Գրքեր

Մեր մեղքով սատանային իրավունք ենք տալիս մեզ վրա իշխելու

Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք՝ գերգեսացիների երկրում (Ղուկ. 8:26-33) դևերը թույլտվություն խնդրեցին Քրիստոսից՝ խոզերի մեջ մտնելու համար, որովհետև խոզերը սատանային իրավունք չէին տվել իրենց վրա, և նա առանց թույլտվության իրավունք չուներ նրանց մեջ մտնելու: Քրիստոս թույլատրեց դա իսրայելացիներին պատժելու համար, քանի որ օրենքն արգելում էր նրանց սննդի մեջ խոզի միս գործածել:

- Հա՛յր, իսկ ոմանք ասում են, թե սատանա գոյություն չունի:

- Այո, ինձ էլ մի մարդ խորհուրդ տվեց «Սուրբ Արսեն Կապադովկիացի» գրքից հանել այն մասերը, որտեղ դիվահարների մասին է խոսվում: «Եվրոպացիները դա չեն հասկանա,- ասաց նա,- նրանք չեն հավատում, որ սատանան գոյություն ունի»: Նրանք ամեն ինչ հոգեբանությամբ են բացատրում: Եթե ավետարանական դիվահարները հոգեբույժների ձեռքն ընկնեին, ապա նրանց էլեկտրաշոկով բուժման կենթարկեին: Քրիստոս սատանային զրկել է չարիք գործելու իրավունքից: Նա կարող է չարիք գործել, եթե միայն մարդն ինքը նրան իրավունք տա: Եկեղեցու խորհուրդներին չմասնակցելով՝ մարդը բանսարկուին է տալիս այդ իրավունքները և խոցելի է դառնում դիվական ներգործության համար:

- Հա՛յր, իսկ մարդն էլ ի՞նչ կերպ կարող է սատանային այդպիսի իրավունքներ տալ:

- Տրամաբանություն*, հակաճառություն, համառություն, կամայականություն, անհնազանդություն, անամոթություն՝ սրանք բոլորը սատանայի բնորոշ գծերն են: Մարդն այնքանով է խոցելի դառնում դիվական ազդեցության համար, որքանով որ վերը նշված հատկություններն ունի իր մեջ: Սակայն երբ մարդու հոգին մաքրվում է, Սուրբ Հոգին է այնտեղ բնակվում, և մարդը լցվում է շնորհով: Եթե մարդ աղտոտի իրեն մահացու մեղքերով, ապա անմաքուր ոգին կբնակվի նրա մեջ: Եթե մեղքերը, որով իրեն աղտոտել է, մահացու չեն, ապա նա բանսարկու ոգու արտաքին ազդեցության տակ է գտնվում:

Ցավոք սրտի, մեր դարաշրջանում մարդիկ չեն ուզում իրենց կրքերն ու կամայականություններն արմատախիլ անել: Նրանք այլոց խորհուրդները չեն ընդունում: Դրանից հետո սկսում են անամոթաբար խոսել ու Աստծու շնորհը վանում են իրենցից: Հետո ուր էլ որ գնան՝ չեն հաջողում, որովհետև խոցելի են դարձել դիվական ազդեցության համար: Մարդն արդեն ինքը չէ, որովհետև սատանան է նրան դրսից կառավարում: Սատանան նրա մեջ չէ, Աստված մի արասցե: Բայց նույնիսկ դրսից կարող է կառավարել մարդուն:

Աստվածային շնորհից զրկված մարդը սատանայից էլ վատն է դառնում: Որովհետև ամեն ինչ չէ, որ սատանան է անում, այլ մարդկանց է չարին դրդում: Օրինակ՝ նա հանցագործություններ չի անում, այլ մարդկանց է դրդում: Եվ դրանից էլ մարդիկ դիվահար են դառնում:

 

* «Տրամաբանություն» ասելով՝ հայրը նկատի ունի ռացիոնալիզմը, դատողությունը:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

08.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․