշերտ է և աչք ու ականջ ունեցողի առջև բացվում է մի քանի հարթությունների վրա, որոնք հավասարապես կարևոր են և հոգեշահ:

Առաջին հերթին, Տեր Հիսուս Քրիստոս այստեղ խոսում է իսկապես մանկական տարիքի մասին և մեզ՝ չափահասներիս համար բացահայտում, թե ինչպիսի կարևոր առաքելություն ունենք երեխաների աստվածահաճո դաստիարակության գործում: Սանձարձակություն, այլասերվածություն, անբարոյականություն քարոզող և աստվածապատգամ արժեքներն արհամարհող ու քարկոծող այս աշխարհում մենք հատկապես զգոն և աչալուրջ պիտի լինենք, որպեսզի թույլ չտանք, որ մեր զավակները մոլորվեն ու ճշմարիտ հավատքից հեռանալով՝ դեպի անխուսափելի կործանում գնան: Քանի որ ի՞նչ է պատահում այն ոչխարի հետ, որն անջատվում է իր հոտից և միայնակ շարունակում ճանապարհը: Բառացիորեն նա իրեն անխուսափելի մահվան է ենթարկում, քանի որ, մենակ մնալով մոլորվում է և կորցնում տունդարձի ճանապարհը: Իսկ դա միանշանակ կործանում է, քանի որ նա զրկվում է ամենակարևորից՝ հովվի ու հարազատ փարախի պատերի հուսալի պաշտպանությունից և հեշտ զոհ դառնում գիշատիչ գազանների համար: «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա»,- զգուշացնում է Պետրոս առաքյալը (Ա Պետ. 5:5): Այս պատճառով է Տեր Աստված ասում վայ նրան, ով գայթակղելով, մոլորեցնելով կամ իր անտարբերության պատճառով երեխաներին կհեռացնի սիրող Հովվից և նրանց կործանման պատճառը կդառնա: Ուստի, սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, նախևառաջ մենք պետք է մեր երեխաներին սեփական օրինակով սովորեցնենք սիրել և անվերապահորեն վստահել մեր կյանքերի համար հոգ տանող Հովվին և առաջնորդել նրանց դեպի Եկեղեցի, որտեղ նրանք հուսալիորեն պաշտպանված կլինեն և՛ գիշատիչների հարձակումներից, և՛ աշխարհում տեղի ունեցող մրրիկներից ու փոթորիկներից, և՛ բավարար սնունդ կունենան ապրելու համար:

Այնուհետև, հաջորդ շերտը, որ տեսնում ենք Տիրոջ պատմած առակում, վերաբերում է այն մարդկանց, ովքեր հոգևոր առումով են դեռևս փոքրեր: Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Եկեղեցում, կամ դեռ նոր են պատրաստվում Եկեղեցի գալ, որոնց սրտերում հավատքի սերմը նոր-նոր է սկսել ծլարձակել, և մեծ ուշադրություն, հոգատարություն ու խնամք է անհրաժեշտ, որպեսզի այդ ծիլերն ամրանան ու սկսեն աճել: Ահա այստեղ է, որ պիտի խոնարհեցնենք մեր անձերը՝ հոգևոր հպարտության, գոռոզության ու մեծամտության մեջ չհայտնվելու համար: Քանզի բանսարկուն շատ նուրբ կերպով օգտագործում է մարդու իր «ես»-ը բարձրացնելու մեղավոր հակումը և արդյունքում՝ իրեն «փորձառու» և հոգևոր բարձունքների հասած հավատացյալ համարող մարդը մի ակնթարթում հայտնվում է հպարտության մահացու մեղքի թակարդում, և շատ հաճախ չի էլ գիտակցում, որ իր թվացյալ բարեպաշտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ լավ սքողված կործանարար ծուղակ: Պատմում են, որ մի վանական եղբայր կար, որին երբեք զայրացած չէին տեսել և որը երբեք չէր պատասխանում իրեն վիրավորողներին կամ հանդիմանողներին: Եվ երբ հայրերը հարցրեցին, թե ինչն է օգնում նրան այդքան համբերատար գտնվել իրեն վիրավորողների հանդեպ, վանականը պատասխանեց. «Ի՞նչ ուշադրություն դարձնեմ նրանց թերություններին… Նրանք հաչող շներ են սոսկ»: Ուստի, սիրելի՛ հավատացյալներ, անհրաժեշտ է իրական խոնարհություն, հոգևոր արթնություն, մաքուր սիրտ ու պարզ միտք ունենալ նման մահաբեր մեղքի մեջ չհայտնվելու համար:

Եվ վերջապես, երբ կրկին դառնում ենք առակի մեկնությանը, տեսնում ենք, որ ինչպես Եկեղեցու շատ հայրեր են մեկնաբանում, Տեր Հիսուս Քրիստոս այս առակում կորուսյալ ոչխարի կերպարի միջոցով մատնանշում է Աստծո անմիջական ներկայությունը կորցրած և իր երանավետ վիճակից հեռացած մեղավոր մարդկությանը, որին փրկելու համար սիրող Հովիվը թողնում է հրեշտակների դասերն ու գալիս մոլորյալ մարդկության ետևից: Սա տեղի է ունենում թե՛ համայն մարդկության առումով, թե՛ յուրաքանչյուր մեղավորի պարագայում անհատապես, ում կորչելն Աստված չի կամենում, այլ նրա ապաշխարելն ու ապրելը (հմմտ. Եզեկ. 33:11): «Աստված ուրախանում է, և հրեշտակները ցնծում են մարդկանց զղջումով, որ արտասուքներով և խոստովանությամբ է լինում, ցնծում են և արդարների դասերը երկրի վրա, երբ տեսնում են սրտանց և անկեղծ ապաշխարությունը…» (Գրիգոր Վկայասեր): Եվ սա խոսում է Ամենակալ Աստծո անհատնում սիրո մասին, որ Նա տածում է դեպի Իր արարածը: Նա չի հրաժարվում իրենից հեռացած ու մոլորված զավակից, և քանի դեռ նրա դարձի ու ապաշխարության հույսը կա, շարունակում է փնտրել նրան, կանչել Իր մոտ ու գնալ նրա ետևից: Քրիստոս՝ որպես Բարի Հովիվ, այսօր էլ շրջում է չարի ծուղակներով լեցուն անդնդախոր մութ ձորերով, մահաբեր երախը բացած ճահիճներով, կարիճներով ու օձերով լեցուն անապատներով՝ փրկելու այն մոլորյալ մարդուն, ով դեռ վերջնականորեն չի ջնջել Աստծո սուրբ պատկերն իր հոգուց և թեկուզ ենթագիտակցության մակարդակում, բայց ճշմարտությունն է փնտրում: Եվ ինչպես Ղուկասի ավետարանում է պատվում այս առակը, Տեր Աստված ոչ միայն ընդունում է դարձի եկած ու ապաշխարած մարդուն, ոչ միայն ուրախանում է նրան գտնելիս, այլ նույնիսկ նրան Իր ուսերին դրած է տուն գնում՝ բարեկամների հետ կիսելու իր ուրախությունը (Ղուկ. 15:3-8): Ռուս եկեղեցու հայրերից մեկն այս առիթով պատմում է, որ իր վանական խցի պատից կախված էր ոչխարն ուսերին առած Բարի Հովվի կերպարով Հիսուս Քրիստոսի պատկերը, և մի օր, երբ ուխտավոր մի կին է այցելում նրան, ով ամուսնալուծված էր, և սկսում է հետաքրքրությամբ Տիրոջ պատկերը զննել, ծերը ժպտալով հարցնում է. «Դե ինչ, Դուք մոլորյա՞լ ոչխար եք, թե՞ ոչ»: Կինը խորը հոգոց հանելով պատասխանում է, որ մոլորյալ է: Այնժամ ծերը կրկին ժպտալով մատնացույց է անում պատկերն ու ասում. «Նշանակում է Դուք Քրիստոսի ուսերին եք գտնվում, Ով որպես Բարի Հովիվ Ձեր փրկության մասին է հոգ տանում…»:

Համաձայնեք, սիրելի հավատացյալներ, որ սա սքանչելի մխիթարություն է մեզ համար, իմանալ, որ Ամենակալ Աստված ոչ միայն չի խորշում մեզ նման մեղավորներից, այլև մեծ ուրախությամբ է ընդունում մեր դարձն ու ապաշխարությունը: Արդ, անկեղծ զղջում և ապաշխարության արցունքներ խնդրենք Աստծուց և աղաչենք մեր Բարեգութ ու Բարեխնամ Հովվին, որ Իր հոգատար Աջով պահպանի և ուղղորդի Իր հավատարիմ հոտը դեպի Երկնային Արքայության անթառամ մարգագետիններ ու ապահով օթևաններ, որտեղ արդեն ո՛չ մեղավոր հակումներ կլինեն, որ մոլորեցնեն մեզ ու հեռացնեն հոտից, ոչ էլ գիշատիչ գազանի կերպարանքով բանսարկուն, որ հոշոտի ու ոչնչացնի իր ծուղակն ընկածին: Իսկ մեր Բարի Հովվին, Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

15.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․