Գրքեր

Լույս և խավար

«…լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19):

Սիրելի՛ հավատացյալներ,

Երբ ավետարանական այս տողերն էի ընտրում, որպես այսօրվա քարոզիս բնաբան, աչքիս առջև միևնույն տհաճ տեսարանն էր անընդհատ հառնում. գիշերը ծարավից արթնանում ես գյուղական տանը, գնում ես խոհանոց, վառում լույսն ու խավարասերներն այս ու այն կողմ են փախչում ոտքերիդ տակից…

Չգիտեմ, մեկ այլ լեզվում այս միջատների անվանումն արդյոք այսպես ճշգրտորեն ու լիարժեք նկարագրում է նրանց, թե ոչ, բայց մեր հարուստ, ոսկեղենիկ լեզուն դա հստակորեն է անում: Ես չգիտեմ նաև, թե այս միջատներն ինչու են սիրում խավարն ու լույսն ինչու է վախեցնում նրանց, բայց գիտեմ, թե մարդ արարածն ինչու է խավարը նախընտրում լույսից: Տեր Հիսուս պատասխանում է այս հարցին Հովհաննեսի ավետարանի հենց նույն հատվածում. «Որովհետև, ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին» (3:20, 21):

Իսկապես, երբ ասում ես՝ խավար, մութ, գիշեր, ապա միանգամից բացասական երևույթներ են գալիս մտքիդ՝ վախ, տագնապ, անհարմարավետության զգացում, քանի որ, չարագործությունների, հանցագործությունների գերակշիռ մասը կատարվում է գիշերով, որպեսզի ականատեսներ չլինեն, և հանցագործները խուսափեն մարդկային պատժից: Գիշերվա վարագույրի ետևում բացվում են խաղատների, գինետների, գիշերային ակումբների և այլնի դռներն ու իրենց մեղսալի գիրկը կանչում մոլորյալ հոգիներին: Եվ գոնե մեզ՝ Քրիստոսի լույսի ետևից գնացողներիս համար պետք է պարզ լինի, թե ինչու են այդ մեղքերը կատարվում խավարի քողի ներքո: Հովհաննես առաքյալն ասում է. «…Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա» (Ա Հովհ. 1:5): Իսկ մենք գիտենք և նույնիսկ արդի հայերենի բացատրական բառարաններն են ասում, որ խավարը լույսի բացակայությունն է, այսինքն՝ կյանքն է առանց Աստծո, ուստի, այն հաճախ է կապվում մարդկության դարավոր թշնամու հետ, քանի որ նա իր հպարտության պատճառով ցած ընկավ երկնային բարձունքներից՝ զրկվելով աստվածային անշեջ լույսի ներկայությունից և փաստորեն հայտնվեց խավարում: Խավարում էլ ծնունդ առավ մեղքը… Ուստի, մարդիկ հաճախ գիտակցաբար կամ անգիտակցորեն ձգտում են խավարի քողով ծածկել իրենց մեղքերը, շատ հաճախ՝ նույնիսկ սեփական աչքերից:

Այո, սիրելինե՛ր, հաճախ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում՝ աչք փակելով մեր սխալների ու թուլությունների վրա, կամ փորձելով համոզել մեզ, որ եթե ոչ ոք չտեսավ մեր մեղքը կամ չիմացավ դրա մասին, ուրեմն անմեղ ենք: Բայց մոռանում ենք, որ խավարը կարող է ծածկել աղտերը մեր կամ նույնիսկ ողջ աշխարհի աչքից, սակայն Ամենատես Աստծուց, Հավիտենական Արեգակից ոչինչ թաքցնել հնարավոր չէ և պետք էլ չէ, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ աստվածային լույսը գալիս է երևան հանելու մեր մեղավոր ախտերը ոչ թե դատապարտության, այլ մեր հոգիները դրանցից սրբելու և բժշկելու համար: Աստվածային լույսն Աստծո սիրուց է բխում, այն անհատնում սիրուց, որ երկնքի անհուններն ամփոփեց մարդկային սահմանափակ մարմնում, այն սիրուց, որ խոնարհաբար խաչը բարձրացավ, որպեսզի այնտեղից Քրիստոսի լույսը խաչի թևերով սփռվի աշխարհի չորս ծայրերում և ազդարարի խավարի հանդեպ տարած հաղթանակն ու շողա՝ ի փառս Կենդանի Աստծո և ի փրկություն բոլոր հավատացյալների: Ուստի, որքան էլ աստվածային ճշմարտության լույսից սկզբում կկոցվում են խավարին սովոր մեր աչքերը, որքան էլ այն ցավոտ կերպով է բացահայտում դառը ճշմարտությունը մեր մասին, որքան էլ դժվար է լինում տեսնել և ընդունել սեփական սխալ արարքներն ու մեղսալից ախտերը, միևնույն է, հստակ պիտի հիշենք մի բան՝ որքան էլ դառն է դեղահաբը կամ ցավոտ բժշկական միջամտությունը, այն արվում է միմիայն մեր ապաքինման և կյանքը փրկելու համար: Եվ Աստծո ճշմարտության անաղարտ լույսն էլ հաճախ ցավագին կերպով, բայց գալիս է մեզ կորստաբեր մոռացումից դուրս բերելու և փրկության ուղու վրա կանգնեցնելու համար: Այն լուսավորում է մարդու հոգու հատկապես խավար անկյունները, որտեղ բույն են դրել կործանարար հպարտությունն ու փառասիրությունը, նախանձն ու ատելությունը, կեղծավորությունն ու փոքրոգությունը, սուտը, ծուլությունը, ագահությունը և այլն, որոնք ամեն կերպ խուսափում են իրենց մերկացնող լույսից և ձգտում հնարավորինս խորը թաքնվել իրենց սնող ու փայփայող խավարի մութ փեշերի տակ: Սակայն, ինչպես յուրաքանչյուր գիշերվան, որքան էլ այն խավարամած, փոթորկալից կամ մառախլապատ լինի, անպայման հաջորդում է լուսաբացը, ծագում կենսատու արևն ու իր ջերմ համբույրով ցրում գիշերվա ցուրտ խավարը երկրի երեսից, այնպես էլ Քրիստոս Արեգակ է Իր աստվածային լույսը սփռում թե՛ ազգերի վրա՝ ազատելով նրանց հեթանոսության խավարից, թե՛ մարդկանց վրա անհատապես՝ ազատելով նրանց սրտի, հոգու ու մտքի խավարից: «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»,- ասվում է Եսայու մարգարեության մեջ Քրիստոսի բերած լույսի մասին (Ես. 9:2, Մտթ. 4:16): Սակայն, ի տարբերություն երկնային լուսատուի, որ իր լույսը ծագեցնում է աշխարհի բոլոր ծայրերում անխտիր, լուսավորում ու ջերմացնում մոլորակն՝ անկախ մարդկանց ցանկությունից, Քրիստոսի լույսն իր ողջ շնորհով և իր ողջ ուժով սկսում է գործել այն մարդու հոգում, ով փնտրում է այդ լույսը, փափագում դրա ջերմությունը, ողջ էությամբ ձգվում դեպի այն, և ապաշխարությամբ մաքրում է իր սիրտը մեղքերից՝ տեղ պատրաստելով աստվածային անապական լույսի համար: Սա Աստծո հատուկ ողորմածությունն է մեզ՝ մեղավորներիս, որ ապրում ենք խավարով լի աշխարհում, խավարած սրտերով ու հոգիներով մարդկանցով շրջապատված: Բարեխնամ Հայրը չի դադարում հոգալ Իր զավակների փրկության համար և այս սքանչելի հնարավորությունն է պարգևել մեզ՝ մեր կյանքի ուղին կերտելու աստվածային լույսի ներքո: Ավելին, աշխարհ գալով՝ Քրիստոս ոչ միայն աստվածային լույսը բերեց աշխարհի խավար լաբիրինթոսում անիմաստ դեգերող մարդկանց, այլև Իր հետևորդներին լույս անվանեց, ինչպես գրի է առնված Մատթեոսի ավետարանում. «Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (5:14-16): Սա անասելի մեծ պատիվ, կոչում և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, որը ստիպում է մեզ արթնանալ հոգևոր նիրհից և գործի անցնել, քանի որ Քրիստոսի փրկչական լույսը չենք ստացել, որ թաքցնենք, պահենք կամ էլ Աստված մի արասցե՝ կորցնենք: Այլ ստացել ենք այն մեծագույն ակնածանքով և հոգատարությամբ վառ պահելու և մեր նմաններին էլ լուսավորելու համար: Սրբերն ու սրբակենցաղ հոգևոր հայրերը հրաշալի օրինակ և ոգեշնչման մեծ աղբյուր են մեզ համար նաև այս պարագայում, քանի որ նրանք Աստծո այն նվիրյալ ջահակիրներն են, ովքեր իրենց կյանքն են նվիրել իրենց վստահված լույսի պահպանման ու տարածման համար: Նրանք հրաժարվել են աշխարհից՝ այդ լույսով ու դրա մեջ ապրելու համար: Այն դարձել է նրանց երակներում հոսող արյան բաղկացուցիչ մասը, սնել ու ապրեցրել նրանց՝ երկրի վրա դրախտային երանությամբ լցնելով աստվածապատկեր նրանց հոգիները: Այդ լույսն էր, որ ակնառու կերպով ճառագում էր նրանց աչքերից, և այն հնարավոր չէր շփոթել որևէ այլ բանի հետ: Այս մասին բազում վկայություններ կան սրբերի և հայրերի վարքերում, և սա մեզ համար էլ է հնարավոր, սիրելի՛ քրիստոնյաներ, հնարավոր է այն դեպքում, երբ Աստված դառնա մեր կյանքի կենտրոնը, մեր կյանքի գերնպատակն ու իմաստը: Սա մեզ համար էլ իրականություն կդառնա այն ժամանակ, երբ մեր հոգիներն իրապես տենչան միավորվել Նրա հետ, Ով ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12): Արդ, սիրելի հավատավոր ժողովուրդ, հայացքներս հառենք այսօր Անճառելի Լույսին և աղոթենք, որպեսզի կրկին անգամ ողորմի մեզ՝ մեղավորներիս, արժանացնի զղջման և ապաշխարության, որպեսզի Իր աննվազ լույսը մեկընդմիշտ ծագի մեղքի խավարում մոլորված մեր հոգիներում և ուղղորդի մեզ դեպի Երկնային անանց Արքայություն, հավիտենական լույս ու երանություն, որի համար փառք, իշխանություն և պատիվ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

29.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․