Գրքեր

Կրկնազատիկ

Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելի՛ հավատացյալներ, մեզ և ձեզ մեծ ավետիս:

Երբ Փրկչի հարության ապրեցնող լույսը՝ անստվեր ու անխամրելի, դիպչում է մարդու աստվածապատկեր հոգուն, խորհրդավոր ու զարմանահրաշ մի իրադարձություն է կատարվում: Ֆիլմերում հաճախ ցայտուն կերպով ցուցադրվում է, թե մռայլ, խավար ու չարագույժ սենյակն ինչպես է վերափոխվում, երբ հանկարծ բացվում է դուռն ու ներս թողնում պայծառ արեգակի կենսատու լույսը: Անդեմ, անգույն, վանող սենյակն աչքիդ առջև պայծառանում է, շունչ ստանում, գույն ու ձև առնում, երբ լույսը հրաշագործ փայտիկի պես դիպչում է դրա յուրաքանչյուր անկյանը: Մի ակնթարթում վերանում են տհաճ ու մթին տարածքի ճնշող սահմանները, երբ այն ողողվում է լուսավոր ջերմությամբ՝ հեռու վանելով վախի զգացումն ու անորոշությունը: Նույնկերպ և առավել վերափոխվում ու պայծառակերպվում է մարդկային հոգին, երբ հարության փրկչական արևագալի լույսն է ծագում դրանում: Այդ ճառագող լույսն անթաքչելի է, սիրելինե՛ր. այն հորդում է մարդու աչքերից, ժպիտից, խոսքից և իհարկե գործերից: Աստվածային այս շիտակ, անկեղծ ու մաքուր սիրով, բարությամբ լի լույսն անհնար է շփոթել քաղաքավարությամբ պայմանավորված, կամ առավել ևս շինծու ու քծնող ժպիտի հետ, երբ շուրթերը ժպտում են, լեզուն կեղծավոր խոսքեր է մրմնջում, իսկ աչքերը մնում են անհաղորդ, խավար ու աստվածայինից զուրկ: Բարեխնամ Հայրը լիառատությամբ պարգևում է Իր կենարար ու սրբագործ լույսը ոչ միայն Սուրբ Հարության տոնին, այլև տարվա յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր Պատարագի, յուրաքանչյուր ժամերգության ու աղոթքի ընթացքին, քանի որ Տիրոջ փրկագործ հարությունն այլևս կատարված իրողություն է, և Սուրբ Հոգին, որ մշտապես ներկա է եկեղեցում, այդ լույսն առատապես բաշխում է բոլոր ծարավ հոգիներին, որ արևածաղիկների պես ձգտում են Քրիստոս Արեգակի լույսին ու ողջ սրտով փափագում այն:

Սուրբ Հարության տոնից դեռևս մեկ շաբաթ է անցել, սիրելինե՛ր, և տոնի խորհուրդը տակավին վառ է ձեր հիշողության մեջ, պարգևած ուրախությունն էլ դեռևս ալիքվում է սրտի յուրաքանչյուր զարկի հետ՝ ամեն անգամ նոր բույրով ու նոր գույնով բացահայտվելով ձեզ շրջապատող մարդկանց համար: Գիտակցությունը, որ մեր պաշտած Աստված ինչ-որ անշունչ կուռք չէ, կամ վաղուց մեռած առաջնորդ, կամ անհայտության մեջ անէացած ինչ-որ անհասկանալի կերպար, այլ մեռելներից հարություն առած և Իր հրաշափառ հարությամբ մահվան ու ամենայն չարին հաղթանակած փառապանծ ու հավիտենական Արքա, Ով միևնույն ժամանակ մեզ քնքշորեն սիրող ու մեզնից յուրաքանչյուրի փրկության համար անվերջ հոգացող Հայր է, անխորտակելի հավատ ու անխախտ վստահություն է պարգևում մեզ: Եվ այս հավատը ամենևին այն գիտելիքը չէ, որ պարփակվում է գլխում, իսկ սիրտն ու հոգին անհաղորդ են մնում: Քանի որ նման «հավատ», առավել, քան որևէ մեկը, ունի ստի հայրն ու իր դևերը (Հակ. 2:19), ունեին այն քահանայապետերը, որոնց Քրիստոսի գերեզմանը պահպանող զինվորները պատմեցին այնտեղ կատարված հրաշքի մասին, իսկ նրանք կաշառեցին վերջիններիս, որպեսզի ճշմարտությունը թաքցնեն (Մտթ. 28:11-15): Իսկ իրական, ճշմարիտ ու անկեղծ հավատը, որ «հուսացված բաների հաստատումն» է «և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» ծնվում է Աստծուն փնտրող սրտում, և երբ գտնում է իրական ճշմարտության Ակունքը, այլևս երբեք չի հեռանում Նրանից: Սակայն, որպեսզի հավատը վառ մնա մարդու սրտում և կարճ հիշողությունն այն չջնջի ու մոռացության չմատնի, անհրաժեշտ է մշտապես թարմացնել ու նորանոր փայտեր ավելացնել հավատի հուրհրացող կրակին: Այսինքն՝ ջանք, աշխատանք ու նվիրում, սիրելի՛ հավատացյալներ, և այս ամենը կենդանի եռանդով, աստվածայինին մերձենալու առողջ ցանկությամբ ու ձեռք բերածն աչքի լույսի պես պահպանելու հստակ վճռականությամբ:

Այս մասին ցանկացա այսօր՝ Կրկնազատկին՝ Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ անց խոսել, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, որովհետև երբ կարոտով հիշում էի անցյալ տարիների տոնական խանդավառությամբ ու եռուզեռով լի այս օրերը, և մտորում այն մասին, թե հարկադրյալ ինքնամեկուսացման այս օրերին ինչ հույզեր ու ապրումներ են փոթորկում ձեր հոգին, հիշեցի ավետարանական այն դրվագը, երբ Քրիստոս Իր մեծահրաշ հարությունից մեկ շաբաթ անց կրկին հայտնվեց վերնատանը հավաքված առաքյալներին, սակայն այս անգամ հատկապես Թովմասի համար, որը հարուցյալ Տիրոջ առաջին այցելությանը ներկա չէր եղել, և երբ ընկերները հայտնել էին նրան բաղձալի լուրը՝ թերամտացել էր՝ ասելով. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Եվ Քրիստոս, կրկին հայտնվելով, ասում է Թովմասին. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»: Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ: Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20:27-29):

Կարևոր եմ համարում հիշեցնել ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ Թովմասը տասներկու մտերիմներից այն առաքյալն էր, որն առանց վայրկյան իսկ տատանվելու՝ ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք», այն բանից հետո, երբ մյուս առաքյալները փորձում էին Քրիստոսին հետ պահել Հրեաստան վերադառնալուց՝ հիշեցնելով, որ հրեաներն ուզում էին քարկոծելով սպանել Նրան (Հովհ. 11:1-16): Եվ նա էր, որ առանց իր ակնկալած ապացույցներին դիպչելու՝ միանգամից Տեր և Աստված խոստովանեց Քրիստոսին: Իսկ հետագայում Թովմասն Ավետարանի այն անվախ ու հավատարիմ քարոզիչն էր, որ աշխարհի հեռավոր ծայրերը հասավ ու հանուն հարուցյալ Քրիստոսի Հնդկաստանում ըմպեց նահատակության գավաթը: Եվ վստահաբար, եթե սրտագետ Տերը չարակամ կասկածի նշույլ անգամ տեսներ սուրբ Թովմաս առաքյալի սրտում, ապա երբեք պատասխանի չէր արժանացի նրան, ինչպես որ բազմիցս էր վարվել Իրենից նշան տեսնել ցանկացող կամ Իր իշխանության մասին հարցնող նենգամիտների դեպքում: Իսկ մտերիմ աշակերտի թերամտության պարագան, վստահ եմ, բոլորովին այլ էր: Նա չէր կարող կասկածել սիրելի Վարդապետի խոսքերի ճշմարտացիությանը, Վարդապետի, որի հետ կողք-կողքի անցել էր երեք տարի՝ ականատես լինելով բազում հրաշքների, բժշկությունների ու մեռածների հարության: Ուստի նրա թերահավատությունը, կարծում եմ, համեմատելի է այն մարդու՝ ծնողի, զավակի, ընկերոջ, թերահավատությանը, որին հայտնում են նրա անհետ կորած հարազատի գտնվելու, կամ անհույս հիվանդի ապաքինվելու մասին, և նրա՝ որպես տկարներ մեկի, բնական արձագանքն է լինում՝ չեմ հավատա, մինչև սեփական աչքով չտեսնեմ: Եվ այս «չեմ հավատա»-ն ոչ թե չարամիտ կասկածի ծնունդ է, այլ ծնվում է երկար սպասված իրողության, ի վերջո իրականացած երազանքի կորստյան վախից, որովհետև, եթե հանկարծ պարզվի, որ լուրը կեղծ է, ապա վրա հասած հիասթափության և անհուսության ցավը շատ ավելի տանջող կլինի, քան հույսով սպասմանը: Ինչևէ, հարուցյալ Աստված Թովմաս առաքյալի այդ փոքրիկ թերահավատությունը առիթ դարձրեց՝ ևս մեկ անգամ ներկայանալու Իր սուրբ հարության անհերքելի փաստով և խրախուսելու Իր ապագա հետևորդներին, որոնք առանց Նրան տեսնելու՝ պիտի հավատային:

Ես շատ եմ ուզում հավատալ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որ մենք ևս Տիրոջ հիշատակած այդ երանելիների շարքում ենք, քանի որ մարմնավոր աչքերով չենք տեսել մարմնացյալ Աստծուն, սակայն Նրա Եկեղեցու անդամ ենք, կրկին ծնունդ ենք առել Սուրբ Մկրտության ավազանից և «Հավատով խոստովանիմ» ենք ասում: Մեր մարմնավոր աչքերը չեն շոյվել հարուցյալ Փրկչի լուսաշող պատկերից, այո՛, մեր մարմնավոր ունկերը չեն լսել աստվածային ճշմարտությունն ուսուցանող Նրա քաղցրալուր ձայնը, մեզ բախտ չի վիճակվել՝ ականատեսը լինելու անդամալույծի ու բորոտի բժշկությանը, Ղազարոսի ու Հայրոսի դստեր հարությանը: Մենք շատ ավելի ուշ ենք ծնվել Տիրոջ երկրային կյանքի և բացահայտ հրաշքների ժամանակներից, սակայն Սուրբ Հոգին այդ ամենը մեր հոգում է կատարում, եթե իհարկե սրտով ենք հավատում, այլ ոչ թե միայն գլխով գիտենք դրա մասին: Եվ այս օրերին, երբ տանն եք, երբ շտապելու և աշխարհի մատուցած սին հոգսերի կամ հաճույքների հետևից վազելու կարիք չունեք, երբ արտասովոր իրավիճակն ու փոթորկահույզ լուրերը միգուցե վախ ու անհանգստություն են առաջացնում ձեր հոգում, իսկը ժամանակն է, որպեսզի հարց տաք ձեզ՝ իսկ ես՝ առերեսվելով իսկական փորձությանը և շոշափելի հրաշքներ չտեսնելով, իսկապես հավատո՞ւմ և ապավինո՞ւմ եմ Քրիստոսին ու Նրա սուրբ հարությանը: Մտածեք այն մասին, սիրելինե՛ր, որ վառած մոմերի կամ կատարած ուխտագնացությունների, սրբավայրերի հետ առնչության թիվն ամենևին էլ հավատի վկայություններ չեն, այլ մեխն այն է, թե ինչպես է ձեր հոգին, ձեր վարքը փոխվում այդ ամենից հետո. սկսո՞ւմ եք կատարել Աստծու սուրբ կամքն ու մերժում մեղքը՝ դադարելով այն գործելուց: Լծվո՞ւմ եք Եկեղեցու բարօրությանը՝ ուժ, ժամանակ ու միջոց չխնայելով Քրիստոսի պատգամած առաքելությանը հավատարիմ զավակի պես մասնակից դառնալով: Սիրո՞ւմ եք Աստծու պատկերով արարված մերձավորին այնպես, որ ոչ մի դեպքում չդատեք նրան, այլ պատրաստ լինեք անգամ վերջին կտորը նրա հետ կիսելու՝ ոչ թե փախաբերական, այլ հենց ուղիղ իմաստով:

Սրանք հարցեր են, որ լուրջ և անկեղծ ինքնաքննություն են պահանջում և մղում մեզ առաքյալների հետ միասին խնդրելու Տիրոջից՝ ավելացրո՛ւ մեր հավատը (Ղուկ. 17:5), քանի որ «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չմնա»,- ասում է Փրկիչ Տերը (Հովհ. 12:46): Եվ հիշե՛ք, սիրելինե՛ր, որ հավատն առանց առ Աստված անվերապահ վստահության ու նվիրումի՝ հավատ չէ և, որ հավատն առանց գործերի՝ մեռած է: Ուստի այսօր խնդրենք սուրբ Թադեոս առաքյալի բարեխոսությունը, որպեսզի հարուցյալ Տերն ականջալուր լինի նաև մեր խնդրանքներին և այցելության գա հոգևոր տկարության ժամին՝ սփոփելու, զորացնելու, ցրելու բոլոր կասկածներն ու Իր լուսաբաշխ հարության օրհնությունը անսպառ պահի մեզանից ոչ միայն զատկական ուրախության օրերին, այլև մեր կյանքի բոլոր օրերում:

«Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս

Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ,

հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:

Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն» (Ներսես Լամբրոնացի):

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

19.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․