Մեռելոց. դարերով լուսավորված սովորություն | Mereloc. Darerov Lusavorvats Sovorutyun



Գրքեր

Մեռելոց. դարերով լուսավորված սովորություն

Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:

Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալություն ունենալով, իմաստուն մի քայլ կատարեց: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան: Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12:43-46): Այսօր էլ Հայ եկեղեցում մեռելոցին հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Հոգեհանգստյան արարողության ժամանակ ընթերցվող այս հատվածը. «Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24), մեկ անգամ ևս վկայում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպպեցիներ 12:21): Ննջեցյալ թաղողին նմանեցնում են հողագործին: Հողագործը, երկար ժամանակ քրտնաջանորեն աշխատելով, սերմեր է հավաքում, այնուհետև, երբ գալիս է ցանելու ժամանակը, իր մեծ աշխատանքով հավաքած սերմերը գետին է նետում: Եվ ոչ միայն այս, դեռ ավելին, սերմերը հողին նետելով, նա միևնույն ժամանակ երբեմն-երբեմն հայացքը երկինք է բարձրացնում և աղոթում, որ անձրև գա և հողի մեջ փտեցնի տքնաջան աշխատանքով իր կողմից վաստակած այդ սերմերը, որպեսզի ինքը շատ ավելի մեծ շահ և արդյունք ստանա: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շատ շուտով սպառում են իրենց պաշարը և մատնվում են սովի, աղքատության և կործանման: Ահա ճիշտ այդպես էլ, երբ գալիս է մարդու երկրային կյանքի վախճանը, նրան հողին են հանձնում, որպեսզի մարդն ինքը դրանից ավելի մեծ շահ ունենա: Շահը, Պողոս առաքյալի ասածի համաձայն, այն է, որ հողին հանձնված ապականացու մարմինը, հարություն է առնելու անապակ, հոգևոր և կատարյալ (Ա Կորնթացիներ 15:53):

Հանգուցյալների հարազատների ցանկությամբ օրհնվում են նաև նրանց ննջեցյալների գերեզմանները, որով ավետում ենք Տիրոջ երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսի մասին, որ Վերջին դատաստանին լինելու է մեռելների հարություն, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին: Այցելելով շիրիմներին՝ հավատացյալ ժողովուրդը խունկ է ծխում, աղոթում հանգուցյալների հոգու հանգստության համար: Եկեղեցին, աղոթելով ննջեցյալների համար, խնդրում է, որ Տերը Վերջին դատաստանին Իր առատ ողորմությամբ ների ննջեցյալների մեղքերը և արժանացնի նրանց Երկնքի Արքայության: Իսկ այն, որ ննջեցյալներից շատերը Վերջին դատաստանին ողորմություն գտնելով թողություն պիտի ստանան իրենց այն մեղքերից, որոնց քավության համար չէին կարողացել աղերսել երկրի վրա ապրած ժամանակ, հայտնում է Սուրբ Գիրքը (Մատթեոս 12:31-32): Սակայն պարագան այլ է այն մեղավորների, որոնք անզգամ ու ամբարտավան են եղել, և այլ՝ Քրիստոսով ննջող մեղավորների համար: Աստվածաշնչում կարդում ենք. «Դրա համար ասում եմ ձեզ. մարդիկ ինչքան էլ մեղք գործեն կամ հայհոյություն անեն, Աստված պիտի ների նրանց այդ բոլորը, բայց նա չի ների նրան, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, այսինքն՝ նախատում է նրան: Ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նա չի ների նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս 12:31-32): Հիսուսի այս խոսքերը մեզ հայտնում են, թե մարդկային տկարության արդյունք եղող մեղքերը զղջումով և ապաշխարությամբ թողնվում են, սակայն կամակորությամբ և ամբարտավանությամբ Սուրբ Հոգու դեմ եղած մեղքերը ներումի չպիտի արժանանան ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում: Այս ամենով հանդերձ չպետք է մոռանալ, որ Աստծո սերն ու ողորմությունը անչափ ու անսահման են և վեր մարդկային չափանիշներից. «Մեծ է Քո ողորմությունը և երկնքից բարձր, և Քո ճշմարտությունը հասնում է ամպերին» (Սաղմոս 107:5):

Ննջեցյալների թաղման արարողությունը, ննջեցյալների համար ասված աղոթքը, հոգեհանգիստն ու գերեզմանօրհնեքը Վերջին դատաստանի և հարության հույսն են ներշնչում բոլորին և ամրապնդում այդ հույսը ու զորացնում հավատը: Մեռելոցի արարողությունը երախտագիտական ու հարգանքի արտահայտություն է ողջերի կողմից մեռելների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն և հիշվեն: Այս արարողությունը արտահայտում է թե՛ ննջեցյալների հանդեպ հարգանքը, թե՛ բոլորի հարության հույսը:

Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իրեն մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Այդ մխիթարության ակունքը գալիս է քրիստոնեական հավատից, քանի որ Աստված Ինքն է բոլորիս կյանք պարգևում. «Նա՛ է, որ բոլորին կյանք, շունչ և ամեն ինչ է տալիս: Նրանով է, որ ապրում ենք, շարժվում ենք և կանք» (Գործք Առաքելոց 17:25,28): Եվ Ինքը Տերն է «իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից» (Ա Թագավորություններ 2:6), «…ճնճղուկն անգամ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության» (Մատթեոս 10:29):

Քրիստոնեական հավատն է մեզ մխիթարում, որ մենք միմյանցից բաժանվում ենք ոչ թե հավերժ, այլ Աստծո խոսքի և օրինակի համաձայն, նորից հանդիպելու հույսով. «Ուրեմն մի՛ զարմացեք, որ ասացի ձեզ, թե կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Հովհաննես 5:28-29):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

07.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․