Գրքեր

Մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածին

«Որովհետև մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածը» (Մտթ. 18:11):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Երբ մտորում էի քարոզիս բնաբանի մասին, և ընդհանրապես, թե Տերն ինչ նկատի ուներ «կորած» ասելով, տարիներ առաջ տեսած մի ֆիլմից հատված հիշեցի, որում հանցագործը ոստիկանական հետապնդումից փախչելով՝ անտառ է մտնում՝ հուսալով, որ այդկերպ կփրկվի, սակայն ապարդյուն: Անտառը ճահճոտ էր ու խիստ վտանգավոր անտեղյակ մարդու համար, ուստի, շուտով հանցագործը ոչ թե իր փրկությունը, այլ վախճանն է գտնում այնտեղ: Նույն վախճանին միգուցե արժանանար նաև քաղաքաբնակ ոստիկանը, որը հետապնդում էր նրան, եթե վերջինիս չզգուշացներ ու չառաջնորդեր տեղաբնակ տեսուչը, որը քաջածանոթ էր անտառի ծուղակներին:

Առաքյալների հայտնի հարցադրումից հետո, թե՝ ով է իրենցից մեծ Երկնքի Արքայության մեջ, Քրիստոս մի երեխայի է կանչում նրանց առջև ու ասում. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ» (Մտթ. 18:3-4): Այնուհետև խստիվ զգուշացնում է փոքրերին գայթակղելուց ու արհամարհելուց, հայտնում, որ Ինքը եկել է՝ կորածին փրկելու և այնուհետ պատմում մի մարդու մասին, որն իր իննուսինը ոչխարը թողնում է ու գնում՝ մեկ մոլորվածին գտնելու և երբ գտնում է, այդ մեկի համար ավելի շատ է ուրախանում, քան իննսունիննի, որ մոլորված չէին:

Սիրելի՛ հավատացյալներ, մեր խոսքում «կորած» բառը տարբեր իմաստներով կարող ենք գործածել, ինչպես օրինակ՝ ճանապարհը կորցնելու ու մոլորվելու, տեսադաշտից անհետանալու ու չերևալու, բայց կարող ենք նաև նկատի ունենալ կործանվելը, ոչնչանալը և այլն: Ավետարանական համատեքստը նայելով՝ մեկնիչները կարծես այս երկու իմաստն էլ, միմյանց զուգորդված, տեսնում են այս պարագայում: Քանի որ ըստ նրանց՝ իննսունինը ոչխարը երկնաբնակ հրեշտակներն են, որ անփոփոխ կերպով հավատարմորեն ծառայում են Տիրոջը, իսկ մեկ մոլորված ոչխարը համայն մարդկությունն է՝ ի դեմս Ադամի, որ անհնազանդ գտնվելով Արարիչ Հորն ու հեռանալով հայրական տնից՝ մոլորվեց ու կորավ օտար եզերքում: Սակայն ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այժմ, մեզնից յուրաքանչյուրի խնդիրը իրեն՝ իր անձը տեսնելն է տվյալ պարագայում և իր անձի համար հոգեշահ դասեր քաղելը:

«Ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են»,- յուրաքանչյուր նորածնի ասում է մեր Երկնավոր Հայրն (Մտթ. 10:30) ու բազմաթիվ ուղեկիցներ և ուղեցույցներ տալիս նրան՝ կյանքի ճահճոտ անտառում չմոլորվելու ու չկործանվելու համար: Մարմնավոր ծնողները մարդու առաջին ու կարևորագույն ուղեկիցներն են, որ պարտավոր են երեխային ճշմարիտ ճանապարհը սովորեցնելու և դրանով ուղեկցելու՝ զգուշացնելով նրան կյանքի վտանգներից ու թշնամու նենգ ծուղակներից՝ այդկերպ զերծ պահելով ճահճում հայտնվելուց ու կործանվելուց: Սակայն հայտնի է, որ ցավոք, հաճախ ծնողներն իրենք են մոլորյալ վիճակում գտնվում, ուստի և անօգուտ է նրանցից ճիշտ ուղղորդում ակնկալելը: Այս է պատճառը վերում արտահայտած մտքիս, որ մեր Երկնային հոգատար Հայրը ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ ուղեկիցներ և ուղեցույցներ է տալիս մեզ կյանքի ընթացքում: Սակայն այստեղ հարկ է, սիրելինե՛ր, որպեսզի մի չափազանց կարևոր կետի վրա դարձնենք մեր հայացքը: Անշուշտ հիշում եք անառակ որդու մասին պատմող առակը, որում որդին ոչ միայն կորած, այլ անգամ մեռած էր համարվում իր հոր համար: Այժմ հիշեք՝ ե՞րբ սկսվեց նրա տունդարձի ճանապարհը. երբ նա հասկացավ, որ անդունդին է հասել այլևս, երբ գիտակցեց, որ ինքը կորած է: Սա շատ կարևոր կետ է, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև միմիայն այստեղից է հնարավոր փրկությունը, դարձն ու ազատագրումը: Քրիստոս ե՞րբ էր բժշկում մարդկանց: Երկիրը լի էր հիվանդներով ու դիվահարներով, և Մարդացյալ Աստված միանշանակ ի զորու էր՝ մի հայացքով անգամ բժշկելու ամենքին, սակայն չէր անում: Որովհետև Աստված երբեք մարդու ազատ կամքից դուրս չի գործում՝ անգամ հօգուտ նրա: Աստված հարգում է մարդու ազատ կամքն ու որքան էլ նրա փրկվելը ցանկանա, չի կարող առանց մարդու ցանկության փրկել նրան: «Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար» (Ղուկ. 11:9): Հիշո՞ւմ եք: Լուսնոտ երեխայի հայրը խնդրեց ու բժշկվեց նրա զավակը: Բորոտները խնդրեցին ու ստացան իրենց խնդրածը: Հայրոսը խնդրեց իր դստեր համար ու Քրիստոս հարություն տվեց նրան: Փոթորկված ծովում առաքյալները խնդրեցին և Տերը նույն պահին սանձեց տարերքը: Օրինակները շատ են, պայմանը մեկը՝ գիտակցել ու խնդրել: Անտառում մոլորվածն այդպես էլ կկորչի, եթե չհասկանա, որ մոլորվել է և օգնության չկանչի: Ծանր հիվանդն այդպես էլ կմեռնի, եթե չիմանա իր հիվանդության մասին: Կմեռնի, եթե իմանա ու ոչինչ չձեռնարկի: Անտեղյակ հիվանդից կդառնա լոկ տեղյակ հիվանդ: Իսկ ապաքինվելու և իր կյանքը փրկելու համար նախ պիտի իմանա, որ գոյություն ունի բժիշկ, այնուհետև հիվանդանոց գնա և վերջապես հետևի նրա բոլոր ցուցումներին: Հոգին փրկելու պարագայում գործընթացը նույնն է, սիրելի՛ հավատացյալներ: Նախ պիտի գիտակցես, որ հայրական տնից հեռացել ու մոլորվել ես և ապա ճիշտ ուղեցույցներ գտնես՝ այնտեղ վերադառնալու համար: Կամ Կյանքի Պարգևատուի մոտ գնալու համար, պիտի գիտակցես, որ հիվանդ ես մեղքով և ապաքինվելու կարիք ունես: Ոչ թե միայն շուրթերով ասես դա, այլ իսկապես տեսնես հոգիդ խոցոտող մեղքերն ու զարհուրես: Պիտի վախ ապրես կյանքիդ համար, որպեսզի փրկություն փնտրես: Պիտի հստակ գիտակցես, որ այդ մանր ու մեծ խոցերը քեզ մահվան են տանում: Պիտի իսկապես տխրես ու լաս ցավալի վիճակիդ համար, բայց երբևիցե չընկճվես ու չհուսահատվես, քանի որ գիտես Ամենակարող Բժշկի մասին: Անտառի, որ մասում ես լինես պիտի վեր հառես հայացքդ ու տեսնես Գողգոթայի բարձունքից փայլող հաղթանակած Խաչը և Անարատ Գառանը, որ հենց այս պահի համար հեղեց Իր սրբագործ արյունը: Նայի՛ր Մարդասեր Հորը, որ Իր անարատ Որդուն տվեց՝ որպես քեզ կյանք ու փրկություն: Նայի՛ր Մարդասեր Որդուն, որ հենց այս պահի ու հենց քե՛զ համար աշխարհ եկավ՝ գտնելու ու փրկելու: Շտապի՛ր Նրա բժշկարանը, որը կճանաչես գմբեթը կնքող սուրբ խաչի նշանով և արա՛ այն ամենը, ինչ սիրող ու խնամող Տերը կասի քեզ: Վերցրո՛ւ Նրա տված դարմանը, որպեսզի ապրես, և Նրա տված ուղեցույցը, որպեսզի փրկություն ունենաս: Միգուցե ծնողներդ չկարողացան ուղեցույց և ուղեկից լինել քեզ, թող Տերը ողորմած գտնվի նրանց հանդեպ, վերցրո՛ւ Աստծու մյուս պարգևներն ու ինքդ ուղեցույց դարձիր մերձավորներիդ համար: Սուրբ Խաչը, Աստվածաշունչը, սրբերի վարքը, եկեղեցու վարդապետների գրվածքներն ու խոսքը, իմաստուն ու աստվածասեր հոգևորականները, ձեր հավատակից ու առաքինասեր քույրերն ու եղբայրները. այս բոլորն այն միջոցներն են, որոնք մարդու Որդին գործածում է՝ կորածին փրկելու և մեղավորներին՝ կանչելու համար: Սուրբ Խաչով Քրիստոս բացեց հայրական տան դռները մեր առջև, իսկ մյուսներով մեր քայլերն է ուղղում այնտեղ: Սա ապաշխարության ճանապարհն է, սիրելինե՛ր, որ ապաշխարության գործերով պիտի կերտենք ու հասնենք Արքայության դարպասների մոտ: «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»: Ասում էր սուրբ Հովհաննես Մկրտիչն ու շարունակում. «Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք» (Մտթ. 3:2, 8):

Սակայն, որպեսզի ձեզնից ոմանք գայթակղություն չունենան՝ մտածելու, որ այս քարոզը միգուցե այդքան էլ չի վերաբերում իրենց, քանի որ արդեն Եկեղեցում են, շատ թե քիչ քրիստոնեավայել կյանքով են ապրում, շտապեմ հիշեցնել փարիսեցիների և օրենսգետների մասին, որ Հին ուխտի փայլուն գիտակներ էին, զերծ էին մնում մարմնական մեղքերից, տասանորդ էին վճարում, պահք պահում, սակայն Աստծուն առավել մոտենալու փոխարեն համալրում էին մարդատյաց թշնամու բանակը: Քանի որ իրենց առերևույթ անբասիր կյանքին նայելով՝ անասելի մեծամտանում ու հպարտության մահացու մեղքի մեջ էին հայտնվում՝ արհամարհելով ու ստորադասելով և իրենց ողջ կեցվածքով դատելով իրենցից «փոքրերին»: Սա շատ նենգ ախտ է, սիրելի՛ հավատացյալներ, որ հուշիկ քայլերով մոտենում է Եկեղեցում գտնվողներին՝ փորձելով նրանց բարեպաշտությունը հենց նրանց դեմ զենք դարձնել: Ահա այս է պատճառը, որ Քրիստոս խստորեն զգուշացրեց առաքյալներին. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ»:

Իսկ մանուկն ինչպե՞ս է խոնարհեցնում իր անձը, սիրելինե՛ր. իրեն, իր կյանքն ամբողջությամբ ծնողին վստահելով, իրենն առաջ չտանելով, չմտահոգվելով, այսինքն՝ ընդունելով, որ ինքը դեռ փոքր է, դեռ շատ բան ունի ծնողից սովորելու, սակայն հանգիստ է, որովհետև վստահ է, որ ծնողն իր մասին հոգ է տանելու: Նույն վստահությունը նաև մենք պիտի ունենանք մեր Երկնավոր Ծնողի հանդեպ և մանկան պես մեր կյանքն ամբողջությամբ Նրա բարեխնամ ձեռքը հանձնենք: Այս առիթով վերջերս մի շատ տեղին համեմատություն կարդացի, որում ասվում էր. «Տեսե՞լ եք, թե երեխան ինչպես է քնում մոր գրկում: Քնում է ու քիչ անց ձեռքերն ու ոտքերը կախ են ընկնում: Նրա մարմնում ամենևին լարվածություն չկա, որովհետև ծնողի գրկում է: Նա ամբողջովին վստահում է իր ծնողներին: Հանդարտվում է նրանց գրկում և իր ողջ տեսքով կարծես ասում. «Ես հայր ու մայր ունեմ: Երբ արթնանամ, նրանք ինձ ուտելու բան կտան»:

Խոնարհության հասնելու մեկ այլ ճանապարհ էլ հուշեմ ձեզ, սիրելինե՛ր: Հիշե՛նք Պողոս առաքյալի խոսքը, որ ասում է. «Վստահելի և ամենայն ընդունելության արժանի է այս խոսքը, թե՝ Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնց գլուխը ես եմ» (Ա Տիմ. 1:15): Երանելի ու մեծն Պողոսը, տասներեքերրորդ Առաքյալը, հրաշագործն ու մեծ քարոզիչը, որ նահատակվեց հանուն Քրիստոսի, ասում է, որ մեղավորների գլուխն ինքն է: Իրենց ամենահետին մեղավորն ու հանցագործն էին համարում նաև սրբերն ու սրբակյաց վանականները և մինչև վերջին շունչը սգում իրենց մեղավոր հոգու համար ու ողորմություն հայցում Բարձրյալից: Եվ սա բնավ կեղծավորություն չէր, քա՛վ լիցի, այլ աստվածատես այս մարդիկ, մշտապես ձգտելով ու մոտենալով Քրիստոսի անաղարտ լույսին, այդ լույսի ներքո պարզորոշ տեսնում էին մարդկային մեղավոր բնությունն ամենայն մանրամասնությամբ, տեսնում էին, թե ինչպիսի սարսափելի ախտերի է հակված մարդը, ինչ արատավոր մտքեր ու ցանկություններ է ունենում չարի ազդեցության ներքո, և այս գիտակցությունը նրանց ստիպում էր խոնարհվելու, ոչ ոքի չդատելու և ապավինելու միայն Ամենակալի ողորմությանը:

Սրա մասին կարելի է անվերջ խոսել, սիրելի՛ հավատացյալներ, սակայն չչարաշահելով ձեր համբերությունը, սեփական մեղքերի անկեղծ տեսություն ու ապաշխարող սիրտ, Քրիստոսի ու միմյանց առջև խոնարհվելու կարողություն և Աստծուն աներկբայորեն վստահելու շնորհ եմ աղերսում Տիրոջից ձեզ համար: Աղերսում եմ նաև սուրբ սիրտ, որպեսզի դրա ունկերով կարողանաք լսել ձեզ փրկելու եկած Տիրոջ ձայնն ու սուրբ Ներսես Շնորհալու հետ միասին աղոթեք Նրան.

«Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ,

Որ առաքեցիր Քո սիրելի Որդուն՝

Մոլորված ոչխարիս փնտրելու համար,

Մեղա՜ երկնքի և Քո առաջ,

Ընունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն,

Եվ հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը,

Որից մերկացա մեղքով,

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս. ամեն»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

26.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․