Գրքեր

Մասնակցություն ուխտի Սբ. Պատարագին Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում

Հոկտեմբերի 1-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արթիկի թեմի Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի: Օրը և սրբավայրը պատահաբար ընտրված չէր. արդեն մի քանի տարի է, որ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվել է որպես Լմբատավանքի ուխտի օր: Համայնքի թվով երեսուն ուխտավորները, աղոթքի ճանապարհ անցնելով, միացան Արթիկի, հարակից գյուղերի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների խմբին՝ մասնակիցը լինելու ուխտի Սբ. Պատարագին և հաղորդակցվելու Սբ. Ստեփանոսի մասունքին, որ Արթիկի առաջնորդական տեղապահ Նարեկ վարդապետ Ավագյանի միջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք էր բերվել: Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք, բարձունքի լանջին գտնվող 6-րդ դարի սրբավայրը, որ կոչվում է նաև Կարմիր վանք, հյուրընկալել էր մեծ թվով ուխտավորների, որոնցից մեծ մասը Սբ. Պատարագին հետևում էր եկեղեցուց դուրս: Պատարագիչը Նարեկ վարդապետ Ավագյանն էր: Զորավոր և հրաշագործություններով հայտնի սրբավայրն ուխտավորների աղոթական ներկայությամբ հոգևոր խնդություն էր ապրում: Սբ. Պատարագի ավարտին հարյուրավոր ուխտավորներ, Սբ. Ստեփանոսի՝ Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագի բարեխոսությունը խնդրելով, հաղորդակից եղան սրբի մասունքին: Ապա Սբ. մասունքով կատարվեց Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Լմբատավանքի ուխտի օրը նշանավորվեց նաև ազգային տոնախմբությամբ:

«Աստված անեղծ է պահում սրբերի մասունքները, որպեսզի ամեն խոսքից առավել՝ դրանք մշտապես վկայեն ու հիշեցնեն մեզ Տիրոջ սրբերի առաքինությունների մասին և մղեն մեզ նրանց օրինակին հետևելու: Սրբերն աստվածային շնորհ են ստացել մարդկանց օգնելու համար և նույնիսկ մարդկային գիտակցությանն անելանելի թվացող իրադրությունն ի վիճակի է լուծվել՝ սրբերի նշխարներին մաքուր սրտով մոտենալու ու նրանց բարեխոսությունը խնդրելու պարագայում: Եվ այսօր մենք մեծագույն պատկառանքով մոտեցանք և հաղորդակից եղանք բոլոր մարտիրոսներից անդրանիկը համարվող Սբ. Ստեփանոսի մասունքի օրհնությանը՝ փաստելով, որ նույնպիսի պատկառանքով էլ վերաբերվում ենք նրա ապրած կյանքին, որն էլ նրան սրբության աստիճանի է հասցրել»,- ասաց Տեր Գրիգորը:

Տեր Հայրը սրբությունը համարում է դեպի հոգևոր բարձունք ընթացող անդադար մի ճանապարհ, որին անհնար է հասնել առանց սխրանքի, առանց ներքին ծանր աշխատանք ու ջանք թափելու: Սրբությունն, ըստ Տեր Գրիգորի խոսքի, Աստծո կերպարն ինքդ քո մեջ արարելու տքնաջան աշխատանքն է:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորների կյանքում գրանցվեց ևս մեկ օրհնաբեր օր. Լմբատավանքը՝ Սբ. Ստեփանոսի օրհնաբեր մասունքով, իր ուխտավորներին ևս մեկ անգամ պատգամեց սրբի օրինակով ամրանալու և հաստատակամ ընթանալու Տիրոջ կողմից ուղենշած այն ճանապարհով, որ դեպի Կյանք է առաջնորդում:

 

 

Կարինե Սուգիկյան

01.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․