20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Մեծ ընտանիքի աղոթքի հերթական ուղին

Եկեղեցական համայնքային կյանքին ներգրավված յուրաքանչյուր անձ դառնում է եկեղեցու մեծ ընտանիքի անդամը, իսկ եկեղեցական ընտանեկան կյանքը դառնում է յուրաքանչյուրի կյանքի անբաժանելի մասը: Մեծ ընտանիքից ներս յուրաքանչյուրը ջանում է գործել սիրո, համերաշխության և միասնակության ոգով, որն ամրապնդելու ուղիներից մեկն աղոթքի ճանապարհն է՝ ուխտագնացությունը: Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ծառայողներն ու աշխատակիցները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր:

Ուխտավորները Կարմրավոր եկեղեցում (7-րդ դար) մասնակցեցին Գիշերային ժամերգությանը, որի ընթացքում ներկաները Հայր Աստծուց խնդրեցին. «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմ. 50:17): Ժամերգության ավարտին Տեր Վահանը ուխտավորներին մաղթեց. «Թող Տերն ի կատար ածի բոլորիդ ուխտը օրվա հիշատակելի սրբերի՝ Ս. Նունեի և Ս. Մանեի բարեխոսությամբ, լուսավոր վարքով ապրող այն կույսերի, որոնք Քրիստոսի լույսով շատերի սրտերը լուսավորեցին և շարունակում են լուսավորել: Մենք էլ, իրենց լուսավոր օրինակի համաձայն, մեր կյանքով ու գործով քրիստոնեական արժեքների և լույսի կրողներն ու տարածողները լինենք»:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները միասնական աղոթքի կանգնեցին նաև Ծիրանավոր (5-րդ դար) և Սպիտակավոր (13-րդ դար) եկեղեցիներում, ապա մեծ ընտանիքի անդամները սիրո ճաշի շուրջ համախմբվեցին՝ գոհանալով Տիրոջից պարգևած բարիքների համար:

«Ուխտագնացությունը նպաստում է քրիստոնյայի հոգևոր աճին: Դեռևս դարեր առաջ եկեղեցու հայրերից Ս. Անտոն Մեծը հորդորել է՝ ասելով, որ երբ եղբայրների հետ ճանապարհ ես գնում, մի փոքր իրենցից ետ մնա, որպեսզի աղոթքի մեջ մնաս և խոսակցությամբ մտքերդ չցրվի և հոգևոր ջերմեռանդությունը չմարի: Եկեղեցու հայրերն ամենուր փնտրում էին Աստծո ներկայությունը: Ուխտագնացությամբ մենք մոտենում ենք Փրկչին, Ով ասաց, որ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6): Այս կարճ կյանքն էլ ինքնին ուխտագնացության խորհուրդն ունի. մենք ծնվում ենք ու ապրում կյանքի ընթացք և մեր բաղձալի ուխտն Աստծո Արքայությանն արժանանալն է: Յուրաքանչյուր ուխտագնացությունից հետո հարկավոր է խորհել, թե աղոթքի ճանապարհն որքանով նպաստեց հոգևոր աճին»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի անդամների հերթական աղոթքի ուղին առավել ջերմացրեց ընտանեկան ջերմ մթնոլորտը, քանի որ ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է նշում՝ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին:

Տեր Գրիգորը, կարևորելով եկեղեցական համայնքային ընտանեկան կյանքի հոգևոր աճը, սիրո մեջ ամրանալը, ասաց. «2019 թվականը Հայ եկեղեցին հռչակել է որպես ընտանիքի տարի: Ինչպես միշտ, այսօր էլ եկեղեցական համայնքային կյանքում իրագործված որևէ ծրագիր, միջոցառում կամ ուխտագնացություն նպատակուղղված է եկեղեցու համայնքային ընտանիքի ամրությանը: Ընտանիքն ամրանում է սիրո ծառայության շնորհիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս ծառայող թե աշխատակից, բոլորն էլ ծառայում են: Զինվորի անձնվիրաբար ծառայելը պատերազմի դաշտում չի զարմացնում ոչ ոքի, քանի որ այն բնական է, և զինվորներից ոչ ոք չի սպասում որևէ պարգևի: Այդպես է և եկեղեցական համայնքային կյանքից ներս, երբ համայնքի անդամները միավորվում են սիրո ծառայության շուրջ: Սիրո կրոնի հիմնադիրը՝ Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում ծառայասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ՝ ցույց տալով, որ անձնազոհությունը անհուն և անսահման սիրո արդյունք է: «Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհ. 2:6)»:

 

Կարինե Սուգիկյան

25.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․