Գրքեր

Կյանքի կոչող ապաշխարության կանոն

Փետրվարի 27-ից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ազդարարվեց Մեծ պահքի սկիզբը: Ամեն տարի քառասնորդական պահքի երրորդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է Մայր Մաշտոցից վերցված «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը:

«Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»,- քարոզում էր մեր Փրկիչ Տերը (Մրկ. 1:15): Եվ Քրիստոսահիմն եկեղեցին էլ անդադար ապաշխարության է կանչում իր հավատացյալ զավակներին, քանզի ապաշխարության արդյունքում, երբ Բազումողորմ Աստված տեսնում է Իր արարածի գիտակցության փոփոխությունը, իրական զղջումը և մեղավոր ուղուց ետ դառնալու հաստատակամությունը, վերականգնում է նրա հետ ունեցած հարաբերությունն ու դեպի Կենաց Լույսն առաջնորդում նրան:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում այս խորախորհուրդ արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել մեծ թվով հավատավոր հայորդիներ: Ապաշխարության կանոնի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքները, աստվածաշնչյան ընթերցումներն ու հորդորակները, հոգևոր ներշնչանքի և աջակցության աղբյուր լինելով, նպատակաուղղված էին ավելի իմաստալից և հոգեշահ դարձնելու պահեցողության ճանապարհը:

Կանոնում ընդգրկված ապաշխարության և գովաբանական սաղմոսներում նկարագրվում է այն ծարավ հոգին, որ հայցում է Տիրոջ ողորմությունը և օգնությունը, ապա մխիթարվում և ուրախություն է ապրում Տիրոջով՝ գոհություն և փառաբանություն հայտնելով Ամենակալին:

Քահանան, իր հավատավոր հոտի հետ միասին, ծնկաչոք աղոթում և խնդրում է Ամենակալին, որ Իր բազում մարդասիրության գթությամբ արձակի ապաշխարողներին մեղքերի կապանքներից և արժանացնի սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն:

Արարողակարգի ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, ներկաներին ուղղված իր խոսքում, ասաց. «Եկեղեցու հայրերի կողմից սահմանված Մեծի պահոց շրջանը՝ որպես ապաշխարության շրջան, հավատացյալի համար հնարավորություն է սրբագրելու իր գործած մեղքերը, քանի որ այս շրջանը պահեցողության, ինքնաքննության և ներհայեցողության շրջան է: Ինչպես պահքը չպահելու արդյունքում մարդը զրկվեց հավիտենական կյանքն ունենալուց, այնպես էլ պահեցողության միջոցով յուրաքանչյուր քրիստոնյա հնարավորություն ունի վերստին ժառանգելու Երկնքի արքայությունը: Եկեղեցին առանց պարտադրանքի մշտապես հորդորում և ողջունում է պահեցողությունը, միևնույն ժամանակ պահք պահողներին պատգամելով հեռու մնալ հպարտությունից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, թե. «Երբ ծոմ պահես, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում: Վստա՛հ եղեք, միայն դա՛ է նրանց վարձատրությունը: Ընդհակառակը, երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն քո Հայրը, որ անտեսանելի է, և քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթեոս 6:16-19): Ապաշխարության կանչելու կանոնը կոչում է յուրաքանչյուր հավատացյալի վերասրբագրելու մեղքերը և մաքրված հոգով դիմավորելու Քրիստոսի հրաշափառ Հարությունը»:  

 

 

Կարինե Սուգիկյան

01.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․