Գրքեր

Մարգարեներ

Մարգարեների մասին

Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել, այլ ծավալել են մարգարեական եռանդուն գործունեություն Իսրայելի պատմության այս կամ այն ժամանակահատվածում:

Քրիստոնեության վաղ շրջանում առաջացած մի հերձված պնդում էր, որ այլ էր Հին Կտակարանի մարգարեներին ներշնչող ոգին, և այլ` առաքյալներին ներշնչող ոգին: Սրա դեմ հանդես եկան եկեղեցական մեծագույն հեղինակությունները` հերքելով այս թյուր կարծիքը, հաստատելով, որ նույն Սուրբ Հոգին էր ներշնչում թե՛ մարգարեներին և թե՛ առաքյալներին: Հին Կտակարանի հեղինակները ևս մարգարեներ են: Եվ նույն Հոգուց ներշնչվելով` մարգարեները գրեցին Հին Կտակարանը, իսկ առաքյալները` Նոր Կտակարանը: Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Մարգարեությունները ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետր. 1.21): Իսկ եկեղեցական հեղինակներից Սեբերիանոսը նշում է, թե ինչպես որ եղեգը, որը չի կամենում գրել, այլ գրում է այն, ինչ ձեռքն է հրամայում, այդպես էլ մարգարեների լեզուն ասում էր այն, ինչ Սուրբ Հոգու իշխանությունն էր հրամայում:

Մարգարեները մարդկանց ազատեցին վախից: Վախը գալիս է վտանգավոր բաներից և ծագում է ոչ թե անցյալի կամ ներկայի դժբախտություններից, այլ գալիք վնասաբեր երևույթների ակնկալությունից, քանի որ վախը գալիք աղետների ակնկալությունն է: Մարգարեները հայտարարում էին, որ Աստծո հանդեպ հավատարմությունն ազատում է դժբախտություններից, և կամ մարդն Աստծո օգնությամբ կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Հինկտակարանյան մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես Մկրտիչը (Մատթ. 11.13), որովհետև նրանք մարգարեանում էին Քրիստոսի գալստյան, փրկագործության մասին, մարդկանց հիշեցնում Աստծո կամքի համաձայն ապրելու մասին: Եվ այս ամենն իր լրումին հասավ Քրիստոսով, երբ իրականացան Տիրոջ մասին մարգարեությունները, և մարդկանց տրվեցին քրիստոնական վարդապետությունն ու աստվածային շնորհները` աստվածահաճո կյանքով ապրելու: Քրիստոսն է օրենքների և մարգարեությունների լրումը: Սա երևում է հատկապես պայծառակերպության դրվագում, երբ Քրիստոսին երևացած Մովսեսն ու Եղիան` օրենքի և մարգարեության ներկայացուցիչները, վերջում անհետանում են, և աշակերտներին երևում է միայն Քրիստոս` որպես լրում օրենքների և մարգարեությունների (Մատթ. 17.1-8, Մարկ. 9.1-7): Սակայն վաղ շրջանի Եկեղեցում դեռ խոսվում է մարգարեության անհրաժեշտության մասին. Սուրբ Պողոսն առաջին կարևոր շնորհ է համարում առաքելությունը, երկրորդը` մարգարեությունը` հորդորելով. «Նախանձախնդիր եղեք մանավանդ մարգարեություն անելու» (Ա Կորնթ. 14.1): Բայց պետք է իմանալ, որ քրիստոնեության վաղ շրջանում մարգարեանալ նշանակում էր Աստծո մասին ավետարանել, քարոզել, հավատավոր կյանքով ու գործով Աստծո գաղափարը և Նրա պատվիրանները հասցնել մարդկանց: Իհարկե, հատկանշական դեպքերում Աստված նաև իր հատուկ պատգամն էր հայտնում որևէ անձի միջոցով, ինչպես Պողոս առաքյալը իր վախճանի մասին իմացավ Ագաբոս մարգարեից (Գործք 21.10-11): Հին ժամանակների մարգարեության շնորհն իր նախնական տեսքով այլևս գոյություն չունի և վերածվել է քարոզչության շնորհի, որովհետև հիմա քարոզչությունն ավելի անհրաժեշտ է Եկեղեցում, քան մարգարեությունը: Պատճառն այն է, որ Քրիստոսի քաղցր և ճշմարիտ վարդապետությամբ ու առաքյալների ուսուցումներով հոգևոր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ բացահայտված է մարդու համար, և պետք է քարոզչությունը` մարդուն զգաստ պահելու հավատքի մեջ, հորդորելու առավել կատարելագործվելու, մեղքերի համար զղջալու ու ապաշխարելու և իրական քրիստոնեական կյանքով ապրելու:

Առաքյալը խոսում է նաև կանանց մարգարեանալու մասին. «Ամեն կին, որ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը» (Ա Կորնթ. 11.4): Կնոջ մարգարեանալը վերոնշյալ իմաստով առաքյալն իհարկե նկատի ուներ ոչ թե հրապարակային վայրերում, այլ տանը, քանի որ Պողոսն արգելում էր կանանց խոսել աստվածպաշտական արարողությունների ժամանակ (Ա Կորնթ. 14.34): Պատճառն այն էր, որ դրախտից անկումից հետո կինը դրվեց տղամարդու իշխանության տակ (Ծննդ. 3.16), դրա համար էլ պաշտամունքների ժամանակ պետք է քող դնի իր գլխին (Ա Կորնթ. 11.5-10), որը խորհրդանշում է տղամարդու իշխանությունը կնոջ հանդեպ, ինչն էլ իր հերթին գեղեցիկ խորհրդանիշ է արարածների վրա աստվածային իշխանության:

Քրիստոս ևս կոչվեց մարգարե. «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլիայի Նազարեթ քաղաքից է» (Մատթ. 21.11), «Եվ նրանք ասացին Հիսուս Նազովրեցու մասին, ող եղավ մարգարե մարդ» (Ղուկ. 24.19): Հետաքրքրական է, որ Քրիստոս, ով Աստված է, մարդացավ ու կոչվեց մարգարե, և մարգարեները, որ մարդիկ էին, կոչվեցին աստվածներ (Ելք 7.1, 22.28):

Պրոմեթևս և մարգարեներ

Մարգարեության գաղափարը հատուկ է ոչ միայն հրեաներին. հեթանոս այլ ժողովուրդներ ևս ունեցել են մարգարե-գուշակողներ: Հեթանոս ժողովուրդներն իմաստության հասան գիտության տարբեր բնագավառներում, բայց հիմարացան հավատքի մեջ, քանի որ պաշտում էին մարդկային կրքերը կամ բնության ուժերը: Սակայն շեղված հավատքի մեջ միևնույն ժամանակ մարդկային իմաստություն ունենալով` նրանք ճիշտ ուսուցումներ էին տալիս ընկերության և առաքինության սկզբունքների մասին: Օրինակ` մի անգամ քաղդեացիներն ընծաներ ուղարկեցին Դելֆի Ապոլլոնի և Արտեմիդի համար և հարցրին դելֆյան գուշակին, թե արդյո՞ք պետք է հավասարապես բաժանեն ընծաները` հիշյալ չաստվածներին ընծայելու համար: Եվ գուշակը պատասխանեց, որ ընկերների միջև ամեն ինչ ընդհանուր է: Անձնազոհության և բարեգործության գեղեցիկ օրինակ է նաև հեթանոսական առասպելը Պրոմեթևսի մասին: Նա կրակը պարգևեց մարդկանց, որի պատճառով դատապարտվեց գամվելու ժայռին և չարչարանքների ենթարկվելու: Ասում են, որ Պրոմեթևս անունը թարգմանվում է կանխատեսող: Հին Կտակարանի մարգարեները ևս կանխատեսողներ էին ճշմարիտ կերպով, և հավանաբար Պրոմեթևսի կյանքը ցույց էր տալիս մարգարեների ճակատագիրը: Նրանք ևս խորհրդանշական կրակը բերեցին մարդկանց` Աստծո պատվիրանների և կամքի համաձայն ապրելու ջերմեռանդությունը, և մարգարեները սպանվեցին` հետապնդումների ու հալածանքների ահավոր դառնություն ճաշակելով:

Աստված խոսում է

Աստված հայտնեց Իրեն մարդկությանը, խոսեց մարգարեների հետ, տեսիլքներով հաղորդակցվեց սրբերի հետ` տալով Իր պատգամներն ու պատվիրանները: Այսօր մարդիկ կան, ովքեր ասում են, թե իրենք լսում են Աստծո, հրեշտակների ձայները և երբեմն նույնիսկ տեսնում նրանց: Այս երևույթը շատ է հետաքրքրում նաև հոգեբաններին, ովքեր բավականին ուսումնասիրություններ են արել և պատասխաններ տվել: Որոշ հոգեբաններ ասում են, որ այս կյանքից դժգոհ և հիասթափություններ ունեցող մարդիկ իրենց երևակայության մեջ ստեղծում են իրենց սեփական աշխարհը, որտեղ նրանք պայքարում են չարի դեմ և հաղթում: Սակայն կրոնական տեսակետի համաձայն` այս տեսակի մարդիկ նախանձախնդրություն ունեն Աստծո հանդեպ, իրենց միամտության մեջ ուզում են տեսնել և լսել Աստծուն, և չարն օգտագործում է այս առիթը` մարդկանց գցելով իր ազդեցության տակ: Հոգեբանները հաճախ հաջողություններ չեն ունենում նման մարդկանց բուժելու գործում, որովհետև նրանք չեն տեսնում խնդրի հոգևոր կողմը և փորձում են բժշկել որևէ մեկին` այդպիսի վիճակը բացատրելով միայն ֆիզիկական տեսանկյունից` ուղեղի վրա ուռուցքներ, գլխուղեղի կեղևի ֆունկցիաների խախտում, գլխուղեղի արյունատար անոթներում արյան շրջանառության վատթարացում և այլն: Բազում մարդիկ պատրանքներ, հալյուցինացիաներ են ունենում, նրանք լսում են ձայներ, տեսնում հրեշտակների կամ տարբեր անձեր ու պատկերներ: Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի վրա ապրող հարյուր մարդուց մեկը այսպիսի մղձավանջային վիճակի մեջ է: Սակայն մենք կսխալվենք, եթե մարգարեների, սրբերի վարքն ու բարքը բացատրենք հոգեկան հիվանդությամբ:

Մարգարեներն իրականում լսել են Աստծո ձայնը և հրաշքներով, իրենց մեծ գործունեությամբ ապացուցել են, որ նրանք ընտրյալներ են Աստծո կողմից:

Այն փաստը, որ մենք մարգարեներ չենք, և Աստված Ինքը չի խոսում մեզ հետ, չի նշանակում, որ Աստված անտեսում է մեզ կամ ավելի քիչ սիրում, քան մարգարեներին: Օրինակ` Աստված խոսեց Մովսեսի հետ Վկայության վրանի, դրանում դրվելիք սպասքի, քահանաների զգեստների պատրաստության մասին (Ելք 26-30), բայց Մովսեսը պիտանի չէր վրանի կառուցման և մյուս պիտույքների պատրաստման համար: Դրա համար Աստված ցույց տվեց այն արհեստավորներին, ովքեր կարող էին կատարել այդ գործը (Ելք 31.1-6): Նման երևույթ կարող ենք տեսնել նաև բնության մեջ: Տանձենին չի կարող անգամ մի փտած խնձոր պտղաբերել, իսկ խնձորենին չի կարող տանձ ունենալ իր ճյուղերին: Նույն կերպ մշակույթի որևէ բնագավառում տաղանդավոր մարդը չի կարող իր տանը հմտություն պահանջող անգամ փոքր կենցաղային գործ անել, որն իրականացվում է մի պարզ արհեստավորի կողմից: Նաև մենք մարգարեներ չենք, որոնց հետ Աստված խոսեց, սակայն յուրաքանչյուրն արժեքավոր է իր բնագավառում, և Աստված սիրում է մեզ նույն հոգատարությամբ և խոսում ամենքիս հետ Սուրբ Գրքի և այլ աղբյուրների միջոցով:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

20.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․