Գրքեր

Մարդիկ պարզություն են փափագում

Լավ է, որ մարդիկ պարզության են ձգտում: Նրանք այնտեղ են հասել, որ պարզությունը նորաձև են դարձրել, թեկուզ ներքուստ պարզության նշույլ իսկ չունեն: Ոմանք Սուրբ լեռ են գալիս խունացած, մաշված հագուստով, և ես ինձ հարց եմ տալիս. «Իսկ նրանք ինչո՞ւ են այդպես հագնված: Չէ՞ որ դաշտում չեն աշխատում»: Մեկը գյուղի անպաճույճ լեզվով է խոսում, որովհետև դա բնական է նրա համար, և դու ուրախանում ես գյուղի լեզվի կարկաչը լսելով: Իսկ մյուսն իր խոսքում նմանակում է գյուղացուն, բայց նրա «գեղջկական խոսելաձևից» սիրտդ խառնում է: Իսկ ոմանք փողկապներով են Սուրբ լեռ գալիս… Ցեխից ելավ, ցեխաջուրն ընկավ… Նման մի «ուխտավոր» վեց, թե յոթ փողկապ էր իր հետ Աթոս վերցրել: Առավոտյան ինձ մոտ գալիս կոստյում էր հագել, փողկապ կապել, կարծես շքերթի համար էր պատրաստվել: «Այդքան երկար ի՞նչ ես անում»,- հարցնում է նրան մեկը: «Պատրաստվում եմ հայր Պաիսիոսի մոտ գնալ»,- պատասխանում է նա: «Իսկ ինչո՞ւ ես այդքան տոնական հագնվում»: «Որովհետև,- պատասխանում է,- ուզում եմ պատվել նրան»: Ի՜նչ օրի ենք հասել:

Մարդիկ ամենևին պարզություն չունեն: Այդ պատճառով էլ երիտասարդությունը սկսեց թափառել, իր տեղը չգտնել: Իսկ հոգևոր մարդիկ, չկարողանալով պարզ ապրել, ձևապաշտ ու անբնական լինելով, չեն օգնում երիտասարդությանը: Այժմյան երիտասարդությունը չգիտի, թե ումից կարելի է օրինակ վերցնել, և սկսում է թափառաշրջիկի կենսակերպ վարել: Որովհետև ի դեմս քրիստոնյաների տեսնում է «բոլոր կոճակները կոճկված», փողկապներով, կարևոր ու փքված մարդկանց, նրանց ու աշխարհիկների միջև ոչ մի տարբերություն չի գտնում և այդ պատճառով էլ հակադրվում է: Եթե նրանք պարզություն տեսնեին հոգևոր մարդկանց մեջ, ապա նման վիճակի չէին հասնի: Սակայն երիտասարդներն այսօր առաձնանում են աշխարհիկ ոգով, իսկ քրիստոնյաները՝ աշխարհիկ ծիսակարգով: «Մենք՝ քրիստոնյաներս, պետք է քայլենք այսպես, սա անենք այնպես, իսկ այս մեկն՝ այսպես…»: Քրիստոնյաները դա ի սրտե չեն անում, ոչ էլ՝ երկյուղածությունից ելնելով, այլ, որովհետև «այդպես է պետք իրեն պահել»: Իսկ երիտասարդներն, այդ ամենը տեսնելով, ասում են. «Դա ի՞նչ բան է: Ձգված վզո՞վ եկեղեցի գնալ: Գնացինք այստեղից»: Նրանք ամեն ինչ մի կողմ են գցում իրենց վրայից ու առանց հագուստի շրջում: Նրանք մեկ այլ ծայրահեղության մեջ են ընկնում: Հասկանո՞ւմ ես: Երիտասարդությունն իր բողոքն է այդ կերպ արտահայտում: Երիտասարդներն իդեալներ ունեն, բայց չկա մեկը, ումից կկարողանան օրինակ վերցնել: Հարկ է խղճալ նրանց: Այդ պատճառով էլ պետք է, որ ինչ-որ մեկը նրանց նախանձախնդրությանը «կպչի», իր պարզությամբ շարժի նրանց սրտերը: Երիտասարդները զայրանում են՝ տեսնելով, թե նույնիսկ հոգևոր մարդիկ, նույնիսկ հոգևորականները ինչպես են փորձում աշխարհիկ հնարքներով զսպել նրանց: Սակայն համեստության, պարզության և անկեղծության հանդիպելով՝ սկսում են մտածել: Որովհետև եթե մարդու մեջ անկեղծություն կա և նա իրեն հաշվի չի առնում, ապա նա պարզ է ու խոնարհ: Այդ ամենը հենց իրեն է հանգստություն պարգևում, բայց միևնույն ժամանակ նաև մյուսի համար է նկատելի: Դիմացինն զգում է իրոք ցավում ես իր համար, թե կեղծավորություն ես անում: Ինչ-որ թափառաշրջիկն ավելի լավն է, քան կեղծավոր քրիստոնյան: Այդ պատճառով էլ ոչ թե կեղծավոր «սիրո ժպիտ» է պետք, այլ բնական պահվածք, ոչ թե չարություն ու երկերեսանիություն, այլ սեր ու անկեղծություն: Ինձ ավելի է հուզում, եթե մարդը ներքուստ է կարգավորված, այսինքն, եթե հարգանք ու իրական սեր ունի այլոց նկատմամբ, եթե իրեն հասարակ է պահում, այլ ոչ թե ըստ սահմանված «պահելաձևի մոդելի»: Որովհետև հակառակ դեպքում մարդը մնում է միայն արտաքինի մեջ և դառնում արտաքին մարդ, այսինքն՝ բարեկենդանի դիմակավոր:

Իսկական մարդու հիասքանչ հոգու ներքին մաքրությունը նրա արտաքին տեսքն էլ է զարդարում, իսկ Աստծո սիրո աստվածային քաղցրությունը նույնիսկ նրա կերպարն է քաղցրացնում: Ներքին հոգևոր գեղեցկությունը մարդուն նույնիսկ արտաքնապես է գեղեցկացնում ու լուսավորում հոգևոր առումով, աստվածային շնորհի միջոցով նա նրան այլ կերպ է ներկայացնում: Բացի այդ, այն զարդարում և լուսավորում է նույնիսկ այն տգեղ հագուստը, որը շնորհով լցված Աստծո մարդն է հագնում: Հայր Տիխոնը* ինքն էր հաստ ասեղով կնգուղ կարում փարաջայի կտորտանքներից: Այդ կնգուղները տոպրակների էին նման, բայց նա դրանք դնում էր և դրանք մեծ շնորհ էին լուսարձակում: Ինչ հագուստ էլ ծերը հագներ՝ հին կամ պարկանման, այն տգեղ չէր երևում, որովհետև հոգու ներքին գեղեցկությամբ հագուստն էլ էր գեղեցիկ դարձնում: Մի անգամ այցելուներից մեկը ծերին լուսանկարեց հենց այն տեսքով, որով հանդիպեց՝ գլխին կնգուղի փոխարեն տոպրակով և ինչ-որ գիշերազգեստով, որը ինքը գցեց նրա ուսերին՝ տեսնելով, որ հայրը մրսում է: Եվ այսօր, երբ մարդիկ նայում են այդ լուսանկարին, մտածում են, որ ծերը արքեպիսկոպոսական պատմուճան է հագել, այնինչ դա ընդամենը մի հին խայտաբղետ գիշերազգեստ էր: Մարդիկ նույնիսկ հայր Տիխոնի ցնցոտիներին էին ակնածանքով վերաբերվում և իրենց էին վերցնում՝ որպես օրհնություն: Իրեն ներքուստ փոխած և սրբված նման օրհնյալ մարդը նույնիսկ արտաքնապես ավելի մեծ արժեք ունի, քան այն բոլոր մարդիկ, ովքեր անդադար փոխում են իրենց արտաքինը (այսինքն հագուստը), իսկ ներքուստ պահպանում են հին մարդուն՝ իր «նախապատմական մեղքերով»:

 

* Հայր Տիխոնի մասին տես՝ Старец Паисий. Отцы-святогорцы и святогорские истории. Свято-Троицкая Сергиева Лавра, 2001. С. 13-39.

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

05.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․