Գրքեր

«Մեծ են գործերը Տիրոջ»

Մեզ շրջապատող իրարանցումների և վազվզուքի մեջ երբեմն դժվար է նկատել այն հրաշալի աշխարհը, որ արարել է Աստված մեզ համար: Երբեմն դժվար է ապրել ներկայով, հիանալ արարչագործությամբ և փառաբանել Արարչին Իր պարգևների համար: Բայց հավատքի շնորհիվ մարդը հնարավորություն է ունենում տեսնելու աստվածայինը, հավատքի շնորհիվ մարդը, մաքրելով իր ֆիզիկական և հոգևոր տեսողությունը, սկսում է աշխարհը տեսնել նոր գույներով և խորությամբ: Փոխվում է նաև նրա վերաբերմունքը հրաշքի նկատմամբ, մարդը սկսում է գիտակցել, որ հրաշք է իրեն շրջապատող աշխարհը, կյանքը, ինքը մարդ էակը՝ իր ներդաշնակ և աներևակայելի բարդ կառուցվածքով:     

Արարչագործության մեջ ամեն ինչ կատարյալ է, չկա աննշան, ավելորդ կամ թերի մի բան, թեև որոշ մարդկանց համար այդ ամենը սովորական է և ոչ հրաշալի: «Մեծ են գործերը Տիրոջ, և քննված է Նրա կամքը ամեն ինչում: Փառավոր և վայելուչ են Նրա գործերը, Նրա արդարությունը կտևի հավիտյանս հավիտենից: Արդարներին նա հիշեցրեց իր հրաշագործությունները, ողորմած և գթասիրտ է Տերը»,- ասում է սաղմոսերգուն  (Սաղմոս 110:2-4):

«Աստվածային բոլոր գործերը,- Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքով,- իրենք իրենցով մեծ են, բայց դառնում են աննշան, եթե չունեն իրենց վերաբերյալ արդար մոտեցում: Երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը պարսավում է Աստծո գործերը, մի դատիր նրան իր չարությամբ հանդերձ, այլ համարիր այն մեծագույն նշանը նրա անմտության: Նման նրան, ով արևը խավար համարի, նա չի անարգում լուսատուն, այլ պարզորեն ցույց է տալիս իր սեփական կուրությունը: Կամ եթե ինչ-որ մեկը մեղրը դառը համարի, այդպես չի նվազում մեղրի քաղցրությունը, այլ ի հայտ է գալիս նրա հիվանդությունը, այդպես և աստվածային գործերը դատողը: Նրանք, ովքեր աստվածային գործերի մասին չունեն ճիշտ պատկերացում, չեն կարող տեսնել անգամ իրական հրաշքները»: 

«Հուր և կարկուտ, ձյուն և սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խոսքն եք կատարում» (Սաղմոս 148:8), նաև՝ «Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացավ պահն իր մայրամուտի: Դու խավարն ստեղծեցիր, ու գիշեր եղավ, որի մեջ շրջում են բոլոր գազաններն անտառի» (Սաղմոս 103:19-21): Ս. Հովհան Ոսկեբերանը, սույն համարները մեկնելով, նշում է, որ Աստծո կողմից արարվածները ոչ միայն կատարում են այն, ինչի համար ստեղծված են, այլ երբ Աստված կարգադրում է նրանց իրենց բնությանը հակառակ մի բան, այդ դեպքում նրանք մեծագույն հնազանդություն են ցուցաբերում: Օրինակ՝ Նա հրամայեց ծովին, և այն ոչ թե ջրասույզ արեց հրեաներին, որ հատուկ է նրան ըստ բնության, այլ տարածեց իր ալիքները, և հրեաները մտան հատակը բացված ծովի մեջ ու առաջ շարժվեցին ինչպես ցամաքով (Ելք 14:22): Բորբոքված հնոցը ոչ թե այրեց Բաբելոնում գերեվարված հրեա պատանիներին, այլ հովացնող ցող բերեց (Դանիել 3:25): Առյուծները ոչ թե հոշոտեցին Դանիել մարգարեին, այլ ծառայեցին նրան՝ որպես թիկնապահներ (Դանիել 4:22): Կետ ձուկը ոչ թե խժռեց Հովնան մարգարեին, այլ պահպանեց Նրան ամբողջությամբ (Հովնան 2): Բազմաթիվ այլ հրաշքներ կարող ենք տեսնել արարչագործության մեջ, և անմիտները, ովքեր աստվածացնում են բնությունը, պետք է համոզվեն, որ ամեն ինչ ոչ թե բնության ուժով, այլ Աստծո կամքով է հնազանդվում և ենթարկվում:

Աստծո ստեղծածն այնքան կատարյալ է, որ ուշադիր և ողջամիտ մարդկանց դեպի աստվածճանաչողության է առաջնորդում: Իրապես, Աստծո կամքը ի սկզբանե ամեն ինչ առանձնահատուկ կերպով արարեց, որպեսզի դրանք իրենց վեհությամբ, գեղեցկությամբ և ներդաշնակությամբ մարդու հոգում արթնացնեն Արարչին փնտրելու, Նրան ճանաչելու և Նրա առջև խոնարհվելու ձգտումը:   

Ս. Հովհան Ոսկեբերանը մատնանշում է, որ բնությունն ու կենդանական աշխարհը ոչ միայն աստվածճանաչողության, այլ կենցաղավարության կանոնավարության համար կյանքի մեծագույն դասեր են ավանդում: Օրինակ՝ շահամոլը, տեսնելով, թե ինչպես է օրը զիջում գիշերվան, արևը՝ լուսնին, պետք է ամաչի այս բարեկարգությունից, և եթե ինքն ավելի ուժեղ է մյուսներից, շահադիտորեն չհետամտի թույլերի ունեցվածքը: Անառակը, տեսնելով, թե ինչպես է ծովն ալեկոծվում և ափի մոտ իր ալիքները զսպում, պետք է ամաչի բարեկարգված անկանոն ջրից, շուտով թողնի իր ցանկասիրությունը, զսպի իրեն Աստծո երկյուղով և վերադառնա դեպի իմաստություն: Նայելով երկրին՝ մարդը կարող է հեշտությամբ իմաստասիրել նաև հարության մասին: Օրինակ՝ երբ տեսնում է, թե ինչպես է հողն ընդունում ցորենի կոշտ սերմերը, ինչպես է սկզբից դրանք քայքայում, փտման հասցնում, իսկ հետո աճեցնում իր ամբողջական տեսքով: Կամ թե ինչպիսին է խաղողի վազը ձմռանը՝ առանց ոստերի, տերևների և ողկույզի, այն կարծես չոր ծառ լինի, բայց գարնան գալուն պես զգեստավորվում է կանաչով, ապա՝ պտուղներով: Այդպես և մարդը, ծառերից, բույսերից և սերմերից կարող է պատկերացում կազմել հարության մասին: Իսկ միջատներից՝ մրջյունն ու մեղուն, կյանքի հետևյալ դասերն են ավանդում. մրջյունը՝ աշխատասիրության, իսկ մեղուն՝ սեր կարգ ու կանոնի և համընդհանուր կեցության հանդեպ: «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստո՛ւն եղիր նրանից ավելի, քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի» (Առակներ 6:6-8): Մեղուն նաև սովորեցնում է չհիանալ միայն մարմնական գեղեցկությամբ, երբ դրան միավորված չէ հոգեկան գեղեցկությունը և չխորշել տգեղությունից, երբ դրա ներքո գեղեցիկ հոգի է: Այդ է վկայում իմաստունը. «Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է» (Սիրաք 11:3): Քրիստոս, օրինակ բերելով թռչուններին, վայրի շուշանին, ասում է. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք» (Մատթ. 6:20), «Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում, ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել ձեզ, թերահավատներ» (Մատթ. 6:28-31): Ս. Հովհան Ոսկեբերանը տվյալ համարների վերաբերյալ մեկնաբանում է՝ եթե անբան կենդանիները չեն հոգում սննդի մասին, ապա ի՞նչ արդարացում կարող ես ունենալ դու: Կամ՝ երբ հոգաս քո հագուստի գեղեցկության մասին, հիշիր, որ ինչքան էլ ջանք  թափես, ծաղիկներին է լինելու հաղթանակը և երբեք չես կարող համեմատվել նրանց հետ, ուստի թող քո անմիտ կիրքը կամ ցանկությունը:

Այսպիսով, արարչագործությունը ոչ միայն հիացմունքի, այլև աստվածճանաչողության, առ Աստված փառաբանության և կյանքի կարևորագույն դասեր քաղելու հիանալի աղբյուր է:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

27.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․