Գրքեր

Մարդկային տրամաբանությունը՝ որդեծնության մասին Աստծո կամքի վերաբերյալ

Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում երկնքի թռչունների մասին, շատ ավելի մեծ հոգածությամբ պիտի վերաբերվի իրենց զավակներին: Հիշում եմ մի նավաստու, որն ամուսնացել էր ընդամենը տասնութ տարեկանում: Եվ ինքն էր աղքատ, և կին էր ընտրել աղքատ ընտանիքից: Նրանք մի ինչ-որ նկուղ էին վարձել ու ապրում էին այնտեղ: Նրա կինն էլ էր շատ փոքր վարձատրությամբ աշխատում և նրանք շատ սուղ միջոցներով էին ապրում: Պատկերացրեք, որ սեղանի փոխարեն դեղձի արկղ էր դրված, որ մի ժամանակ երջանկություն էին ունեցել գնելու: Այնուհետև ծնվեցին նրանց երեխաները: Նրանց մեծացնելու համար նրանք շատ էին աշխատում, բայց մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում: Սակայն, աստիճանաբար նրանք հարստացան և սկսեցին լավ ապրել:

Ամուսիններ կան, որ առաջին հերթին փորձում են այլ խնդիրները լուծել և այնուհետև միայն սկսում են մտածել երեխաների մասին: Այդպիսի մարդիկ ընդհանրապես հաշվի չեն նստում Աստծո հետ: Իսկ այլ ամուսնական զույգեր ասում են. «Այսօրվա կյանքը հեշտ չէ: Թող միայն մի երեխա ունենանք, բավական է: Դեռ պետք է փորձել այդ մեկին մեծացնել»: Եվ ուրիշ երեխաներ չեն ծնում: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ մեղք են գործում` այդպես մտածելով, վստահությամբ չհենվելով Աստծո վրա: Աստված «սրտացավ» է: Նա հեշտությամբ կարող է դադարեցնել ամուսիններին երեխա պարգևելը, եթե տեսնի, որ արդեն նրանց ուժերից վեր է երեխա մեծացնելը:

Շատերն են ձգտում ամուսնանալ, առանց մտածելու այն մասին, որ երեխաների ծնունդն ու նրանց դաստիարակությունը քրիստոնեական ոգով` պետք է ամուսնական կյանքի նպատակը լինի: Մարդիկ չեն կամենում շատ երեխա ունենալ, որպեսզի չծանրաբեռնվեն հոգսերով, իսկ հետո տանը շուն ու կատու են պահում: Ինձ պատմել են, որ հիմա Ամերիկայում* շների փոխարեն մարդիկ շատ թանկ ցեղատեսակի խոզուկներ են պահում: Այդ խոզուկներն այդպես էլ փոքր են մնում, չեն աճում: Նրանց հատուկ են այդ կերպ սերել, որպեսզի հնարավոր լինի բնակարաններում պահել: Մարդիկ չեն ուզում երեխաներ ունենալ, որովհետև հոգսաշատ է նրանց լողացնելը, խնամելը: Իսկ ի՞նչ է, այդ խոզուկներին չե՞ն լողացնում: Շունն էլի ինչ-որ չափով հասկանալի է, այն պահապան է: Բայց տանը խոզ պահել… Սարսափելի բան է: Երբ Ավստրալիայում էի** «ծերանոցներ» տեսա շների ու կատուների համար: Այնտեղ նույնիսկ կենդանիների գերեզմանոցներ կային: Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ կսկսեն մկներ բազմացնել ու պահածոյացնել, որպեսզի կատուներին կերակրեն, իսկ նապաստակներին կբազմացնեն ու կպահածոյացնեն շների համար: Եվ այդ ընթացքում այլ մարդիկ կշարունակեն սովամահ լինել: Ու տե՛ս, եթե ինչ-որ մեկը շուն սպանի, ապա բացառված չէ, որ դրա համար շատ ավելի վճարի, քան ասենք, թե մարդասպանության համար (իհարկե կախված է նրանից, թե ում էր պատկանում այդ շունը): Ահա՛ թե ուր ենք մենք հասել… Մեր օրերում մարդն ավելի էժան է, քան` շունը: Ես զարմանում եմ, թե ինչ են ասում որոշ հոգևորականներ: Մի անգամ իմ խուց եկան մի խումբ ուխտավորներ և հարցրեցին ինձ. «Հա՛յր, մի՞թե Սուրբ Հովհան Ոսկեբերանը որևէ տեղ գրում է, որ ամուսինները չպետք է երեխաներ ծնեն»: «Այդ ինչե՞ր եք ասում,- զարմացա ես,- որտե՞ղ եք նման բան լսել»: «Ահա՛,- ասում են,- Հայր այսինչն է մեզ ասել»: Երբ հանդիպեցի այդ հոգևորականին, հարցրեցի. «Ի՞նչ է, դու իսկապես նրանց այդպես ես ասել»: «Այո»,- պատասխանեց նա: «Որտե՞ղ ես նման բան կարդացել»: «Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում այդ մասին իր «Կուսության մասին խոսք»-ում»,- պատասխանեց նա: «Լսի՛ր,- ասում եմ նրան,- ես Սուրբ Հովհան Ոսկեբերանի մոտ նման բան չեմ կարդացել, բացի այդ Սուրբը չի կարող այդպիսի բաներ ասել: Նա ինչ-որ այլ բան ի նկատի ունի: Գիրքն ինձ բեր, որպեսզի տեսնեմ, թե ինչ է գրված այնտեղ»: Նա բերում է գիրքն ու ցույց տալիս տեղը: Սկսում եմ կարդալ ու տեսնում եմ, որ Սուրբը հետևյալն է գրում. «Այժմ մարդիկ բազմացել են և դուք հնարավորություն ունեք նաև կուսության մեջ ապրելու, քանի որ առաջվա պես չէ, երբ մարդիկ պետք է իրենց ետևից սերունդ թողնեին»***: Այսինքն Սուրբը չի ասում «երեխաներ մի՛ ծնեք»: Բայց այդ հայրն իրենն էր պնդում: Հոգևորական, որ աստվածաբանական կրթություն է ստացել, սակայն այդպիսի անհեթեթություն է ասում: Նա ուզում է կարդացած երևալ, ցույց տալ, որ ինքը Հովհան Ոսկեբերանի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրողն է, որպեսզի մարդիկ իրեն լավ հոգևորական համարեն: Գիտե՞ք, թե ինչպիսի վնաս են հասցնում այդպիսի աղավաղված մեկնությունները այն մարդկանց, ովքեր ցանկանում են խաղաղություն գտնել իրենց մտքերի համար:

Աշխարհիկ կյանքով ապրող շատ մարդկանց համար այսօր ընտանիքը զրկվել է իմաստից: Այդ պաըճառով էլ այդպիսի մարդիկ չեն ամուսնանում, կամ էլ թե ամուսնանալով` խուսափում են որդեծնությունից, կամ սպանում` իրենց երեխաներին աբորտների միջոցով, այդպիսով արմատախիլ անելով իրենց տոհմը: Այսինքն ոչ թե Աստված է ոչնչացնում մարդկանց, այլ մարդիկ իրենք են իրենց ոչնչացնում: Իսկ հավատացյալ մարդիկ, ովքեր հետևում են Աստծո պատվիրաններին` ընդունում են Աստվածային Բարեշնորհությունը, քանի որ, եթե կարելի է այդպես արտահայտվել, Աստված պարտավոր է օգնել նրանց այս ծանր ժամանակներում, որ մենք ապրում ենք: Մենք տեսնում ենք ընտանիքատեր քրիստոնյաների, որոնք որքան երեխա էլ, որ Աստված տա նրանց, դաստիարակում են Աստծո երկյուղածությամբ: Եվ այդպիսի ծնողների բոլոր երեխաներն էլ հավասարակշռված և ուրախ են լինում: Այդ երեխաներն Աստծո օրհնությունն են: Նրանք մեծանալով` լավ, ջանասեր ու եռանդուն մարդիկ են դառնում: Ահա մենք բոլորս ասում ենք. «Ի՞նչ է լինելու այս աշխարհի վերջը», սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Աստծո բարեխնամությամբ այսօր բարի սերունդ է աճում: Սատանան փորձում է ամեն ինչ կործանել, սակայն Բարեգութ Աստված նույնպես գործում է: Նա թույլ չի տա, որպեսզի մեր ազգն անհետանա երկրի երեսից:

 

* Արտասանվել է 1990թ.-ի նոյեմբերին:

** Եկեղեցու հրավերով 1977թ.-ին հայրն այցելեց Ավստրալիա, որպեսզի հոգևոր աջակցություն ցույց տա այնտեղ ապրող ուղղափառ հույներին:

*** Տե՛ս Սուրբ Հովհան Ոսկեբերան, Կուսության մասին 17, PG 48, 546:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

14.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․