Գրքեր

Մայրական տոկունություն

- Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն:

- Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի և դրանով գործելով՝ նա այնպիսի տոկունության է տիրապետում, որ գերազանցում է տղամարդկային ուժը: Այո՛, տղամարդն ունի ֆիզիկական ուժ, բայց այնպիսի սիրտ, որպիսին կանացին է՝ նա չունի: Մի անգամ ես մի կատվի է հետևում, որն իր ձագուկների հետ իմ խուց էր եկել: Նա շա՜տ նիհար էր, այնքան, որ կողերը կարելի էր հաշվել: Մի անգամ, մի մեծ որսորդական շուն վազելով մտավ իմ բակ: Կուրդը, այդպես էին անվանում շանը, պուկ տվեց, իսկ կատուն՝ պատրաստվեց կռվի, ճկվեց աղեղի պես, սպառնալից դիրք ընդունեց և պատրաստ էր հարձակվել շան վրա: Ես միայն զարմացա, թե որտեղից այդ կատվին այդքան արիություն: Տեսնո՞ւմ ես, նա պաշտպանում էր իր ձագուկներին:

Մայրը տառապում է, ուժասպառ է լինում, սակայն ո՛չ ցավ, ո՛չ հոգնածություն չի զգում: Նա ստիպում է իրեն աշխատել, բայց երեխաներին ու իր տունը սիրելով՝ ամեն ինչ ուրախությամբ է անում: Այն մարդը, որ օրեր շարունակ պառկած է, ավելի շատ է հոգնում՝ քան նա: Հիշում եմ, երբ մենք փոքր էինք, մեր մայրը պետք է հեռվից ջուրը բերեր, կերակուր եփեր, հաց թխեր, լվացք աներ և այդ ամենի հետ մեկտեղ՝ դաշտում էլ աշխատեր: Այս ամենը քիչ էր, դեռ մենք էլ, երեխաներս, նրան հանգիստ չէինք տալիս. երբ մենք կռվում էինք իրար հետ՝ նրա բազմաթիվ գործերին ու հոգսերին ավելանում էր նաև դատավորի պարտականությունը: Սակայն նա ասում էր. «Դա իմ պարտքն է: Ես պարտավոր եմ այդ ամենն անել ու չտրտնջալ»: Նա այս խոսքերի մեջ բարի խորհուրդ էր դնում: Նա սիրում էր տունը, սիրում էր իր զավակներին և գործերից ու հոգսերից ուժասպառ չէր լինում: Նա ամեն ինչ սրտանց էր անում, ուրախությամբ:

Եվ որքան ավելի են անցնում տարիները, այնքան մայրն ավելի շատ է սիրում տունը: Նա արդեն այնքան երիտասարդ չէ, որքան տարիներ առաջ, սակայն դա հաշվի չառնելով՝ նա իրեն ավելի ու ավելի է զոհաբերում, որպեսզի թոռնիկներին էլ մեծացնի: Նրա ուժերը գնալով սպառվում են, սակայն իր բոլոր պարտականությունները նա ի սրտե կատարում է և նրա ուժերը գերազանցում են նույնիսկ իր ամուսնու ուժերն ու այն, որ նա ուներ երիտասարդ տարիքում:

- Հա՛յր, գիտե՞ք, կանայք հիվանդության ժամանակ էլ տղամարդկանցից տարբերվում են մեծ սառնասրտությամբ:

- Գիտե՞ս , թե բանն ինչումն է: Մայրը բազմաթիվ անգամներ է բախվել է այն իրավիճակի հետ, երբ հիվանդացել է իր երեխան: Այդ պատճառով էլ նա գիտի, թե ինչ բան է հիվանդությունն ընդհանրապես և նա մեծ փորձ ունի այդ ասպարեզում: Նա հիշում է, թե քանի անգամ է բարձրացել իր փոքրիկի ջերմությունը և քանի անգամ իջել: Նա տարբեր տեսարանների ականատես է եղել, օրինակ՝ ինչպես շնչահեղձ եղող կամ ուշաթափ եղած երեխան ուշքի է եկել, երբ ափով մի թեթև հարվածել է այտերին: Տղամարդն այդ ամենը չի տեսնում, և այդպիսի փորձ չունի: Այդ պատճառով էլ, իմանալով, որ երեխան ջերմում է կամ գունատ է՝ տղամարդը խուճապի է մատնվում և սկսում է նյարդայնանալ. «Երեխան ձեռքից գնում է: Հիմա ի՞նչ պիտի անենք: Վազե՛նք, բժշկին զանգենք»:

 

* Αγίου Νεκταρίου, Έπισκόπου Πενταπόλεως. 35 Ποιμαντικές Έπιστολές, Έπιστολή. 26η. Έκδ. "Ύπακοή". Άθήνα. 1993. Σ. 12.

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

17.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․