Գրքեր

Կյանքի իմաստի, դրա հանդեպ մեր վերաբերմունքի մասին

Կյանքի իմաստի մասին խոսելիս հաճախ ծագում է մեկ այլ հարց, իսկ ի՞նչ է կյանքը:

Կյանքը, գիտության տեսակետով, մատերիայի գոյության գործուն ձևն է և այն հատկանիշը, որը տարբերակում է ազդանշան տալու, զգալու, սեփական գոյությունը զարգացնելու հատկություններն ունեցողներին այդ հատկությունները չունեցողներից: Գիտության ճյուղերից այս հարցով հիմնականում զբաղվում է կենսաբանությունը: Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է` կենդանության շնչով օժտված արարածների և նրանց բնակության ու գոյության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումով: Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ կյանքի հեղինակը, շնորհատուն Աստված է և «կյանք» հասկացությունը նախ բացատրում է կենդանության շունչ ունենալու հատկությամբ: Այդ հատկությունն ունեցող ջրային, ցամաքային, օդային արարածները ստեղծվել են Աստծո ստեղծարար խոսքով, որը զորություն ունի անգոյությունից գոյավորման բերելու և արարելու (Ծննդ. 1.20-25): Նույն կերպ ստեղծվել է նաև մարդը, որը համարվում է արարչագործության պսակը, քանզի արարվել է ըստ Աստծո պատկերի և նմանության (Ծննդ. 1.26-27): Տիեզերքը և կյանքի զորությունն ունեցող արարածներին աստվածային խոսքով ստեղծելու իրողությունն աստվածաբանության մեջ կապվում է Քրիստոսի հետ, ով կոչվում է Աստծո Խոսք, Բան, ինչպես հայտնում է նաև Հովհաննես Ավետարանիչը (Հովհ. 1.1-3):

Երբ ասում ենք «կյանքի իմաստ», նկատի ունենք անհատի՞ կյանքը, թե՞ կյանքն ընդհանուր առմամբ:

Կյանքն առանձին գոյություն չունի, այն կայանում է արարածների վրա, ինչպես որ ժամանակը, ըստ իս, անկախաբար գոյություն չունի, այլ կայանում է միայն իրերի ու էակների շարժումային փոփոխությամբ: Կյանքի իմաստն Աստծուն հաճելի լինելու մեջ է (Հռոմ. 11.36, Ա Թեսաղ. 4.1), և աստվածահաճո կյանքն է, որ մեզ երջանկություն ու ներդաշնակություն է բերում, արժանի դարձնում նաև հավիտենական կյանքի: Իհարկե, ամեն մարդ անհատաբար նախ իր կյանքի իմաստի մասին է խորհում, սակայն կյանքի իմաստ ասելով` կարող ենք հասկանալ նաև հավաքական կյանքը, այսինքն` հասարակական, պետական, համամարդկային: Կյանք հասկացության այս երկու իմաստները փոխշաղկապված են այն առումով, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքով պիտի նպաստի համընդհանուր կյանքի բարօրությանն ու բարեկեցությանը: Այդ իրողությունը երևում է հատկապես ընտանիքում, երբ միասնականության մեջ է իմաստավորվում կյանքը: Ահա այդպես ավելի լայն ըմբռնումով պետք է ընկալվի կյանքի իմաստը, նպատակները, գործերը` անձնականից վեր բարձրանալով դեպի համընդհանուրը:

Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն:

Կիրակի օրվանից հաշված` շաբաթվա վեցերորդ` ուրբաթ օրը, արարչության վեցերորդ օրվան և Քրիստոսի խաչելության օրվան նվիրված շարականը (հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալին է) գեղեցիկ կերպով ասում է, որ Իր բնությամբ բարի Աստված, չհանդուրժելով, որ միայն Ինքն ունի բարին ու բարիքը, Իր պատկերով մարդ ստեղծեց` նրան ևս բարիքներ տալու համար: Աստվածային սերն է պատճառը մարդու, աշխարհի գոյության, որովհետև իրական սերն ինքնանպատակ չէ, այլ տարածվող է դեպի ուրիշները: Կան սիրո տարբեր դրսևորումներ, որոնք արտահայտվում են եսասիրական, շահամոլական, սեփական անձի օգտին առնչվող միտումներով: Սակայն սիրո բարձրագույն դրսևորումը հատկությունն ունի տալու, տարածվելու, և սիրո այս բարձրագույն արտահայտությունն է աստվածային սերը: Այդպիսի սերը նաև զոհաբերվող է, անձնվիրումի, անգամ հանուն մեկ ուրիշի կատարված անձնազոհության գործողություններով: Այդպիսի սիրո մասին է խոսում Հովհաննես Ավետարանիչը` ցույց տալով մարդկության հանդեպ աստվածային սերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (3.16-17): Ահա այդ սիրով է, որ իրականացվեց նաև Քրիստոսի փրկագործությունը հանուն մարդկության փրկության, և այդ սիրով Աստված մարդուն արժանացրեց հավիտենական կյանքի, հնարավորություն ընծայեց Երկնքի արքայությունը ժառանգելու:

Կյանքն իմաստ ունի այն պահից, երբ մեզ տրվու՞մ է, թե՞ մենք ենք այն իմաստավորում:

Կյանքը միշտ իմաստ ունի, բայց սկզբնավորման պահից այն իմաստ ունի այլոց համար, իսկ անձի համար` միայն գիտակից դառնալուց հետո, քանզի իմաստն առանց գիտակցության հնարավոր չէ ընկալել: Կյանքն իմաստավորելը նաև նշանակալի ինչ-որ բանով կյանքն արժևորելն է: Կյանքի իմաստավորումը աստվածահաճո ընթացքի, գործերի միջոցով է կայանում, չնայած որ մեղսասեր մարդիկ կարծում են, թե կյանքի իմաստը մեղավոր հաճույքների, վայելքների մեջ է: Սա նշանակում է, որ մենք ենք իմաստավորում մեր կյանքը` կախված հավատքից, բարոյական ընկալումներից, կրթվածությունից, ինչպես և շրջապատի, հասարակության ազդեցությունից, գերիշխող պատկերացումներից և անգամ պայմաններից բխող թելադրանքներից: Հետևաբար, հաճախ մարդու կողմից իր կյանքի իմաստի փնտրտուքը կամ կյանքի իմաստի ճշգրտումը միայն անհատական նշանակություն չունի, այլ կրում է տարբեր գործոնների կնիքը:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնց համար կյանքի իմաստը մահվան մեջ է:

Քրիստոնեական տեսակետով կարելի է ասել, որ այս երկրային կյանքի իմաստն աստվածահաճո կերպով ապրելով և մահվամբ հավիտենական կյանք անցնելու ու հավերժական երանությանն արժանանալու մեջ է:Դավիթ Անհաղթը Պլատոնի նման ուսուցանում էր, որ փիլիսոփայությունն Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության և մտածում է մահվան մասին: Սակայն այլ տեսակետից կարող ենք խոսել ինքնասպանների մասին, որոնց համար ոչ թե կյանքի իմաստը, այլ կյանքի վերջնական նպատակը մահվան մեջ է, ինչը դատապարտելի է: Հավատացյալի համար այս կյանքն արհամարհելու և միմիայն մահվամբ հավիտենություն անցնելու մասին մտորելու, այս կյանքի իրողություններին ընդհանրապես անհաղորդ լինելու վարմունքը ևս անընդունելի է: Կյանքը մեծագույն պարգև է` Աստծո կողմից շնորհված, և պետք է այն ապրել բարեպաշտ ընթացքով, ինչու չէ, նաև հաճույք ստանալով կյանքի շնորհած բարիքներից, ընտանեկան կյանքից, մարդկանց հետ ազնիվ հաղորդակցությունից, օգտակար գործերի իրականացումից:

Ընդունված է ասել, որ կյանքի իմաստի մասին անհատի պատկերացումը պայմանավորված է սոցիալական դիրքով, կենսակերպով, աշխարհայացքով, ինչպես նաև կոնկրետ պատմական ժամանակաշրջանով: Այս տեսանկյունից արդյո՞ք կարող է կյանքի իմաստը նույնը լինել բոլորի համար:

Նախ պետք է տեսնել, թե ընդհանրապես ինչ է նշանակում կյանքի իմաստ: Այս կապակցությունը կարող ենք նույնական համարել կյանքի նպատակ արտահայտության հետ, որով և կյանքի իմաստ նշանակում է կյանքում նպատակներ ունենալ, քանզի կյանքի անիմաստությունը նպատակների և դրանք ունենալու կամքի բացակայությունն է: Կյանքի իմաստի մասին հարցը նաև փիլիսոփայական հարց է: Ըստ Պլատոնի` կյանքի իմաստն իմացության բարձրագույն ձևին հասնելն է, որը իդեան է բարու մասին, որից բխում են բոլոր բարի և արդար բաները: Մեկ մտքով կարող ենք ասել, որ ամեն մարդու համար իր կյանքի նպատակը երջանկությունն է, որն ամեն մարդ յուրովի է հասկանում: Ըստ Աստվածաշնչի արտահայտած գաղափարների` կյանքի նպատակն Աստծուն հաճոյանալու, Նրան փառավորելու և գոհացնելու մեջ է (Ա Մնաց. 16.9-10, Սաղմ. 85.12, Հռ. 11.36, Փիլիպ. 1.11, Բ Թեսաղ. 1.12, Ա Պետ. 4.11): Առաքյալն ասում է. «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Սա կարող է անցանկալի թվալ մարդուն, քանզի մարդը կարծես նկատվում է խաղալիք` Աստծուն զվարճացնելու համար: Սակայն Աստված մարդուն ստեղծեց իբրև սիրո արտահայտություն, այդ մեծագույն սիրով նաև եղավ մարդկության փրկությունը: Հետևաբար, խոսքն Աստծո և մարդու միջև փոխադարձ սիրո մասին է: Սա հասկանալի է հատկապես ծնողներ-երեխաներ փոխհարաբերության մեջ. ծնողներն ստեղծել են երեխային իբրև սիրո արտահայտություն և ցանկանում են զգալ նաև երեխաների սերը, ուրախանալ նրանցով: Կյանքի նպատակը կամ իմաստն այս կերպ կարելի է բացատրել` ըստ քրիստոնեության, սակայն այն չի կարող ընդհանուր լինել բոլորի համար այն պարզ պատճառով, որ ամեն մարդ չէ, որ ընտրում և ճշմարտացի է համարում քրիստոնեական տեսակետը:

Ճշմարիտ աստվածապաշտի համար կյանքը նաև Քրիստոսն է, որովհետև Նրանով արժանի դարձանք մարմնավորի և հոգևորի ներդաշնակությունը հաստատող ու զարդարող շնորհների և հավիտենական կյանքի: «Նա նույն ինքը կյանք էր, որ հայտնվեց» (Ա Հովհ. 1.2), «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. 1.10): «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը» (Ա Հովհ. 5.12), «և մենք Ճշմարտի` Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մեջ ենք. որովհետև Նա՛ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք» (Ա Հովհ. 5.20):

Վերոնշյալ հարցին տրված պատասխանին ի հավելումն` կյանքի նպատակը Աստծուց երկյուղելն է և Նրա պատվիրանները պահելը, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը (Ժողովող 12.13): Այս ամենը պետք է հասկանանք մարդու և Աստծո միջև հարաբերություններում փոխադարձ սիրո արտահայտման իմաստով:

Կյանքի իմաստի վերաբերյալ հարցին առանձին փորձել են պատասխանել և՛ հոգեբանությունը,և՛ փիլիսոփայությունը, և՛ մարդաբանությունը: Եզակի չեն այն դեպքերը, երբ գիտությունը լրացնում, հաստատում է կրոնական տեսակետը: Ինչպիսի՞ն է պատկերն այս դեպքում:

Կյանքի իմաստի մասին փիլիսոփայության կամ հոգեբանության պատասխանները քրիստոնեության սկզբունքներին չհակադրվելու դեպքում պարզապես նկատվում են համապատասխանող աստվածային պատվիրաններին կամ Քրիստոսի ուսմունքին, սակայն չեն դիտվում իբրև լրացումը այն գերագույն նպատակի, որ հայտնում է Աստվածաշունչը: Արիստոտելի խոսքով, թե կյանքի իմաստը երջանկությունն է, որը գիտության և իմացության մեջ է, համապատասխան է գիտելիք ունենալու բարի ձգտումին: Էպիկուրի ասածը` չարչարանքներից հեռու լինելու, կյանքի իմաստը ոչ թե մարմնական հաճույքներին տրվելու, այլ հոգևոր անհանգստությունից, մահվան հանդեպ վախից ազատվելու հաստատումը համապատասխան է ողջախոհության, հոգևոր խաղաղության և հարուցյալ կյանքի ձգտելու հորդորին: Պրագմատիզմի մեջ արտահայտված տեսակետը, թե կյանքի իմաստն այն նպատակներն են, որոնք ձեզ ստիպում են գնահատել կյանքը, համապատասխանում են եկեղեցական Հայրերի ուսուցումներին: Հայրերն ասում են, որ մարդու կյանքի նպատակն աստվածանալու մեջ է, Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա: Սակայն նոր աստվածաբանական միտքը շեշտում է նախ մարդու մարդացման կարևորությունը, քանի որ աստվածային պատկերը հենց մարդու մեջ է և դրանով` աստվածացման հասնելու հնարավորությունը: Սակայն սա էլ Աստծո փառքի համար արվող բան է, որովհետև Աստծո համար հաճելի է մարդու աստվածացումը, և դա երանություն ու բարիք է բերում մարդուն:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

 

28.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․