Գրքեր

Կրկնազատիկ (քարոզ)

Սիրելի՛ հավատավոր քրիստոնյաներ,

Տակավին անցյալ կիրակի տոնեցինք աշխարհի բոլոր քրիստոնյաների գլխավոր ու ամենասիրելի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, իսկ այսօր, շարունակելով վերապրել զատկական լուսավոր ուրախությունը, Եկեղեցին նշում է Կրկնազատիկը կամ Նոր Կիրակին:

«Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»,- տիեզերական ճշմարտությունն է հայտարարում Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր թղթում (13:8) և, հետևաբար, Քրիստոսի սուրբ Հարության խորհուրդը ևս չի սահմանափակվում տոնի օրով միայն, այլ դա այն մշտավառ, հուսաբեր և կենսատու փարոսն է, որ երկու տասնյակ դար առաջ վառվեց հարուցյալ Աստծու հրաշափառ լույսով, և հավերժ ուղեկիցն ու ուղեցույցը դարձավ Երկնային Արքայության ճանապարհը բռնածների:

Աստվածային իմաստությամբ զգեստավորված եկեղեցական մեր հայրերն էլ հարկ են համարել այս կիրակին Կրկնազատիկ կոչել՝ հավատացյալների հոգիներում բորբոքելու և վառ պահելու զատկական տոնի ուրախությունն ու ջերմությունը, և կամ՝ Նոր կիրակի՝ Հարության գլխավոր կիրակիից հետո տերունական օրերի սկիզբը համարելով այն:

Սիրելի՛ եղբայրեր և քույրեր ի Քրիստոս, կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ փառք և երկրպագություն մատուցելով Ամենակալին մեզ պարգևած հարության կենսատու լույսի համար: Որքա՜ն երջանիկ ու երանելի ենք մենք և այն բոլոր մարդիկ, որոնց հոգուն դիպել է հարության արշալույսի շողը, և որոնք հոգու աչքերով տեսել են Տիրոջ թափուր գերեզմանն ու հավատացել Նրա հարությանը: Քանզի անհամեմատ բազմաթիվ են այն թշվառ հոգիները, որոնք չունեն հարության հավատն ու փրկության հույսը և որոնց պատկերացմամբ վերջին խոսքը մահինն է լինելու: Իսկ մենք, որ Սուրբ Մկրտությամբ ընդունել ենք Աստծու որդեգրությունը, երկրային ժամանակավոր կյանքն ապրում ենք երկնային հավիտենականի հույսով՝ ամեն ջանք ու եռանդ գործադրելով, որպեսզի երկրային տառապալից կյանքի վերջին օրը դառնա մեր փրկության և հավերժ երանության սկիզբը:

Քրիստոս հարություն առավ մեռելներից, սիրելինե՛ր՝ զարմանահրաշ, փառապանծ ու անկրկնելի հաղթանակ տանելով մահվան նկատմամբ: Քրիստոսի հարությամբ հաղթեց կյա՛նքը, հաղթեց բա՛րին, լո՛ւյսը հաղթեց: Սակայն պետք է հիշել, սիրելի՛ հավատացյալներ, որ հաղթանակը ծնվում է պայքարի արդյունքում միայն. չկա պայքար, չկա պատերազմ, չկա տառապանք՝ չկա և հաղթանակ: Տեր Հիսուս էլ երբեք Իր հարության մասին չխոսեց՝ առանց խաչելությունն ու մահը հիշատակելու (Մտթ. 16:21, Ղուկ. 9:22): Իսկ քանի որ չկա հարություն առանց մեռնելու, ուստի պատրաստակամությամբ պիտի գնանք մահվան, որպեսզի հարության երանությանն արժանանանք: Ես, բնականաբար, խոսում եմ մեր անձերի մաս հանդիսացող մեղքերի, կրքերի, ցանկությունների և հոգևոր այլ ախտերի մահվան մասին, որից հետո միայն հոգևոր ճշմարիտ հարություն կունենանք: Իսկ որպեսզի դրանք մեռնեն, մենք, Աստծո սպառազինությամբ զինված, ամեն օր և ամեն ժամ պիտի պայքարենք՝ առանց վախենալու և առանց տրտնջալու՝ աչքի առջև ունենալով հարուցյալ Քրիստոսին և ի սրտե փափագելով մեր սեփական հարությունը:

Ճշմարիտ քրիստոնյայի կյանքը չի կարող առանց հոգևոր պայքարի լինել, սիրելինե՛ր, քանի որ քնած չէ մարդկության թշնամին և իր արբանյակների հետ միասին անդադար պայքար է մղում լույսը խավարից նախընտրողների դեմ: Զուր չէ, որ երկրային Եկեղեցին «Զինվորյալ» է կոչվում, քանի որ նրա անդամներն օրնիբուն մարտնչում են չարի զանազան խորամանկ հնարքների ու փորձությունների, աշխարհի օրեցօր նորացող մարտահրավների դեմ: Եվ մենք, որ ապրում ենք այս դժվարին ժամանակներում, երբ չարի գործունեությունը նոր թափ ու նոր երանգներ է ստանում, պետք է առավել զգոն և ուշադիր լինենք, որպեսզի չգայթակղվենք ու չկորցնենք հոգևոր այն անգին գանձերը, որ Երկնքում պիտի վկայեն մեր գործերի մասին:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես արդեն ասացի մեր պայքարը հոգևոր թշնամու և նրա բոլոր դրսևորումների դեմ է, ուստի շատ կարևոր է, որպեսզի չկորցնենք հոգևոր տեսողությունն ու մեղքի գիտակցումը, քանի որ ինչի՞ և ո՞ւմ դեմ պիտի պայքարենք, եթե դադարենք տեսնել թշնամուն և մեր մեղքերը: Իսկ այսօր դա, ցավոք, անչափ դյուրին է, քանի որ աշխարհը խեղաթյուրել և արժեզրկել է ավանդական ու բարոյական արժեքները, և այն, ինչ ամոթ ու խայտառակություն էր ընդամենը մեկ դար առաջ, ապա այժմ նորմալ է ընդունվում մարդկության կողմից և նույնիսկ՝ խրախուսվում ու քարոզվում: Հոգևոր սպասավորության տարիների ընթացքում հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց արդար ու անմեղ են համարել, քանի որ իրենց կարծիքով ամենակոպիտ մեղքերը չեն գործել՝ մարդ չեն սպանել, չեն գողացել, չեն շնացել: Սա չափազանց վտանգավոր մոլորություն է, սիրելի՛ հավատացյալներ, և բխում է հոգևոր անգիտությունից, կուրությունից և բնականաբար՝ մեծ հպարտությունից:

Որևէ մեկի չե՞ս դանակահարել, փա՜ռք Տիրոջը, շատ լավ է, բայց սպանել ես քո չծնված երեխային կամ կինդ է սպանել՝ քո գիտությամբ և համաձայնությամբ… Սպանել ես անեծքով, չարակամությամբ, ստելով և դանակից էլ սուր խոսքով:

Խանութից կամ մեկ ուրիշի բնակարանից ոչինչ չե՞ս գողացել. հրաշալի է: Իսկ ուրիշի ժամանա՞կը, առողջությո՞ւնը, մտքե՞րը, Աստծու՝ դատելու իրավո՞ւնքը, երբ դատել ես քեզ նմանին…

Մերձավորիդ կնոջ կամ ամուսնու հետ չե՞ս շնացել. փա՜ռք և կրկին փա՜ռք Ամենակալին: Սակայն մի՞թե շնություն չէ անբարո պատկերներ ու ֆիլմեր դիտելն ու ցանկանալը, անբարո կատակներ պատմելն ու գրականություն կարդալը…

Շարքը երկար է, սիրելի՛ հավատացյալներ, ուստի դադարե՛ք ինքներդ ձեզ խաբելուց, և քաջությամբ նայեք ճշմարտության աչքերին, որպեսզի կարողանաք պայքարել: Հաճախակի՛ լռեք, որպեսզի լսեք հանցանքները բացահայտող աստվածադիր խղճի ձայնը: Հայացքներդ արտաքին աշխարհից ձեր ներաշխարհի՛ն ուղղեք, որպեսզի կարողանանք տեսնել ձեզ կործանող մեղքերը: Քանզի մեղքը տեսնելուց և գիտակցելուց է միայն ծնվում ամոթը, իսկ սրան էլ հետևում են զղջումն ու ապաշխարությունը:

Բանսարկուի այս բոլոր ծուղակներին գերի չդառնալու և կործանվող աշխարհի ընթացքից խուսափելու համար Բարեգութ Աստված մեզ բազմաթիվ ուղեցույցներ և պաշտպանություն է տվել: Սուրբ Գիրքն առաջին օգնականն է, որի միջոցով Տերը խոսում է Իր զավակների հետ՝ սովորեցնելով Իր Սուրբ կամքն ու ցույց տալով փրկության ճանապարհը: Եկեղեցին՝ իր սրբազան ավանդությամբ, հայրերի աշխատություններով և սուրբգրային մեկնություններով, Աստծու օծյալ սպասավորների խրատներով և աղոթքներով մշտապես հավատացյալների կողքին է՝ պատրաստ օգնելու, սփոփելու և ճիշտ ուղղություն ցույց տալու: Մենք էլ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակներ, այդ ամբողջ սպառազինությունը հագած, մեծ հավատով և իրական խոնարհությամբ պիտի յուրաքանչյուրս իր անհատական պայքարը մղի՝ ապացուցելով, որ հաղթանակած հարուցյալ Աստծու հավատարիմ հետևորդն է, և Քրիստոսի հանդեպ սերն ու Նրան միավորվելու ցանկությունը վեր է ամեն ինչից:

Սկսեք ձեր միտքը հսկելուց, սիրելինե՛ր, քանի որ մտքից է ծնվում խոսքը, որին էլ հետևում է գործողությունը: «Ամենից առաջ խորհրդով գործած մեղքն է, որ սերմանում է սատանան մարդկանց մտքում և հետո աճեցնում մարմնի մեջ ու մեղանչել տալիս»,- զգուշացնում է Սուրբ Գրիգոր Տաթևացին: Ուստի անմիջապես փակե՛ք ձեր մտքի դռները դևերի առջև, երբ զգում եք, որ մեղավոր միտք է փորձում սողոսկել ձեր ուղեղը: Մի՛ տրվեք դիվական ներշնչմանը, երկխոսության մեջ մի՛ մտեք նրա հետ, այլ անմիջապես հեռու վանեք ձեզանից՝ գիտակցելով, որ դա գայթակղություն է: Թող ձեր միտքը մշտապես մաքրվի աղոթքով, բարի խորհուրդներով, սաղմոսերգություններով ու շարականներով, որպեսզի չարի համար տեղ չգտնվի այնտեղ:

Զսպե՛ք ձեր լեզուն բարկության և վիճաբանության ժամին: Ոչինչ չեք կորցնի, եթե խոնարհությամբ զիջեք դիմացինին, իսկ այ ձեր հոգին կշահեք: Փորձեք չխառնվել բամբասանքին, ստախոսությանն ու չարախոսությանը, կծե՛ք ձեր լեզուն, երբ ցանկություն առաջանա դատել որևէ մեկին և ուղղակի հեռացեք այդտեղից, եթե չեք կարող շեղել խոսակցության թեման կամ դադարեցնել այն: «Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, …որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: …մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպէս լինի»,- հորդորում է Հակոբոս առաքյալը (3:5-10):

Եվ եթե հաղթանակած դուրս գաք այս երկու պայքարներում, ապա վստահ եղեք, սիրելինե՛ր, որ հերթը չի հասնի մարմնով մեղանչելուն:

Մի՛ վախեցեք անխուսափելի անկումներից ու պարտություններից, քանզի կատարյալ չեք, այլ շարունակեք անկոտրուն կամքով, անխախտ հավատով և մեծ նախանձախնդրությամբ պայքարել՝ պատրաստ լինելով ավելի շուտ երկրային կյանքից հրաժարվել, քան Աստծու ներկայությունից ու երկնային կյանքից: Հիշե՛ք՝ Քրիստոս հաղթեց մահին և մահվան կարճատև տխրությանը հաջորդեց հարության հավիտենական ուրախությունը: Եվ ամրացեք Պողոս առաքյալի այն խոսքով՝ թե. «…նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ էլ հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ» (Բ Կորնթ. 4:14): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

28.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․