Գրքեր

Մանուկների անմեղության մասին

Փոքրահասակ մի մանուկ, մորից հաց վերցնելով, դուրս ելավ և ուտելով այս ու այն կողմ էր շրջում, ինչպես այսպիսի փոքր երեխաների սովորությունն է: Այնպես պատահեց, որ մանուկը եկավ այն տեղը, որտեղ Աստվածամոր` Կույս Մարիամի պատկերն էր` մանուկ Քրիստոս Աստված գիրկը: Նրան նայելով` երեխայաբար ու քաղցրությամբ մանկացյալ Քրիստոսին ասաց.

-Ո՛վ սիրելի, աղաչում եմ, վերցրո՛ւ սա, որ հոժարությամբ քեզ եմ ընծայում:

Իսկ պատկերը, թեպետ գեղեցիկ էր նկարված, քանի որ անզգա էր, մնում էր անշարժ, ո՛չ հացն էր վերցնում, ո՛չ էլ պատասխան տալիս: Իսկ մանուկը չէր դադարում աղաչելուց, որպեսզի հաց ուտի իր հետ: Եվ երբ երկար ժամանակ անցավ (իսկ նա ստեպ-ստեպ աղաչում էր), որ հայտնի լինի, թե Աստծուն ինչքան հաճելի են մանուկների խնդրանքները, նույն պատկերն Աստծո զորությամբ երկարեց ձեռքը, մանկանից վերցրեց հացը` ասելով.

-Ահավասիկ, ինչպես որ կամենում ես, այդ հացը վերցնում եմ քեզնից, բայց երեք օրից այն կամենում եմ հատուցել քեզ:

Մանուկը, այս պատասխանը լսելով, ուրախությամբ տուն դարձավ և միևնույն ժամանակ էլ հիվանդացավ: Երբ երրորդ օրը եկավ, Տերը՝ Կույս Մարիամի Որդին, կանչեց նրան, որ հոգին ավանդի Աստծուն, որպեսզի հավիտենական կյանքի հացին  և երկնքի արքայության բնակությանն արժանանա:

†††

Երանելի Օգոստինոսը  գիրք էր գրում Սուրբ Երրորդության վերաբերյալ: Աշխատանքից ու հոգևոր գործունեությունից հետո՝ երեկոյան ժամերին, նա ծովեզերքին շրջելու սովորություն ուներ: Քահանաները նրանից հեռու էին մնում, որպեսզի իրենց զրույցներով նրան իմացական տեսությունից չշեղեին:

Արդ, այսպես շրջելիս մի անգամ տեսավ  մի գեղեցիկ ու վայելուչ մանկան` ծովեզերքին նստած, ով մի փոքր փոս փորելով, ինչպես մանուկների սովորությունն է խաղալով անել, և արծաթի գդալով ծովից ջուրն առնելով, այն փոսի մեջ էր լցնում: Օգոստինոսը, այս տեսնելով և նրան մոտենալով, հարցրեց.

-Ի՞նչ ես անում:

Եվ նա պատասխանեց.

-Այս բովանդակ ծովը կամենում եմ այս փոսի մեջ լցնել:

Եպիսկոպոսը ծիծաղելով ասաց.

- Ո՛վ որդյակ իմ, ինչպե՞ս կարող ես դա անել. ծովը լայնատարած է, իսկ գդալդ` փոքր, փոսն էլ, որ կամենում ես լցնել, փոքրածավալ:

Ապա մանուկն ասաց.

-Ինձ համար ավելի դյուրին է այս անել, ինչը որ ես եմ խորհում, քան թե քեզ համար անել այն, ինչը որ դու ես մտածում:

-Ի՞նչ է դա նշանակում,- հարցրեց եպիսկոպոսը` խիստ զարմացած:

Իսկ նա պատասխանեց.

-Մտածում և կարծում ես փոքր գրով պարփակել այն, թե ի՛նչ է անբաժանելի Երրորդության անճառելի խորհուրդը, որը մինչև կատարես, ես ծովն ամբողջությամբ կլցնեմ այս փոսի մեջ:

Այս ասելով` անհայտացավ: Օգոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց և իսկույն հասկացավ, որ մանկան կողմից ասվածը ճշմարիտ էր:

 

Հայելի վարուց

30.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․