Գրքեր

Լուսավոր ուղի, որ տանում է դեպի հավիտենական կյանք

Անհրաժեշտ է հոգևոր կյանքում առաջ ընթանալ, բարձրանալ ավելի վեր ու վեր՝ առավել մեծացնելով բարի գործերի պաշարը: Եթե կանգ առնենք դեպի հոգևոր բարձունք տանող աստիճաններից որևէ մեկին, դա նույնն է, թե ետ գնանք: Տիրոջ կամքն է, որ Իր հետ միավորված մեկ կյանք ունենանք, ցանկանանք և ձգտենք նրան, ինչ պատգամել է Ինքը. «Ով Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Այսինքն՝ եթե Քրիստոսի հետ չենք հավաքում, դա նույնն է, ինչ վատնում ենք կամ ցրում:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, ջանում է Քրիստոսով անցնել իր գործունեության ուղին՝ ուղեցույց ունենալով Տիրոջ պատգամները:

Մարտի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարտիրոսյան Նեկտարին (36 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարտիրոսյան կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 30/29 հասցեում: Նեկտարի ամուսինը երկու տարի է, ինչ մահացել է, և ընտանիքը հայտնվել է դժվարին կացության մեջ: Ընտանիքի մայրը չի աշխատում, քանի որ զբաղված է իր երեք անչափահաս երեխաների խնամքով, իսկ ընտանեկան նպաստի և երեխաներին տրվող թոշակների գումարները չեն բավարարում ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար: Նեկտարն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, հոգևոր հովվից և աջակից անձից՝ իր ընտանիքի հանդեպ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:

Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոսի հետ հավաքել, նշանակում է հավաքել նրանց համար, որոնց անուններով Քրիստոս է ներկայանում մեզ և գթասրտություն խնդրում: Եվ երբ ողորմածություն ենք ցուցաբերում Իր փոքր եղբայրներից մեկին, ողորմածություն ենք ցուցաբերում հենց Իրեն՝ Տիրոջը: Մենք այդ ժամանակ ունեցվածք ենք հավաքում ոչ մեզ համար, մենք չենք հարստանում, այլ հավաքում ենք նրա համար, որ այդ զոհողությունները նախորդեն մեր մահվանը, որպեսզի սուրբ հրեշտակները ոսկե սկուտեղով Աստծո գահի առջև տանեն մեր բարի գործերը, մտքերն ու խոսքերը: Նրա անունով և Նրա համար հավաքված այդ գանձերը մեզ համար բացում են լուսավոր մի ուղի, որ տանում է դեպի հավիտենական կյանք:

 

 

Կարինե Սուգիկյան

15.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․