Գրքեր

Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից

Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ, դիվական ներգործության պատճառով, նրանք ի վիճակի չեն նույնիսկ գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ Լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: Եթե իր մեղքերը չխոստովանած որևէ մեկն այդ տեղով անցներ, ապա նույնիսկ առանց պատճառն իմանալու՝ կվնասվեր: Մոգական այդ ցանցերն իմ ճանապարհին տեսնելով՝ միանգամից խաչակնքվեցի ու անցա դրանց վրայով: Բոլորը պատռեցի: Այնուհետև կախարդն ինքն իմ խուց եկավ: Նա պատմեց ինձ իր բոլոր մտադրությունների մասին ու այրեց իր գրքերը:

Հավատացյալ, եկեղեցի գնացող, մեղքերը խոստովանող, Սուրբ Հաղորդություն ստացող մարդու վրա սատանան ոչ մի իշխանություն և ուժ չունի: Սատանան միայն անատամ շան պես վայրահաչում է այդպիսի մարդու վրա: Սակայն նա մեծ իշխանություն ունի անհավատ մարդու վրա, ով նրան նման իրավունք է տվել: Այդպիսի մարդուն սատանան նույնիսկ կարող է կրծել, այս դեպքում նա ատամներ ունի և դրանցով տանջում է դժբախտին: Սատանան մարդու հոգու վրա այն իշխանությունն ունի, ինչ նա է տալիս:

Երբ հոգևոր առումով կարգավորված մարդ է մահանում, ապա նրա հոգու Երկինք բարձրանալը սլացող գնացքի է նման: Հաչող շները վազում են գնացքի ետևից՝ խեղդվելով իրենց հաչոցի մեջ, փորձում են հասնել նրա ետևից, իսկ գնացքը սլանում ու սլանում է՝ սպառնալով կոխկրտել նրանց: Իսկ եթե մի այնպիսի մարդ է մահանում, ով այնքան էլ լավ հոգևոր վիճակում չի գտնվում, ապա նրա հոգին նմանվում է հազիվհազ քարշ եկող գնացքի: Նա չի կարող արագ ընթանալ, որովհետև անիվները սարքին չեն: Շները վագոնների բաց դռներից ներս են ցատկում ու կծում մարդկանց:

Եթե սատանան մեծ իրավունքներ է ձեռք բերել մարդու նկատմամբ, ապա պետք է դրա պատճառը փնտրել, որպեսզի սատանան զրկվի այդ իրավունքներից: Հակառակ դեպքում, որքան էլ ուրիշներն աղոթեն այդ մարդու համար՝ թշնամին չի հեռանում: Նա խեղում է մարդուն: Հոգևորականները նախատում են նրան, նախատում**, իսկ արդյունքում խեղճի վիճակն ավելի է վատանում, որովհետև սատանան նրան ավելի  շատ է տանջում, քան առաջ: Մարդը պետք է ապաշխարի, մեղքերի խոստովանության գնա, սատանային զրկի այն իրավունքներից, որ հենց ինքն է տվել: Միայն դրանից հետո է սատանան հեռանում, հակառակ դեպքում՝ մարդը կշարունակի տանջվել: Մեկ օր նրան խրատիր, երկու օր, մի շաբաթ, թեկուզ ամիս ու տարի՝ սատանան իրավունքներ ունի դժբախտների նկատմամբ ու չի հեռանում:

 

* Արտասանվել է 1985թ. հունիսին, երբ Սուրբ Հայրը «Պանագուդա» խցում էր ապրում:

** Չար ոգիների վանում («էկզորցիզմ») – Եկեղեցու կողմից սահմանված կարգ, որի ժամանակ հոգևորականը, հատուկ բանադրական աղոթքներ կարդալով, չար ոգիներին վանում է դրանցով բռնված մարդկանց միջից: Սուրբ Հայրը նշում է, որ այս կարգին դիմած դիվահարն անպայման պետք է ապաշխարի, հոգևորականի առաջ խոստովանի մեղքերը և քրիստոնեավայել ապրելու վճռականություն ունենա:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

16.12.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․