Գրքեր

Մարդկային թշվառության աղբյուրը Աստծուց հեռու կյանքն է

Մարդն արարվել է, որպեսզի ճանաչի Իր Արարչին, Նրանով հաղորդ դառնա իրական ուրախությանը և իրական կյանք ունենա: Նա, ով Աստծուց հեռու այլ կյանք է փնտրում, բախվում է թե՛ իր միջավայրի, թե՛ իր մերձավորների և թե՛ իր հետ: Ինչպես ասում է Հակոբոս առաքյալը. «Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք: Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում: Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայեցնելու համար» (Հակոբ. 4:2-3): Վատնելով ճշմարիտ կյանքի նպատակը՝ դեպի Աստված ընթանալը՝ մարդը ձգտում է կեղծ նպատակների: Մերժելով աստվածային նախախնամությունը՝ մարդիկ, իշխանատենչությամբ տարված, անվերջ թշնամանում են միմյանց հետ: Մարդկային թշվառության աղբյուրը Աստծուց հեռու կյանքն է: Քանի դեռ մարդն ընդդիմանում է Իր Արարչին, նա դատապարտված է անհաշտության Աստծու, իր մերձավորների և ինքն իր հետ:   

Բոլորին հայտնի է, որ բնության մեջ ամեն ինչ փոփոխվում է և չկա մի բան, որ գտնվի հանգստի մեջ: Եթե ֆիզիկական աշխարհում առկա շարժումներն ակնթարթ անգամ կանգ չեն առնում, նույնն է կատարվում նաև հոգևոր աշխարհում, հոգում տեղի ունեցող անդադար շարժումներն ուղղված են դեպի հավիտենական կյանք: Մարդու հոգևոր աճը նրա ընթացքն է դեպի Աստված: Մարդկային հոգին նման է օտարականի, որ տոթ եղանակին ճամփորդում է անապատով, զգում է տանջող ծարավ, փնտրում է ջուր, բայց չի գտնում, նայում է շուրջբոլորը և չի տեսնում ոչինչ, որ ինչ-որ չափով կհագեցնի իր ծարավը: Մարդկային հոգին չի հագենում ժամանակավոր ոչ մի բանով, անընդհատ կառչում է նյութականից և ի վերջո հասկանում, որ ամեն ինչ ունայն է և ինչ-որ բանի ծարավը շարունակում է տանջել իրեն: Հոգու ծարավի մեջ գտնվող անձի համար Քրիստոսի ուսուցումները նույնն են, ինչ անապատում ճամփորդողի համար ջրի աղբյուրը և նույնիսկ ավելին: Եթե ջուրը հագեցնում է մարմնի ծարավը ժամանակավորապես, ապա Աստծու խոսքը հագեցնում է անմահ հոգու ծարավը հավիտենապես:

«Քանզի երկու չարիք գործեց Իմ ժողովուրդը. Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել» (Երեմ. 2:13): Երեմիա մարգարեի միջոցով ասված Տիրոջ այս խոսքերը բնականաբար չեն վերաբերում միայն այդ ժամանակաշրջանին և միայն հրեա ազգին,  ինչպես մի՛ սպանիր, մի՛ գողացիր և մյուս պատվիրանները բոլոր ժամանակների և բոլոր ազգերի համար է: Հայրաբանական գրականությունը շեշտում է, որ մարդը հասել է այնպիսի անմտության, որ լքել է կենդանի ջրի Աղբյուրին և ջրամբար է փորում այրվող քարածխի վրա: Մարդիկ, մոռանալով Աստծուն, որ բոլոր բարիքների Աղբյուրն է, չարի միջոցով բարիք են փնտրում չարիքի մեջ: Հնարավո՞ր է ջուր փնտրել կրակի մեջ, ցորեն՝ ավազի մեջ: Եվ առավել ևս հնարավոր չէ երջանկություն և խաղաղություն փնտրել մեղքի և անաստվածության ջրհորում:

Աստծուց հեռու՝ մեղսալից  կյանքով ապրողների մասին Եսայի մարգարեն ասել է. «Իսկ անօրենները պիտի ծփան ծովի նման և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կավի հետ խառնվելով: Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,-ասում է Տերը» (Եսայի 57:20): Եթե հավատավորներին և արդարներին Աստված խոստանում է խաղաղություն, ուրախ ու լուսավոր հանգիստ՝ որպես մաքուր խղճի և պատվիրանապահության պտուղ, ապա անհավատներին և մեղսագործներին, մարգարեի խոսքի համաձայն, սպասվում է հակառակը՝ շփոթված հոգու տանջալից վիճակ, որ հիշեցնում է ալեկոծող ծովը: Վերջիններիս մռայլ հոգեվիճակն արտահայտվում է նրանց խոսքում, արարքներում՝ նման պղտորված ծովի ալիքներին, որ աղբ են նետում ափ:

Մարդ կարող է խաղաղություն ձեռք բերել միայն Քրիստոսով, Ով հանուն մարդկության փրկության խաչվեց և հարություն առավ մեռելներից: «Քրիստոս՝ որպես միջնորդ հանդես գալով, հաշտեցրեց մարդկանց Աստծու հետ, իսկ ինչպե՞ս Նա հանդես եկավ որպես Միջնորդ: Նա ընդունեց Իր վրա պատիժը, որ մարդիկ պետք է կրեին և համբերեց տանջանքներին ու չարչարանքներին: Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչպես Նա ընդունեց դա իր վրա: «Քրիստոս Օրենքի այդ անեծքից ազատեց մեզ՝ մեր փոխարեն Ի՛նքը դառնալով անեծքի առարկա, որովհետև Օրենքի գրքում գրված է. «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից» (Գաղ. 3:13): Տեսնո՞ւմ ես՝ ինչպես Նա ընդունեց Երկնքից սպառնացող պատիժը, ինչպես ամեն ինչ արեց, որ դադարեցնի թշնամությունը և Արարչից հեռացածներին մոտեցնի Արարչին»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Պատկերացնենք մեկին, որ ծանր հանցանք է գործել և հետապնդման մեջ է, գուցե նա իր սառնասրտության պատճառով չանհանգստանա, բայց միևնույն է նա վտանգի մեջ է և իրեն սպասում է իր հանցանքի դիմաց հատուցում: Նույն վիճակում է նաև անզղջում մեղավորը, թեև իրեն լավ է զգում, բայց Աստծու հետ չունի խաղաղություն և իր գործերի դիմաց իրեն սպասում է հատուցումը: Աստված ընդունում է նրանց, ովքեր դեպի Իրեն են գալիս զղջումով ու հավատով, ներում և որդեգրում է ու նրանց անունները գրում Կյանքի գրքում՝ դարձնելով երկնային բարիքների ժառանգորդ:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Ս. Եփրեմ Ասորու միջոցով Իր հորդորն է ուղղում բոլոր այն մարդկանց, ովքեր շարունակում են ապրել մեղքերի մեջ՝ օր-օրի հեռանալով ամենագութ Տիրոջից. «Մի՛ տրտմեցրու քո Արարչին անդարձությամբ, մի՛ պատճառաբանիր մեղքերդ, մի՛ շնորհազրկիր մարդասիրությունս և մի՛ ավերիր արարչությունս, մի՛ թող Ինձ դրսում Իմ տաճարից ու մի՛ զրկիր Ինձ Իմ բնակատեղից, մի՛ կողոպտիր ունեցվածքս, մի՛ դատարկիր Ինձ Իմ գանձից, որ ոչ այլ կերպ, քան Իմ արյամբ գնեցի և նրանով քեզ ստացա: Եվ եթե նայես Ինձ, որ սգում եմ քո կորստյան համար, կզղջաս չարիքներիդ համար: Ես այնպես ծարավի եմ քո փրկությանը, ինչպես եղջերուն՝ աղբյուրի ջրերին»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

15.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․