Գրքեր

Մարդու հոգևոր ուղին. վիրտուալից մինչև իրականը

Հարցազրույց Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիգրի քաղաքում բնակվող, Շառլոտ և Ատլանտա քաղաքների Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ծառայող Արմեն կիսասարկավագ Հարեյանի հետ:

Հոգևոր հայացքը փաստում է այն, որ այսօր վիրտուալ «սարդոստայն»-ը տառապում է բարոյականությունը վտանգող հիվանդությամբ: Ըստ Ձեզ՝ «հիվանդության» տարածումը այսօր կանխվո՞ւմ է ճիշտ չափաբաժին և որակ ունեցող «դեղահաբեր»-ով:

Անսահման համացանցային աշխարհում այսօր հայ երիտասարդությունը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, որը հանդիսանում է նրանց համար շփման լայն միջոց: Օրինակ, եթե հիվանդությունը ֆեյսբուքում է, ապա այդտեղ պետք է կիրառվեն դեղամիջոցներ և «հիվանդության» ճիշտ կանխորոշում՝ «դեղահաբերի» ճիշտ չափաբաժինն որոշելու համար: Կարծում եմ՝ այս պարագային բուժման լավագույն միջոցն Աստծո խոսքի ակտիվ քարոզչությունն է, որի դեպքում միայն մեծ նվաճումներ կունենանք:

Տարաբնույթ ինֆորմացիոն աշխարհում՝ համացանցում, ամեն վայրկյան առաջարկություն և ընտրություն է կատարվում: Որպես համացանցում ակտիվ քարոզող հոգևորական, ըստ Ձեզ, այսօր մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված հոգևորով:

Համացանցում՝ սոցիալական ցանցերից՝ ֆեյսբուքում, հոգևորի նկատմամբ հետաքրքրության աճն օր-օրի նկատելի է, հավատքի շուրջ համախմբված մարդկանց թիվն աճում է, և մենք դարձել ենք ընկերներ, թեև ոչ բոլորս ենք միմյանց հետ հանդիպել: Մի գեղեցիկ սովորություն ձևավորվեց մեզ մոտ, որ ամեն առավոտյան իրար հետ կիսվենք Աստծո խոսքով, եկեղեցու հայրերի գրվածքներով և դրանով սպառազինված ապրենք մեր օրը՝ երեկոյան նորից փառաբանելով մեր Արարչին: Մինչ որևէ գրառում անելը, աղոթում եմ՝ խնդրելով Աստծո առաջնորդությունը: Եթե նախնական շրջանում այդ գրառումները միայն մի քանի հոգի էին հավանում, ապա այսօր նրանց թիվն անհամեմատ աճել է: Մարդիկ հավանելով այն՝ ցանկանում են, որ իրենց ընկերներն էլ այդ մասին իմանան: Գրառման հետ կապված մեկնաբանությունն էլ խոսում է այն մասին, որ խոսքը դիպչել է մարդու սրտին: Եվ այսպես ձևավորվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների մի խումբ՝ ֆեյսբուքյան մի մեծ ընտանիք:

Համացանցային խայտաբղետ իրականության մեջ մարդը կարող է ակամայից հայտնվել ոչ ճիշտ հոգևոր դաշտում: Ի՞նչ խորհուրդ կտաք այս առումով:

Համացանցից դուրս էլ կա այդ շփոթմունքը: Ոչ ճիշտ հոգևոր դաշտում չհայտնվելու կարևոր դեղամիջոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուսմունքն իմանալն է: Մարդը պետք է ցանկություն ունենա իմանալու այդ ուսմունքը, Ավետարանը կարդա, իմանա, թե ինչ է սովորեցնում ուղղափառ հավատքը: Երբ մարդը զինվի ճշմարտությամբ, արդեն նա թացը չորից կտարբերի, արդեն նա կճանաչի ճշմարտությունը և պաշտպանված կլինի, քանի որ շեղումը կարող է մարդուն կործանման հասցնել:

Ի համեմատություն կենդանի փոխհարաբերության՝ համացանցը հոգևորական- հավատացյալ փոխհարաբերության մեջ ինչ-որ կերպ խոչընդոտող հանգամանք չէ՞ արդյոք, և այն որքանով կարո՞ղ է նպաստել Աստծո պատկերն ու նմանությունը կրող անհատի հոգևոր աճին:

Քանի որ մարդն այսօր վիրտուալ աշխարհում է, իմ կարծիքով կարելի է մարդուն հենց այդտեղ հանդիպել և նրան հետաքրքրել Աստվածային կյանքի քաղցրությամբ: Հոգևորականը, տեսնելով, թե որտեղ է մարդու հետաքրքրությունը, պետք է քայլեր գործադրի՝ առաջնորդելու համար նրան դեպի փրկություն: Համացանցում, եթե հոգևորական-հավատացյալ վիրտուալ փոխհարաբերությունը զարգացում չապրի՝ դառնալով իրական շփում, ապա սխալ ընթացք կունենա և կխաթարվի, քանի որ մենք վիրտուալ արարածներ չենք, այլ Աստծո ռեալ զավակները:

Շաբաթվա ընթացքում համացանցում միմյանց հետ շփվում ենք, իսկ կիրակի օրը՝ Սբ. Պատարագին հանդիպում: Հոգևորական-հավատացյալ ռեալ շփումը դրսևորվում է թե՛ Սբ. Պատարագի մասնակցությամբ, թե՛ ուխտագնացությամբ, թե՛ քարոզներին՝ Աստծո խոսքի շուրջ համախմբվելով, թե՛ ուրախ և տխուր պահերին միմյանց կողքին լինելով:

Հոգևոր աճը նկատելի է. հոգևորականն իր քարոզով իր շուրջն է համախմբում երիտասարդների, ովքեր, ներգրավվելով եկեղեցական կյանք, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այդ կյանքից ներս: Երիտասարդների կյանքում նոր դրական փոփոխություններ են գրանցվում՝ Սբ. Պատարագին իրենց մասնակցությամբ, երիտասարդաց միություն ընդգրկվելով, նոր ընկերներ ձեռք բերելով, նկատելի է դառնում նրանց սերը դեպի Աստված և դեպի մարդը:

Ամբողջ տիերզերքը բարի է, և կարևոր է, թե մարդ ինչպես կգործածի Աստծո կողմից իրեն տրված ամեն մի հնարավորությունը. մեկը փայտից զենքի մի հատված է պատրաստում, մյուսը՝ նստարան, նույնն է պարագան նաև համացանցի դեպքում: Երբ մարդու սրտում սերմանվում է Աստծո խոսքը, և նա տեսնում է հոգևորականի կողմից հոգատարություն, ուշադրություն ու խնամք և անմիջականորեն զգում Սերմանողի՝ Աստծո, մեծ սերը, ապա նա չի կարող փախչել այդ Սիրուց: Մենք Աստծո մեծ ընտանիքի զավակներն ենք, Երկնային Հայրը մեծ ուրախություն է ապրում, երբ տեսնում է, որ իր զավակները սիրում են միմյանց: Ամեն ինչ հարթ կընթանա, եթե փորձենք գործադրել մեծագույն պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» և «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» (Ղուկաս 10:27):

 

Կարինե Սուգիկյան

18.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․