Գրքեր

Մեկնարկեց «Հոգևոր պայքար» խորագրի ներքո հանդիպումների շարքը

Փետրվարի 18-ին «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Հոգևոր պայքար» խորագրի ներքո մեկնարկեց հանդիպումների շարքը: Երիտասարդների հետ հանդիպումները վարելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատակից Հովհաննես սարկավագ Մանուկյանը: Առաջիկա շաբաթ օրերին Հովհաննես սարկավագը երիտասարդաց միության հետ հինգ հանդիպումների ընթացքում կանդրադառնա հոգևոր կյանքին առնչվող հետևյալ թեմաներին՝ «Հոգևոր կյանքի կարևորությունն ու արդյունքները», «Հոգևոր պայքարի պատճառներն ու հետևանքները», «Հոգևոր պայքարի միջոցներն ու փորձառությունը», «Հոգևոր խոսքն իբրև հոգու բժշկություն» և «Ինչպես հասկանալ Աստծո կամքը»:

«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը նշեց, որ «Հոգևոր պայքար» խորագրի ներքո հանդիպումների շարքը երիտասարդներից յուրաքանչյուրի համար հավատի զորացման ևս մեկ խթան կհանդիսանա:

Մինչ օրվա «Հոգևոր կյանքի կարևորությունն ու արդյունքները» թեմային անդրադառնալը, սարկավագը որպես նախաբան նշեց. «Բոլորս էլ քիչ թե շատ ծանոթ ենք մեզանից դարեր առաջ ապրած հայ կամ այլազգի սրբերի շնորհագործ կյանքին ու խրատներին: Սակայն մեկ բան է, երբ դու լսում ես միջնադարյան սրբի պատգամները, մեկ այլ բան, երբ լսում ես տասնինը կամ քսաներորդ դարերում ապրած հոգևոր հայրերի խոսքերն ու պատգամները: Այս դեպքում, հաղորդակից լինելով ժամանակակից սրբերի կյանքին, ավելի իրական ես դարձնում հավատքիդ կյանքը՝ միաժամանակ հաղորդակից լինելով Քրիստոսի իրական կյանքին: Սրբերի կյանքից վերցրած կենդանի օրինակներն ավելի տպավորիչ են, քան օրինակ, եթե կարդանք Թովմաս Աքվինացու «Քրիստոնեական էթիկայի և սոցիալական աստվածաբանության մասին» հայեցակարգը: Կցանկանայի, որ հանդիպումները յուրաքանչյուրիս համար միասնաբար խորհրդածելու և հոգևոր աճ ունենալու մի ընթացք լիներ»:

Հովհաննես սարկավագը երիտասարդներին ներկայացրեց Եկեղեցու ժամանակակից սրբակենցաղ հայրերի վարքերից դրվագներ:

«Հայրերը ծառայում են իրենց երեխաներին, ապա երեխաներն են ծառայում հայրերին, քանի որ կյանքը ծառայությունն է, ինքս էլ ամբողջ կյանքում կծառայեմ Աստծուն»,- ասել է յոթամյա Թադեոսը, ով, տանից հեռանալով, Աստծո առաջնորդությամբ իր քայլերն ուղղել է դեպի Վիտովնիցկի վանք: Փոքրիկը հիվանդացել էր տուբերկուլյոզով և նրան բժիշկներն ընդամենը հինգ տարվա կյանք էին տվել, բայց նա վանքում ապրեց մինչև խոր ծերություն:

Զուգահեռելով ժամանակակից սրբերի կյանքը՝ բարեշնորհ սարկավագը երիտասարդների ուշադրությունը կենտրոնացրեց այն կարևոր հանգամանքի վրա, թե այսօր մարդը որքան զուր էներգիա է կորցնում, որ կարող էր օգտագործել հոգևոր կյանքի հենասյուների կառուցման համար: Եվ որքան կարևոր է քրիստոնյայի համար հնազանդությամբ և խոնարհությամբ ապրելը, քանի որ մարդն ի սկզբանե իր մեջ ունի անհնազանդության հիվանդությունը, որքան կարևոր է դժվարության մեջ ի սրտե աղոթելը՝ ընդգծեց սարկավագը և հոգևորականների կյանքի օրինակներով անդրադարձ կատարեց նաև ուշացած կամ անպատասխան աղոթքներին: Հովհաննես սարկավագն իր խոսքը եզրափակեց հետևյալ հորդորով. «Կյանքն իրականում մի մեծ դպրոց է, եթե մեր հավատքի հիմնասյունները դնենք տրամաբանության և օրենքի վրա, ապա մշտապես կդատենք, իսկ եթե՝ սիրո և խոնարհության վրա, ապա այլևս չենք դատի: Եթե մեր կյանքի յուրաքանչյուր ձախողում ընդունենք որպես խոնարհության դաս, ապա կտեսնենք, թե ինչպես կփոխվի մեր ներքին կյանքը, այլևս չենք տագնապի, չենք մռայլվի, այլ կլցվենք Աստծո սիրով, խնդությամբ, խաղաղությամբ և համբերատարությամբ»:

Թեմայի շուրջ երիտասարդները հարցեր ուղղեցին Հովհաննես սարկավագին: Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

 

 

Կարինե Սուգիկյան

18.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․