Գրքեր

«Մահվանից կյանք անցավ»

- Ցավո՞ւմ է, հա՛յր:

- Իսկ դու ի՞նչ ես կարծում: Եթե մինչ արևածագ չապրեմ, նշանակում է՝ ինձ համար մեծ օրը կգա՝ ո՛չ երեկո կլինի, ո՛չ առավոտ: Արևը թող ձեզ մնա(1):

- Հա՛յր, երբ հոգոր առումով նախապատրաստված մարդու համար գալիս է այս աշխարհից հեռանալու ժամանակը, նա իրեն ինչպե՞ս է զգում:

- Որտեղի՞ց իմանամ:

- Ոչ ոք Ձեզ երբևէ չի՞ ասել:

- «Մահվանից կյանք անցավ»(2),- մի՞թե այսպես ասված չէ: Նշանակում է, որ այս կյանքը մահ է, իսկ մահն անցում է դեպի ճշմարիտ կյանք: Հետևաբար՝ ուրախությամբ դեպի կյանք է գնում:

 - Հա՛յր, շատ սրբեր տեսել են հոգին, երբ այն թողնում է մարմինը: Նա ի՞նչ տեսք ունի:

- Երեխաների պես են: Մյուս կյանքում բոլորը հրեշտակակերպ են լինելու՝ ո՛չ տղամարդ, ո՛չ կին, ո՛չ ծեր, ո՛չ մանուկ, բոլորը նույն սեռի ու նույն տարիքի: Դրա համար էլ, երբ որևէ մեկը տեսնում է մարմնից բաժանվող հոգին, այն մանկան կերպարանքով է տեսնում: Դեմքն իրեն բնորոշ գծերով է, բայց ասես երեխայի լինի:

Երբ ես Սուրբ Խաչի խցում էի ապրում, երբեմն այցելում է հայր Ֆիլարետին(3): Նա մի բարեպաշտ ծեր էր, որ հարևանությամբ գտնվող խցում էր ապրում: Նախքան հիվանդանալը, նա տասնհինգ տարի խնամում էր Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հայր Բարդուղիմեոսին, որը նրա վանական եղբայրն էր: Երբ ես վերջին անգամ նրա խուցը գնացի, նրան հատակին գտա: Արդեն մի ամիս էր, որ ոչինչ չէր կերել, միայն ջուր էր խմել: Պառկել չէր կարողանում, կոշիկներով էր քնում՝ նստած ու պատին հենված: Հագուստը մարմնին էր կպել, իսկ կոշիկները լրիվ թաց էին, որովհետև ոտքերի վերքերը բացվել էին և արյունաջուր էր հոսում դրանցից: Բայց նա իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ էլ չէր եղել: «Սա նույնպես Աստծու օրհնությունն է»,- ասում էր: Ես նրան հատակից բարձրացրի և խնդրեցի, որպեսզի թույլ տա, որ օգնելու համար իրենց խցում գիշերեմ, սակայն նա թույլ չտվեց: Ասաց, որպեսզի հաջորդ օրը գամ: Կեսգիշերին, երբ տերողորմյայով աղոթում էի, մեկ էլ ի՜նչ տեսնեմ: Տեսնեմ հայր Ֆիլարետը լուսավոր դեմքով՝ մոտավորապես տասներկու տարեկանի, երկնային լույսերով դեպի Երկինք է բարձրանում: Եվ հասկացա, որ նա ի Տեր ննջեց:

- Հա՛յր, մահվանից հետո առաջին քառասուն օրը պետք է ավելի շատ աղոթե՞լ ննջեցյալի համար:

- Այո՛, որովհետև հոգին անհանգստանում է՝ չիմանալով, թե իրեն ինչ դատաստան է սպասում:

Մի անգամ այստեղ՝ հյուրատան մոտ մի ծեր կնոջ հանդիպեցի, որն ուզում էր օրհնություն խնդրել ինձանից: Ես նույնպես նրա ձեռքը համբուրեցի, որովհետև Աստծու շնորհը տեսա այդ հոգու մեջ: Շուտով նա միանձնուհի դարձավ: Երբ նա ննջեց, ես այստեղ էի և երկյուղածորեն խոնարհվեցի նրա աճյունին: Դրանից հետո երկու դեպք պատահեց ինձ: Մեկն այստեղ՝ մենաստանում, իսկ մյուսն ինձ մոտ՝ խցում: Առաջինն այդ միանձնուհու վախճանից յոթ օր հետո պատահեց: Ես տեսա նրա հոգին, որն ասես հրեշտակ լիներ, տասներկուամյա աղջնակի տեսք ուներ և ամբողջովին փայլում էր: Երկրորդ անգամ նա երազումս հայտնվեց, երախտագիտությամբ մինչև գետին խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց իր համար արված աղոթքներիս համար: Շատ հուզիչ էր, և ես մեծ ուրախություն էի զգում: Երբ ուզում էի ամսաթիվը նշել, տեսա, որ քառասուն օր է անցել նրա ննջելուց: Այդ հոգին առանձնանում էր մեծ բարությամբ և այժմ էլ չի մոռանում շնորհակալություն հայտնել:

 

1. Ծերն ասել է 1994թ. հունիսի 28-ին՝ իր ննջումից երկու շաբաթ առաջ:

2. Հովհ. 5:24:

3. Старец Паисий Святогорец. Отцы-святогорцы и святогорские истории. С. 82–85.

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

20.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․