Գրքեր

Մանկամկրտություն. փրկությունը բոլորի համար է

Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի կամ բժշկական օգնության մասին, ապա միայն դիմում են անհրաժեշտ քայլերի: Իսկ այն ծնողները, ովքեր սպասում են երկրորդ, երրորդ զավակների ծնվելուն և հետո միայն բոլորին միասին մկրտելուն, դա նման է նրան, որ իրենք իրենց առաջին զավակին չկերակրեն՝ սպասելով երկրորդ կամ երրորդ զավակների ծնվելուն: Երեխայի մկրտությունն ուշացնելը մեկ այլ վտանգավոր հանգամանք ունի. միգուցե երեխան չապրի մինչև գիտակից տարիքը և զրկվի փրկության հնարավորությունից, որ ուներ մկրտության շնորհիվ, իսկ այս դեպքում ծնողները պատասխանատու են լինելու Աստծու առջև՝ իրենց երեխայի հոգու հանդեպ անտարբեր գտնվելու համար: Մարդը կազմված է մարմնից և հոգուց, ուստի անհրաժեշտ է խնամել, հոգ տանել երեխայի ոչ միայն մարմինը, այլև՝ հոգին: Իսկ հոգին խնամելու առաջին պայմանը երեխային մկրտելն է, որդեգրելը Հայր Աստծուն, Քրիստոսով զգեստավորելը:

Մկրտվելով՝ երեխան ընդունում է Սուրբ Հոգին՝ դառնալով մարմինը և անդամը սուրբ Եկեղեցու: Դառնում է նոր մարդ՝ սրբված, վերածնված: Երեխան, վերստին ծնվելով, մտնում է նոր կյանք: Երեխաների մկրտության ժամանակն ութ օրականն է: Մահվան վտանգի դեպքում կարելի է ավելի շուտ կատարել:

Մկրտությունը չի կարելի նորից կատարել, որովհետև այն հոգևոր ծնունդ է. «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը» (Եփես․ 4:5): Կրկնել մկրտությունը նշանակում է մի այլ Երրորդություն դավանել, ըստ որում և մի այլ Քրիստոս, փրկչական մի այլ մահ, կրկնակի վերածնություն և մի այլ Սբ. Հոգու, իսկ այսպես դավանելը հերձվածողություն է:

Աստված անսահման է, իսկ աստվածային խորհուրդները՝ խորը և անպարփակ: Այն ծնողները, ովքեր սպասում են, որ երեխան մեծանալով լիովին կգիտակցի մկրտության խորհուրդը, սխալվում են: Որովհետև անգամ չափահաս տարիքում, միևնույն է, մենք չենք կարող լիովին, կատարյալ կերպով, ամբողջովին գիտակցել աստվածային խորհուրդները, աստվածաբանական սկզբունքները: Սակայն այս ամենին զուգահեռ շատ հաճախ հենց երեխաները կարող են զգալ այն, ինչ չափահաս և գիտակից մարդիկ չեն կարող կռահել կամ տեսնել, քանի որ հասուն մարդը շատ հաճախ իր դատողություններով կարող է երկմտել և կասկածի տակ դնել հավատքի էությունը:

Մկրտությունն անհրաժեշտ է և կարևոր, քանի որ. «Ջրից և հոգուց չծնվածները չեն մտնի Աստծու Թագավորությունը» (Հովհան․ 3:3-5): Ինչպես Հովհաննես Երզնկացին է ասում. «Այս ծննդյան հայրը Աստվածն է, մայրը՝ եկեղեցին, արգանդը՝ Ավազանը, որը ծնում է մանկանը ջրով և Հոգով»: Այս խորհուրդն անհրաժեշտ է՝ համաձայն Տիրոջ խոսքի և Նրա օրինակի. «Գնացեք և աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ․ 28:19): Մեր Տերը, երբ սա պատվիրեց, չառանձնացրեց չափահասների և երեխաների մկրտությունը: Ընդունելով մանուկների մկրտությունը՝ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին ոչ մի խտրություն չի դնում մեծ ու փոքրի միջջ: Առաքյալները, երբ մկրտում էին ընտանիքներին, բնականաբար, նրանց մեջ կային մանուկներ (Ա Կորնթ․ 1:14-16; Գործք Առ․16:15): Ինչպես մանուկը պետք է ճանաչի իր մարմնավոր ծնողին, որ իրեն մարմնապես կերակրողն է, նմանապես պետք է ճանաչի նաև հոգևոր ծնողին, որ իրեն հոգեպես սնուցողն է ընդմիշտ:

Մանկան փոխարեն նրա հավատքի պատասխանատվությունը ստանձնում է կնքահայրը, քանզի անգիտության պատճառով երեխան խորհուրդն ընդունելու անհրաժեշտ հավատ չունի: Արշակ Տեր-Միքելյանը իր «Հայաստանյայց Սբ. Եկեղեցու Քրիստոնեականը» ձեռնարկ-դավանաբանության մեջ նշում է, որ Սբ. Հոգին զարթեցնում է նորածին մանկան միամիտ հոգու մեջ տրամադրություն դեպի փրկություն, քրիստոնյա և ուսյալ կնքահայրն էլ երաշխավորում է նրա հավատքի ապագա դաստիարակությունն, և մանուկն էլ մկրտվում է իր ծնողների հավատքով: Ապա շարունակության մեջ նշում է, որ հավատքի ճանաչողությունն ու փրկության գիտակցությունը պահանջվում է չափահաս ու հասունացած մկրտվածից, որպեսզի նա ձգտի և միանա իր Փրկչի հետ, իսկ մանուկից այդ չէ պահանջվում, այլ քանի որ մկրտությունը նոր գիտակցության հիմնադրություն է, նոր ստեղծագործություն է և նոր անձի սկզբնավորումն է, մանուկը մկրտվում է ծնողների հավատքով, նրա կամքի տեղը բռնում է ծնողների կամքը, և ուրեմն նրա վրա է ընկնում նաև հավատքի բոլոր պահանջները:

Մկրտությամբ մենք մտնում ենք Աստծու ընտանիքի մեջ: Իսկ երբ ծնողը զրկում է երեխային մկրտվելուց, զրկում է նրան այդ ընտանիքի՝ Եկեղեցու լիիրավ անդամը լինելուց, Քրիստոսի հետ հաղորդվելուց՝ Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելուց: Զրկում է նրան աստվածային օրհնությունից, որ ստանում է մկրտվողը մկրտությունից անմիջապես հետո կատարվող դրոշմի խորհրդի միջոցով: Իսկ երեխան դրոշմի միջոցով ստանում է մտքի արթնություն, աչքերի լուսավորություն դեպի փրկություն, ականջներով՝ Աստծու պատվիրանների լսողություն, հավիտենական կյանքի հոտառություն, բերանի պահպանություն, ձեռքի բարեգործություն, սրտի սրբություն և հոգու ուղղություն, մեջքի ամրություն չարի դեմ և ոտքերի ուղիղ ընթացք դեպի հավիտենական կյանք: Հետևաբար ծնողը զրկում է երեխային նաև փրկության հնարավորությունից: Քանի որ Տերն ասել է. «Նա, ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկոս 16:16): Շենուդա Գ պատրիարքը նշել է, որ երեխաներին մկրտելը համահունչ է «Փրկությունը բոլորի համար է» սկզբունքին:

Ուրեմն, Տիրոջ խոսքի համաձայն, թույլ տանք երեխաներին գնալ դեպի Աստված և չարգելենք, քանի որ նրանցն է Երկնքի Արքայությունը (Մատթ․ 19:14):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

10.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․